(703-717)
Արաբական զորավար Օկբայի կարգադրությամբ Սահակ Գ Ձորոփորեցու մարմինը Դվնում պատվով հողին հանձնելուց հետո կաթողիկոս ընտրվեց Բզնունյաց եպիսկոպոս Եղիան, որ ծնունդով Աղիովիտ գավառի Արճեշ ավանից էր: Թե որոնք էին նրա առավելությունները, որ նրան հայրապետական իշխանության բերեցին, դժվար է ասել: Առավել հավանական է այն, որ նա արաբների հետ համագործակցության կողմնակիցներից էր, որը եւ նրան հասցրել էր կաթողիկոսական աստիճանին: Աչքի է ընկել առավելապես վարչական գործունեությամբ եւ պաշտոնավարել է, պատմիչների համաձայն, 13 կամ 14 տարի: Բացահայտ սխալ պետք է համարել նրան վերագրված 3 եւ 23 տարիների կաթողիկոսական շրջանը, իսկ 13-ի եւ 14-ի շփոթը կապված է Գ եւ Դ թվականների աղավաղման հետ: Հետեւաբար Եղիան հովվապետել է 703-ից մինչեւ 717 թվականը, չնայած Ասողիկը նրա ընտրությունը դնում է 709, իսկ Սամվել Անեցին՝ 704 թվականին:
705 թվին մեռավ Աբդուլմելիք խալիֆը, որին հաջորդեց նրա որդի Վալիդը (Վլիթ), որը գահակալեց 10 տարի: 715 թվին գահն անցավ Վալիդի եղբայր Սուլեյմանին, որը շատ չանցած՝ 717 թվին մահացավ՝ գահը թողնելով իր հորեղբորորդի Օմար Բ-ին՝ Եղիա Ա Արճիշեցու ճիշտ վերջին տարում: Հայաստանն իր մեծ մասով վերածվել էր արաբական երկրամասի, իսկ բյուզանդական գահին իրար էին հաջորդում ինքնընտիր կայսրերը՝ միմյանց սպանելով: 705 թվին գահին վերականգնվեց քիթը կտրված Հուստինիանոս Բ-ն, որին աջակցեցին խազարները: Սակայն 711-ին գահին տիրացավ Փիլիպիկոս Վարդանը, 715-ին՝ Անաստաս Բ-ն, 716-ին՝ Թեոդոս Գ-ն, իսկ 717-ին՝ Լեւոն Գ Իսավրացին, որի օրոք կայսերական իշխանությունը կայունացավ:
Հայաստանի արաբական մասում ոստիկան եղավ Մուհամմեդ իբն-Օկբան, որն իր երեքամյա իշխանության շրջանում երկիրը կառավարեց խաղաղությամբ: Երբ Հուստինիանոս Բ-ն կրկին վերահաստատվեց Բյուզանդիայի գահին, փորձեց իր իշխանությունը տարածել հայկական գավառների վրա, իսկ հայերն էլ, որոնց գլուխ կանգնած էր Սմբատ Բյուրատյանը, տեսնում էին, որ Օկբա զորավարը խեթ է նայում հայ նախարարներին՝ չնայած հաշտ գործելակերպին: Ղեւոնդի խոսքերով՝ Վալիդը կարգադրում է Օկբային ոչնչացնել հայ նախարարական տոհմերը՝ իրենց հեծելազորով, իսկ հայերն էլ, Սմբատ Բյուրատյանի առաջնորդությամբ, օգնում են բյուզանդացիներին արշավանքի ժամանակ: Սակայն Դրաշպետի (Վանանդի գավառ) ճակատամարտում բյուզանդացիներն արաբներից չարաչար պարտվեցին, իսկ Սմբատ Բյուրատյանն ու նրան աջակից նախարարները, որոնց հաջողվեց փախչել Բյուզանդիա, բնակության համար ստացան Փույթ կամ Փոթի քաղաքը:
Օկբայի վերաբերմունքը հայերի նկատմամբ կտրուկ փոխվեց: Նրա հրամանով Կասմը կամ Կաշմը (իմա՛ Քասըմ), որ Նախճավանի կառավարիչն էր, հրավերներ ուղարկեց հայոց նախարարներին՝ իբրեւ թե նրանց զորամասերը արքունի բանակի մեջ ներառելու եւ ռոճիկ վճարելու համար: Շատ նախարարներ արձագանքեցին հրավերին եւ ժամանեցին Նախճավան ու Խրամ ավան, որտեղ արաբները, նենգորեն խաբելով, նրանց զինաթափեցին եւ լցնելով հիշյալ բնակավայրերի եկեղեցիները՝ կրակի տվեցին: Հայ նախարարության ծաղիկն աննկարագրելի տանջանքներով ոչնչացվեց: Մինչեւ հրկիզելն արաբները հայերին առաջարկեցին ընդունել իսլամը եւ մերժում ստանալով՝ իրագործեցին իրենց սեւ գործը: Նախճավանում այրվածների թիվը, ըստ Ստեփանոս Օրբելյանի, 800 էր, իսկ Խրամի եկեղեցում զոհվածներինը՝ երեւի դրա կեսի չափ, այնպես որ հայ նախարարությունն ավելի քան 1200 զոհ տվեց: Մ. Օրմանյանը հայ նախարարների ողջակիզումը դնում է 707 թվին, որը թերեւս ճիշտ չէ: Ավելի հավանական է կարծել, որ այդ տեղի ունեցավ Դրաշպետի հաղթանակից հետո՝ հենց նույն 705 թվականին: Եվ, իրոք, Օկբայի իշխանությունը Հայաստանում սկսվում է ոչ թե 705 թվից, այլ 703-ից, հետեւաբար խաղաղության երեք տարիներն ավարտվում են 705-ին:
Հայ նախարարների հետապնդումների նոր ալիք սկսվեց Նախճավանի եւ Խրամի եկեղեցիներում՝ նրանց նշանակալից մասի ողջակիզումից հետո: Շատ նախարարներ բանտ նետվեցին եւ ենթարկվեցին աներեւակայելի խոշտանգումների՝ անբնական ու անհնարին տուգանքներ կորզելու նպատակով: Ովքեր էլ կարողացածի չափ վճարում էին, չէին ազատվում՝ երդման համաձայն, այլ նոր պահանջների էին ենթարկվում՝ մինչեւ լրիվ սնանկանալը: Սակայն խնդիրը դրանով չէր ավարտվում, որովհետեւ դրան հետեւում էին բռնի ուրացության փորձերը եւ կախաղանը: Այսպես վարվեցին Սմբատ Աշոտյանի, Գրիգոր եւ Կորյուն Արծրունիների, Վարազշապուհ Ամատունու ու եղբոր եւ շատ այլ նախարարների հետ, որի արդյունքում, Ղեւոնդի խոսքերով, աշխարհը զրկվեց նախարարներից: Երկիրը մնաց անառաջնորդ, որից օգտվելով՝ արաբներն ուզածի պես ավերում ու ավարում էին երկիրը, գերում ու կողոպտում եւ անապատացնում այն: Շուտով թշնամին իր զայրույթը թափեց Դվնի բնակչության վրա:
Գերիներին եւ ավարը հավաքում էին Դվնում եւ այնուհետեւ մեծ բազմությամբ տանում էին Դամասկոս: Դժվար է ասել, թե ինչն էր պատճառը, որովհետեւ պատմիչներն այդ մասին լռում են, Մուհամմեդ իբն-Օկբան Վալիդի հրամանով ետ կանչվեց, եւ նրա փոխարեն ուղարկվեց Աբդուլ-Ազիզը: Թերեւս պատճառն արաբ ոստիկանի սահման չճանաչող անգթությունն էր եւ երկիրը փաստորեն ամայացնելը, որը մի կողմից, կամա թե ակամա, ծնում էր հակաարաբական շարժում, իսկ մյուս կողմից՝ նվազեցնում երկրի հարկատվական հնարավորությունները: Այսպես թե այնպես, նոր ոստիկանը Հայաստան եկավ շինարարական եւ հաշտարարական հանձնարարականներով: Սա ոստիկան կարգվեց 706 թվականին եւ գալով Հայաստան՝ վերականգնեց Դվնի պարիսպները եւ երկրի խաղաղությունը:
Այս ժամանակներում եղավ Վահան Գողթնացու գերեվարությունը: Գողթնի Խոսրով իշխանը, որ զոհ գնաց Նախճավանի ողջակիզմանը, Վահան անունով որդի ուներ, որը գերիների հետ Դամասկոս քշվեց չորս տարեկան հասակում: Այնտեղ նա իսլամացվեց եւ ստացավ Վահաբ անունը: Ուսման մեջ առաջադիմելով՝ նա արքունիքում դիվանապետ նշանակվեց: Գերիների մեջ էր նաեւ Շուշանիկ Կամսարականը, որը Վարդանակերտի կռվի ժամանակ խնդրել էր գթալ հայ զինվորների ձեռքից ու Երասխի սառույցներից մազապուրծ եղած արաբ ռազմիկներին: Անշուշտ, հայ իշխանուհու կատարած բարեսրտությունը վաղուց մոռացվել էր, եւ նա էլ քշվել էր Արաբիա: Հայ իշխանուհին Խառան քաղաքում ենթարկվեց հատուկ բռնությունների, խիստ բանտարկության, քաղցի, ծարավի եւ անգամ խոշտանգումների, սակայն նա հրաժարվեց մահմեդականանալ եւ տանջամահ արվեց Խառանի բանտում: Շուշանիկի մահը Մաղաքիա Օրմանյանը դնում է 708 թվին, չնայած բոլոր հիմքերը կան այն թվագրելու 706-ով կամ 707-ով: Երբ նրա մահվան լուրը հասավ եղբորը՝ Գագիկ Կամսարականին, վերջինս Վարդանակերտ ավանում ավարտին էր հասցրել Վարդանակերտի հաղթանակին նվիրված ուխտի եկեղեցու շինարարությունը: Եկեղեցու նավակատիքի հանդեսին նա միացրեց նաեւ իր վկայված քրոջ տոնական հիշատակը: Շուշանիկ Կամսարականը հիշվում է Ճառընտիրների մեջ, բայց զարմանալիորեն տեղ չի գտել «Յայսմաւուրք»-ում:
Եղիայի գործունեության վերաբերյալ պատմությունը լռում է: Լինելով արաբների հետ համագործակցության կողմնակից՝ նա, ամենայն հավանականությամբ, համամիտ չեղավ Սմբատ Բյուրատյանի՝ բյուզանդացիների կողմն անցնելուն եւ անգամ նրա զորքը գլխավորելուն, սակայն հազիվ թե անտարբեր մնաց արաբների քստմնելի վարքագծի նկատմամբ: Հնարավոր է, որ նա բողոքեց Վալիդին Օկբայի անլուր հանցագործությունների համար եւ պատճառ դարձավ, որ նա ետ կանչվի, սակայն պատմությունը, ցավոք, այդ մասին տեղեկություններ չի պահպանել: Կարելի է նաեւ կարծել, որ Աբդուլ-Ազիզի հաշտարար ու խաղաղարար գործունեությունն էապես կապված էր Եղիա կաթողիկոսի՝ նոր ոստիկանի վրա ունեցած ազդեցության հետ: Ինչպես վերը նշվեց, արաբ ոստիկանը վերականգնեց Դվնի պարիսպներն առավել հզոր եւ ընդարձականիստ մեծությամբ, քան նախկինում էր: Չի բացառվում, որ Եղիայի հոգածությամբ այդ շրջանում նորոգվեցին Դվնի հայրապետանոցը եւ ուրիշ եկեղեցիներ: Պատմիչները գովեստով են խոսում Աբդուլ-Ազիզ ոստիկանի շինարարական գործունեության եւ հաշտ դիրք ունենալու մասին, սակայն այդ ամենն արվում էր առաջին հերթին արաբական տիրապետությունը Հայաստանում ուժեղացնելու համար: Արաբները Հայաստանի պես անհանգիստ երկրում քիչ թե շատ ապահով էին զգում միայն ամուր պարիսպների ետեւում, իսկ Դվինը, իրերի բերումով, վերածվել էր արաբական տիրապետության գլխավոր կենտրոնի:
Հետաքրքիր դասավորվեց Սմբատ Բյուրատյանի կյանքը, որը մե՛կ հարում էր բյուզանդացիներին, մե՛կ՝ արաբներին: Ըստ պատմիչների՝ նա ոստիկանի օգնական եղավ 20 տարի, այսինքն՝ 695-715 թթ.: Սմբատը եւ իր յուրայինները 705 թվին փախել եւ հաստատվել էին Փույթ քաղաքում, որտեղ նրանք մնացին 6 տարի: Շուտով նա հուսախաբ եղավ նաեւ բյուզանդացիներից, եւ երբ Աբդուլ-Ազիզը, նշանակվելով ոստիկան, հրովարտակ ուղարկեց հեռացած նախարարներին՝ առաջարկելով վերադառնալ իրենց տիրույթները եւ տալով երդմնագիր, իսկ Բյուզանդիայում Հուստինիանոս Բ կայսրը սպանվեց, եւ գահ բարձրացավ հայազգի Վարդան Փիլիպիկոսը, նա իր յուրայիններով վերադարձավ Հայաստանի արաբական հատվածը: Բյուզանդիայի վրա զայրացած՝ նրանք ավարի տվեցին իրենց հյուրընկալած քաղաքը, կողոպտեցին եկեղեցիների ու վանքերի գանձերը: Չկարողանալով վրեժ լուծել կատարվածի համար՝ բյուզանդացիները հայերի ապիրատության համար նզովագիր հրապարակեցին, որն ամեն տարի՝ Զատկին, կարդացվում էր բյուզնադական եկեղեցիներում: Փույթի ավերումն ու կողոպուտը դրականորեն ընկալվեց արաբ ոստիկանի կողմից, եւ Սմբատը 6-ամյա ընդմիջումից հետո, որը պատմիչ Սամվել Անեցին մտցրել է նրան վերագրված 20 տարիների պաշտոնավարության մեջ, շարունակեց վարել Հայաստանի պատրիկի պաշտոնը: Դրան, թերեւս, նպաստեցին նաեւ Եղիա կաթողիկոսի միջնորդությունն ու աջակցությունը:
Եղիա կաթողիկոսի օրոք Հայոց Արեւելից կողմերում, որոնք մտնում էին Առանի երկրամասի մեջ եւ ենթարկվում էին այսպես կոչված Աղվանից կաթողիկոսությանը, բարձրացավ քաղկեդոնականության խնդիրը: Կաթողիկոս Ներսեսը, որ նախկինում Բակուր էր անվանվում, սկսեց հակվել դեպի քաղկեդոնականությունը: Պատճառը, թերեւս, արաբների կողմից նեղվելով՝ բյուզանդական օժանդակությունը փնտրելն էր, որում նրան աջակցում էր Սպրամ անունով մի տիկին: Եղիա կաթողիկոսը երկիցս եւ երիցս նրան նամակ ուղարկեց՝ առաջարկելով ետ կանգնել մոլորությունից, սակայն թե՛ կաթողիկոսը եւ թե ՛ Սպրամ տիկինը չանսացին նրան: Տեսնելով դրա վտանգավոր հետեւանքները երկրի համար՝ Հայոց Արեւելից կողմերի նախարարները դիմեցին Եղիա հայրապետի օգնությանը: Այլ ելք չտեսնելով՝ նա դիմեց արաբական խալիֆին՝ Օմարին, թերեւս Աբդուլ-Ազիզի միջոցով, մեղադրելով կաթողիկոսին Արաբական պետության հպատակությունից դուրս գալու, բյուզանդական կայսեր կողմն անցնելու մեջ: Խալիֆի հրամանով Արմինիա ուղարկվեց հատուկ պաշտոնյա, որի կարգադրությամբ ձերբակալվեցին Ներսես կաթողիկոսն ու Սպրամ տիկինը եւ շղթայակապ ուղարկվեցին Դամասկոս: Մինչեւ Արաբիա ուղարկելը, ինչպես հավաստում է Ստ. Օրբելյանը, Ներսես կաթողիկոսն ու Սպրամ տիկինը մերկացվեցին եւ իրար կապված՝ էշի վրա պտտեցվեցին Պարտավի փողոցներում: Ներսեսը Դամասկոս հասնելուց 8 օր հետո վախճանվեց: Նրա ձերբակալության ժամանակ Եղիան գտնվում էր Հայոց Արեւելից կողմերում: Ուստի մինչեւ Դվին վերադառնալը՝ նա Պարտավում ժողով գումարեց եւ կաթողիկոս ընտրեց Սիմեոնին:
«Կանոնագիրք Հայոց»-ում պահպանվել են Սիմեոնին վերագրված կանոններ, սակայն կանոններ ընդունելու մասին մանրամասն հիշատակություններ չեն պահպանվել: Հավանաբար այս դեպքերը եղան, ինչպես ենթադրում է Մ. Օրմանյանը, 713 թվին:
Եղիայի աթոռակալության շրջանում Անանիա Շիրակացու աշակերտներից Հերմոն, Տրդատ, Ազարիա, Եզեկիել եւ Կիրակոս վարդապետներն իրենց ուսուցչի օրինակով որոշեցին հունական ուսմանց մեջ խորանալ եւ մեկնեցին Երուսաղեմ: Այստեղ նրանք հարեցին քաղկեդոնականությանը եւ Հայաստան վերադառնալով՝ փորձեցին այն պաշտպանել նաեւ հայրենիքում: Անանիա Շիրակացին դրա համար նրանց իրենից հեռացրեց, իսկ աշակերտներն էլ սկսեցին անարգել ուսուցչին՝ իբրեւ մոլորյալի: Եղիա կաթողիկոսը կտրուկ քայլեր ձեռնարկեց, եւ հիշյալ հինգ վարդապետները կա՛մ դադարեցին հետեւել քաղկեդոնականությանը, կա՛մ էլ հեռացան երկրից:
Եղիայի աթոռակալության հետագա տարիներն անցան առանց նշանակալից միջադեպերի եւ իրադարձությունների: Նա մահացավ 717 թվին: Պատմությունը նրան չի դասել նշանավոր հայրապետների շարքը, սակայն արդարությունը պահանջում է մոռացության չտալ Եկեղեցուն մատուցած նրա մեծ վաստակը: Նա ճիշտ կողմնորոշվեց հիշյալ քաղաքական իրադրության մեջ եւ դարձավ հայ-արաբական մերձեցման ջատագով եւ քիչ թե շատ տանելի վիճակ ապահովեց արաբների տիրապետության տակ ընկած Հայաստանի համար: Ոչ պակաս կարեւոր էր նրա անզիջում պայքարը քաղկեդոնականության բոլոր դրսեւորումների դեմ, որը հայ ժողովրդի համար ոչ միայն զուտ կրոնական, այլեւ քաղաքական կարեւոր նշանակություն ուներ: Նա միաժամանակ թույլ չտվեց, որ Հայաստանում ազատ գործեն Մայրագոմեցի երեւութականների եւ պավլիկյանների աղանդները, չնայած նրանց ուղղակի չհալածեց: