ԳԵՎՈՐԳ Ա ԲՅՈՒՐԱԿԱՆՑԻ

ԳԵՎՈՐԳ Ա ԲՅՈՒՐԱԿԱՆՑԻ

(792-795)
 

Գեւորգ Ա Բյուրականցի կաթողիկոսը սերել է Այրարատ աշխարհի Արագածոտն գավառից, որոշ տվյալների համաձայն՝ Բյուրականից, ըստ ոմանց էլ՝ Աշտարակից կամ Օշականից: Մ. Օրմանյանը համոզված է կարծելու, որ նրա ծննդավայրը եղել է Բյուրականը, քանի որ պատմիչների մեծ մասը նրան համարում է բյուրականցի: Կաթողիկոսի մականունը եղել է Խուլորբուկ կամ Խոյլորբուկ (նաեւ՝ Հոյլորբուկ), որի հանդես գալու շարժառիթները հայտնի չեն: Թերեւս պատճառը եղել է որբությունը, ինչպես կարծում է Մ. Օրմանյանը, չնայած շատ էլ վստահ չէ դրանում: Պատմությունը հիշատակներ չի պահպանել նաեւ այն մասին, թե որտե՞ղ է ուսանել եւ ո՞ր վիճակում է եպիսկոպոսել: Պատմիչները ոչինչ չեն հայտնում նաեւ նրա գործունեության մասին՝ հավաստելով միայն, որ հովվապետել է ընդամենը երեք տարի: Նրա ժամանակներում ՀարունալՌաշիդ խալիֆը աշխատում էր կանոնավորել արաբական իշխանությունների կառավարումը նվաճված երկրներում՝ աշխատելով որքան հնարավոր է խուսափել արշավանքների ու ասպատակությունների քաղաքականությունից: