(767-775)
Սիոն Ա Բավոնեցին հայրապետական աթոռ բարձրացավ Հասանից հետո Արմինիայի ոստիկան կարգված Սուլիմանի (իմա՛ Սուլեյմանի - Բ. Հ.) պաշտոնավարության շրջանում: Մինչ այդ նա հարավային զորքերի հրամանատարն էր եւ սերտ կապեր ուներ Աղձնյաց եպիսկոպոս Սիոն Բավոնեցու հետ: Պահպանվել է մի պատմություն այն մասին, թե ինչպես Սասունում՝ Սիմ լեռան ստորոտում գտնվող Բազմաբուխ աղբյուրը ցամաքում է, որը ոռոգում էր շրջակա այգիներն ու բուրաստանները, արտերը: Դրա հետեւանքով աղբյուրից օգտվող գյուղերի բնակչությունը հայտնվում է ծանր կացության մեջ: Կատարվածը խորապես հուզում է Սուլեյմանին, որը դիմում է Սիոն եպիսկոպոսի օգնությանը, իսկ վերջինս էլ խորհուրդ է տալիս դիմել Աստծու օգնությանը: Բնակիչները, հավաքվելով ցամաքած աղբյուրի մոտ, եպիսկոպոսի գլխավորությամբ աղոթում են, իսկ Սիոնի գավազանի հարվածից հետո աղբյուրը կրկին սկսում է հորդառատ հոսել:
Անտարակույս է, որ եղածը մեծ տպավորություն է թողնում արաբ հրամանատարի վրա, որը եւ հայրապետական աթոռը Դվնում թափուր տեսնելով՝ նրան հրավիրում է աթոռակալելու: Սիոն Ա Բավոնեցին Աղձնիքի ծնունդ չէր եւ սերում էր Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի Բավոնք գյուղից, որի անունը հանդիպում է նաեւ Բավոնիք, Բզնույք եւ Բիսովնք եւ անգամ Բագվան գրությամբ: Վերջին անունը պարզապես թյուրիմացություն է: Երիտասարդ տարիներին դաստիարակվում եւ ուսանում է հայրապետանոցում՝ նշանավորվելով իր առաքինի վարքով:
Ունենալով իրեն հարգող արաբ ոստիկանի աջակցությունը՝ կաթողիկոսը ձեռնամուխ եղավ եկեղեցական բարձիթողի եղած կանոնների վերահաստատմանը: Այդ անելու համար անհրաժեշտ էր եկեղեցական ժողով գումարել, որը նա իրականացրեց իր աթոռակալության սկզբում: Ավելի ուշ հնարավոր էլ չէր, քանի որ կարճատեւ հանդարտությունը շատ չանցած խախտվեց, Հայաստանը հայտնվեց խռովությունների խառնարանում, երբ անհնար էր եկեղեցական ժողովի գումարումը: Ուստի Մաղաքիա Օրմանյանը ժողովի հավանական տարեթիվ է համարում 768 թվականը:
Դժվար է ասել, թե ինչ շարժառիթներով ժողովը գումարվեց ոչ թե Դվնում, այլ Պարտավում, որն այսպես կոչված Աղվանից Եկեղեցու՝ Հայոց Արեւելից կողմերի կաթողիկոսական աթոռանիստն էր: Ժողովին մասնակցեցին Սիոն Ա Բավոնեցին, Ոստանի Գեւորգ, Սյունյաց Սադովկ եւ Գողթանի Եսայի եպիսկոպոսները, Սահակ Բագրատունի պատրիկը, Ատրներսեհ Սյունին, Սմբատ Բագրատունին, Մեհրուժան Արծրունին, Վահրամ Խորխոռունին, Արտավազդ Աշոցյանը, Վահան Վանանդեցին, Սահակ Գողթնացին, այսպես կոչված Աղվանից կաթողիկոս Դավիթը, Վարազքուրդակ Վաչագանյանը, Վարդան Սատոնյանը, Տիրիկ Քարոնյանը եւ ուրիշներ: Ժողովին, ինչպես հավաստում է կաթողիկոսը, որոշ եպիսկոպոսներ գալ չկարողացան, ուստի նամակով դիմեցին հայոց հայրապետին հայտնելու իրենց խորհուրդները ավարտվելուց հետո: «Կանոնագիրք Հայոց»-ում Պարտավի ժողովի կանոնները դրված են Վաչագան Բարեպաշտի կանոններից առաջ, որը ժամանակագրորեն ճիշտ չէ, սակայն թերեւս ճիշտ է Մաղաքիա Օրմանյանի այն ենթադրությունը, թե Պարտավի ժողովում հիշյալ կանոնները թարմացվեցին:
Պարտավի ժողովն ընդունեց 24 կանոն: Այն եպիսկոպոսները, քորեպիսկոպոսները եւ քահանաներն ու առհասարակ հոգեւորականները, որոնք չէին հոգա ժողովրդի մասին եւ կծուլանային իրենց պարտականությունների մեջ, պետք է կարգալույծ արվեին:
Եպիսկոպոսներին արգելվում էր ուրիշ վիճակներից քահանա ձեռնադրել, բռնությամբ եկեղեցական տուգանքներ գանձել, սեղանի եւ եկեղեցու նվիրագործությունները քահանաներին հանձնել, մեռոն օրհնել կամ մեռոնի խառնուրդ պատրաստել, այլ այն ստանալ կաթողիկոսից: Մի կանոնով էլ կարգադրվում էր եկեղեցիներում վարդապետներ նշանակել եւ քարոզչությունը չդադարեցնել: Քահանաներն էլ պետք է իրենց պարտականություններն անխափան կատարեին, պատրաստեին պատարագի նշխարքը, բաժակում բավականաչափ գինի դնեին եւ այնուհետեւ գինի չխառնեին: Պետք է մկրտության ավազանը սուրբ սեղանի պես հոգատարությամբ պահվեր, բանադրվածները եկեղեցական արարողությամբ չթաղվեին, սակայն նրանց երեխաներին պետք է մկրտեին: Եթե քահանան, հեռվից գալով, չհասցներ երեխային մկրտել, ապա վերջինս պետք է թաղվեր մկրտվածների հետ: Կրոնավորներին կարգադրվում էր իրենց վանքերը չթողնել եւ վանքից վանք չթափառել: Վանքը կարելի էր թողնել միայն առաջնորդության եւ քարոզության հանձնարարությամբ: Եկեղեցական հաստատություններին հրամայվում էր վանքերի հասույթներն անխափան պահել եւ դրանք ծախսել միայն եկեղեցու առաջնորդների, հյուրերի, աղքատների եւ կարոտյալների վրա: Հասույթները հափշտակողները եւ յուրացնողները ենթարկվում էին նզովքի: Արգելվում էր հարկերը վճարելու համար վաճառել եկեղեցու ստացվածքները:
Անկելանոցներից կարող էին օգտվել նույն վիճակի մարդիկ եւ ոչ թե այլ վիճակներից եկած կամ էլ թափառական մուրացիկները: Կարգադրվում էր, որ քառասունքից, հոգոցից, ագապեից եւ այլ արարողություններից ստացված նվերները նվիրողը հանձնի եկեղեցուն եւ տաներեցներին եւ միայն ավելորդները նվիրի այլ եկեղեցիների կամ էլ կրոնավորներին ու աղքատներին: Արգելվում էր եկեղեցին փակել առանձին անձանց հանցանքի, հանդիսությունների, զվարճության կամ հարկերի հավաքման պատճառով: Այս կարգարդությունն ուղղված էր թե՛ հոգեւորականներին եւ թե՛ գեղջավագներին: Մինչեւ չորրորդ զարմը, այսինքն՝ յոթ պորտը, արգելվում էր ամուսնությունը, չէր թույլատրվում ամուսնությունը հեթանոսների հետ, որը խախտողները ենթակա էին կարգալուծման: Երկրորդ ամուսնության դեպքում պետք է պահվեր ապաշխարության կանոնը: Գերության մեջ հեթանոսների հետ պղծվածներից կամ առանց իրենց կամքի՝ հեթանոսներից պղծված կանանցից պահանջվում էր մեկ տարվա ապաշխարություն: Արգելվում էր դաշտանի մեջ գտնվողների պսակն օրհնել:
Վերջին՝ 24-րդ կանոնը Հին Կտակարանի Սուրբ Գրքերի կանոնն է տալիս, որն առաջին հայտնի կարգադրությունն է պաշտոնապես: Հիշվում են Մովսեսի Հնգամատյանը եւ բազմաթիվ այլ գրքեր: Պարտավի ցուցակի մեջ չեն հիշվում միայն 9 գիրք, որոնք նշանակությամբ երկրորդական են: Հետաքրքիրն այն է, որ դրանք չկան հրեական կամ Եզրի կանոնի մեջ, եւ ներկայումս բողոքականները դրանք սովորաբար դուրս են թողնում կանոնից: Ստացվում էր, որ Հայոց Եկեղեցին նույն վերաբերմունքն ուներ հիշյալ 9 գրքերի նկատմամբ: Սա էր պատճառ դարձել, որ լատին քարոզիչները Պարտավի կանոնը լրացրել են եւ հավելել երկրորդականները, որպեսզի Հայոց եւ բողոքական Եկեղեցու նույնատիպ մոտեցման հարցը վերանա: Չեն հիշվում նաեւ Նոր Կտակարանի գրքերը, որ մի փոքր անհասկանալի է:
Երկրի հարաբերական խաղաղությունը Պարտավի ժողովից հետո շուտով խախտվեց: Սուլեյմանը ետ կանչվեց, եւ Արմինիայի ոստիկան կարգվեց վերը հիշված Հասան ոստիկանը, որը Կահաթրայի որդին էր, եւ որի դաժան պաշտոնավարությունը ժողովուրդը լավ էր հիշում: Հայտնի չէ նաեւ Սուլեյմանի ասպարեզից հեռանալու պատճառը, չնայած Մ. Չամչյանը, մեզ անհայտ աղբյուրից օգտվելով, գրում է, թե Սուլեյմանը ոչ թե ետ էր կանչվել, այլ մահացել էր: Երկրի հարստահարության քաղաքականությունն ամբողջ ուժով կրկին կյանքի կոչվեց, ժողովրդին սկսեցին կեղեքել բոլոր հնարավոր եւ անհնարին միջոցներով: Այդ չէր կարող երկար շարունակվել, որովհետեւ մարդիկ գերադասում էին կռվի դաշտում զոհվել, քան ապրել ստրկացված վիճակում:
Ապստամբությունը սկսվեց շուտ, առաջին հայացքից՝ պատահական ձեւով: Դվինում հայտնվեց Արտավազդ Մամիկոնյանը, որն արաբներին առերես հավատարմություն ցույց տալով՝ սկսեց զինել իր ջոկատը արաբների օգնությամբ: 774 թ. գարնանը նա իր ջոկատով շարժվեց դեպի Շիրակ, եւ Կումայրի գյուղում տեսնելով, թե ինչպես են արաբ հարկահանները դաժանորեն հարկեր հավաքում, հարձակվեց նրանց վրա եւ ոչնչացրեց: Հասկանալի է, որ նա բռնագրավեց հավաքված գումարը եւ դիմեց դեպի Տայքի եւ Գուգարքի լեռները: Հասան ոստիկանն անմիջապես նրա ետեւից արաբական եւ հայկական զորամասեր ուղարկեց, որոնք գտնվում էին Մահմեդ զորավարի եւ Աշոտ կույրի ավագ որդի Սմբատ Բագրատունու հրամանատարության ներքո: Վերջինս նշանակված էր հայագունդ զորամասերի սպարապետ: Հետապնդողները հասան Արտավազդ Մամիկոնյանին Վիրքի Սամցխե գավառում, եւ վերջինս նրանց ճնշման տակ ստիպված էր անցնել Եգերաց աշխարհ, որտեղ համաձայն Ղեւոնդ պատմիչի՝ անգամ իշխանության հասավ:
Կատարվածը, հակառակ սպասվածին, որեւէ տպավորություն, էլ չենք ասում ազդեցության մասին, չթողեց արաբների վրա: Ընդհակառակը՝ Հասան ոստիկանը հարկահանությունն ուժեղացնելու նորանոր հրամաններ տվեց լոկ: Հարկային լուծը խստացավ ոչ միայն ռամիկների, այլեւ իշխանական դասի վրա: Արտավազդ Մամիկոնյանը Կումայրիի իր գործողություններով հայ ազատագրական շարժման մեջ իր դերն ավարտեց, եւ այլեւս նրա մասին պատմությունը հիշողություններ չի պահպանել: Սակայն նրա սխրագործությունը մի կողմից ցնցող եւ մյուս կողմից սթափեցնող ազդեցություն ունեցավ ժողովրդական լայն զանգվածների վրա:
Ապստամբության ձգտող զանգվածների գլուխ անցավ Մամիկոնյան տոհմից մեկ այլ իշխան՝ Հրահատի որդի Մուշեղը: Վերջինս իր մոտ ժամանած արաբ հարկահաններին սպանեց եւ ապստամբեց արաբական տիրապետության դեմ: Այնուհետեւ նա իր զորամասերով շարժվեց հյուսիս եւ ամրացավ Արտագերս անառիկ ամրոցում:
Ապստամբների 60 հոգանոց մի ջոկատ, մուտք գործելով Բագրեւանդ գավառ, սպանում է Ապումճսար հարկահանին եւ ապստամբեցնում գավառը: Նրանց դեմ ուղարկված 200 արաբ հեծյալները Խարս գյուղում գիշերը հարձակման ենթարկվեցին հայերի կողմից եւ ամբողջությամբ ոչնչացվեցին: Եղածը գուցե եւ մեծ բան չէր, սակայն համաժողովրդական ոգեւորություն առաջ բերեց: Եվ երբ ապստամբների դեմ ուղարկվեց Ապունճիպ կամ Ապունեջիբ զորավարը՝ արաբական մի մեծ զորաջոկատով, Բագավանի մոտ ստվարացած հայ ապստամբները նրան ջախջախեցին եւ արաբներին հետապնդեցին մինչեւ Արուճ գյուղը: Տպավորությունն ապշեցուցիչ էր: Դվինում հաստատված արաբները հայտնվեցին սարսափահար վիճակում:
Ժողովուրդը, որ հուսահատվել էր, սկսեց հավատով նայել ապագային: Ոտքի կանգնեց իշխանական դասը, իսկ մի մենակյաց, որին Ղեւոնդ պատմիչը կոչում է մոնոզոն, քարոզում էր ժողովրդին, թե մոտեցել է փրկության ժամը, եւ կվերականգնվի Թորգոմի տան թագավորությունը: Ապստամբներին հարեց անգամ արաբամետ Սմբատ սպարապետը, սակայն ոչ իր կամքով: Սակայն կար մեկը, որ հիանալի գիտակցում էր, որ երկիրը բավարար ուժեղ չէ ապստամբության համար, ուստի եւ ձգտում էր ապստամբությունը կասեցնել՝ ցույց տալով արաբների ռազմական մեծ ուժը: Այդ մարդը Սահակ Բագրատունու որդի Աշոտ Բագրատունին էր, սակայն շմորքի մեջ հայտնված ապստամբները նրան լսել չէին կամենում եւ անգամ կարծում էին, թե նա պարզապես դավաճան է:
Շուտով ապստամբների 5 հազարանոց մի հեծելագունդ հետեւակ աշխարհազորայինների նշանակալից ուժերով շարժվեց Կարին եւ պաշարեց այնտեղ գտնվող արաբական կայազորը: Սակայն պաշարումը ձգձգվեց, եւ ապստամբները ստիպված էին ձմեռն անցկացնել Կարնո պարիսպների մատույցներում: Ապստամբների մի զորագունդ էլ կազմավորվեց Վասպուրականում՝ Գագիկի որդի Համազասպի եւ նրա եղբայրներ Սահակի եւ Մեհրուժանի ղեկավարությամբ: Երրորդ զորագունդը ստեղծվեց Կոգովիտում՝ Վասակ Բագրատունու եւ մի քանի այլ իշխանների ջանքերով: Նրանց էին միացել Ամատունյաց եւ Տրունյաց գնդերը, որոնց կենտրոններն էին Դարույնքը, Մակուն եւ Արագեղտի ձորը:
Քիչ թե շատ ուշքի գալով կրած պարտություններից՝ արաբները սկսեցին ասպատակել Պտղունք, Թալին, Կողբ, Քաղիոն եւ Հարեն բնակավայրերը՝ կոտորելով 700 եւ գերեվարելով 1200 մարդ: Փոխադարձ կռիվներով անցավ 774/775 թթ. ձմեռը, եւ գարնանն արաբները Հայաստան ուղարկեցին 30 հազարանոց մի ընտիր զորաբանակ՝ Ամր (իմա՛ Ամար) զորավարի գլխավորությամբ: Սա, հասնելով Խլաթ, սկսեց տեղեկություններ հավաքել ապստամբների ուժի, ամրությունների եւ կենտրոնատեղիների մասին: Սահակի որդի Աշոտ Բագրատունին, որին ապստամբները չէին վստահում, բայց որը մեծ հայրենասեր էր, լուր ուղարկեց Վասակ իշխանին, թե արաբները շարժվում են դեպի Արճեշ: Աշոտ Բագրատունու սուրհանդակը հանդիպեց ապստամբներին Բերկրիում եւ նրանց հանձնեց նամակը, սակայն որպես ստախոս՝ պատժվեց: Ապստամբները շարժվեցին Արճեշ եւ հարձակման ենթարկվեցին Ամրի զորքերի կողմից: Ապստամբների մեծ մասը ջախջախվեց, հատկապես մեծ կորուստներ տվեցին հետեւակ զորամասերը, որոնց նշանակալից մասը կոտորվեց, իսկ շատերը գետավեժ եւ ծովահեղձ եղան: Հայերի կորուստները կազմեցին 1500 մարդ, որոնց թվում էին Տրունյաց տոհմից 3 եւ Ուրծացի ընտանիքից 1 իշխանազուն: Մնացած ապստամբները հալածվեցին արաբների կողմից մինչեւ Տայ գյուղը: Այդ անհաջող ճակատամարտը եղավ 775 թվականի ապրիլի 15-ին կամ հայոց տոմարով՝ հրոտից ամսի 4-ին՝ շաբաթ օրը:
Արճեշի ճակատամարտի օրերին Կարինը պաշարած հայկական զորամասերը եւ աշխարհազորայինները գրեթե մոտ էին հաջողությանը: Քաղաքում սով էր սկսվել, եւ այն պատրաստ էր անձնատուր լինելու: Սակայն Արճեշի պարտության լուրն առնելով՝ ապստամբները պաշարումը վերացրին եւ Բասենի վրայով շարժվեցին թշնամուն ընդառաջ: Բագրեւանդ գավառում՝ Արածանի գետի ափին, տեղի ունեցավ ապստամբների եւ արաբական զորաբանակների հանդիպումը: Չնայած իրենց փոքրաթիվ լինելուն՝ ապստամբները կատաղորեն հարձակվեցին արաբների վրա՝ ավելի լավ համարելով հերոսի մահով ընկնել, քան տեսնել հայրենիքի գերեզման մտնելը: Նրանք սկզբում մեծ ջարդ կազմակերպեցին, սակայն շուտով թշնամու քանակական գերակշռությունն իր սեւ գործը կատարեց: Ղեւոնդի տվյալներով՝ ապստամբներից 3000 մարդ զոհվեց, որոնց մեջ էին Սմբատ Բագրատունի սպարապետը, Սահակ Բագրատունին, Մուշեղ Մամիկոնյանը, Սամվել Մամիկոնյան սպարապետի աները, Վահան Գնունին եւ ուրիշ նախարարներ: Ճակատամարտը, որ եղավ Աղձն կոչվող վայրում, կայացավ 775 թվականի հրոտից ամսի 14-ին՝ երկուշաբթի օրը, որը Մաղաքիա Օրմանյանի հաշվարկներով համապատասխանել է ապրիլի 24-ին:
Բագրեւանդի ճակատամարտը բոլորովին սանձարձակ դարձրեց արաբներին, որոնք սկսեցին ասպատակներ սփռել բոլոր ուղղություններով, ավերել եկեղեցիները, ոչնչացնել խաչերը, տանջել եկեղեցականներին, կոտորել բնակչությանը: Հասանը մեծ պատիվների արժանանալու հույսով մեկնեց Բաղդադ, սակայն հիվանդությունից տանջվելով՝ մահացավ, եւ նրա փոխարեն Հայաստան ուղարկվեց Եզիդ ոստիկանը: Աբու-Ջաֆեր խալիֆն էլ երկար չապրեց: Մեքքա ուխտագնացության ժամանակ նա մահացավ ճանապարհին:
Ապստամբությունից շատ չանցած, իսկ չի բացառվում, որ անգամ դրա ընթացքում՝ 775 թվին, իր մահկանացուն կնքեց Հայոց կաթողիկոս Սիոն Ա Բավոնեցին: Նա, հավանաբար, ապստամբության կողմնակից չէր, եւ հնարավոր է, որ ապստամբած նախարարներն առանձնապես ականջ չէին դրել նրա հորդորներին: Դա է ապացուցում այն փաստը, որ նրա անունը բացարձակապես չի հիշատակվում ապստամբության ու կռիվների առնչությամբ: Հավանաբար երկրի ավերումն ու արաբների խժդժությունները գերեզման տարան խոհական միտք ունեցող, սառը մտածող, երկրի բարեգործությանը ձգտող Հայոց կաթողիկոսին: