ԻՍՐԱՅԵԼ Ա ՕԹՄՍԵՑԻ

ԻՍՐԱՅԵԼ Ա ՕԹՄՍԵՑԻ

(667-677)
 

Անաստաս Ա Ակոռեցուց հետո կաթողիկոսական աթոռը զբաղեցրել է Իսրայել Ա Օթմսեցին, որի մասին պատմությունը, ցավոք, տեղեկություններ չի պահպանել: Մ. Օրմանյանը հակված է կարծելու, որ նա նույնանում է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի կողմից 645 թվին հրավիրված ժողովի մասնակից Վանանդի եպիսկոպոս Իսրայելին, քանի որ Օթմուսը հիշյալ գավառի գյուղերից էր: Պատմիչները նրա աթոռակալությանը տալիս են տասը տարի (Հովհաննես Դրասխանակերտցի եւ ուրիշներ), սակայն համաձայն այլ տեղեկությունների՝ նա հովվապետել է վեց տարի: Մ. Օրմանյանն իրավամբ առաջնությունը տալիս է առաջին տվյալին, որով Իսրայել Ա Օթմսեցու աթոռակալության շրջանը համապատասխանում է 667-677 թթ.: Այս տարիներին, եթե անգամ դավանաբանական խնդիրներ էլ ծագել են, ապա մեզ տեղեկություններ չեն հասել: Հստակ է, որ Բյուզանդական կայսրության ենթակայության տակ գտնվող հայկական եպիսկոպոսությունները ստիպված էին դավանական հարցերում հետեւելու Բյուզանդական եկեղեցուն, սակայն արաբական ազդեցության ներքո գտնվող Հայաստանի մեծ մասում Հայոց Առաքելական ազգային Եկեղեցին շարունակում է գործել իր ավանդույթներով:


Իսրայել Օթմսեցու հովվապետությունն ամբողջությամբ համընկավ Օմայան Մուավիա խալիֆի գահակալության շրջանին, երբ Հայաստանը, շնորհիվ Մուավիայի հետ կնքած պայմանագրի, խաղաղություն էր վայելում, իսկ արաբական գերիշխանությունը դեռեւս անվանական բնույթ ուներ: Խալիֆի իշխանությունը, ի դեմս Մուավիայի, վերածվեց, դարձավ ժառանգական, իսկ վերջինս էլ դարձավ Օմայան արքայատոհմի հիմնադիրը: Դրանով իսկ Արաբական խալիֆայությունն աշխարհիկ պետության կերպարանք ստացավ: Արաբներից եւ սլավոնական ցեղերի հարձակումներից խիստ թուլացած Բյուզանդական կայսրությունը որեւէ կերպ ի վիճակի չէր միջամտելու Արեւելյան՝ արաբական ազդեցության ներքո գտնվող Հայաստանի գործերին, իսկ Կոստաս Բ կայսրն անգամ թողել էր Կոստանդնուպոլիսը, անցել Իտալիա, որտեղ էլ, ահաբեկված լանգոբարդների հարձակումներից, ապաստանել էր Սիկիլիա կղզու Սիրակուզե քաղաքում: Իրեն շվայտության տված կայսրն այստեղ 668-ին սպանվեց իր ծառաներից մեկի՝ Անդրեասի կողմից, իսկ զորավար Մժեժ Գնունին, որ այդտեղ էր գտնվում, իրեն կայսր հռչակեց: Սակայն սպանված կայսեր որդին՝ Կոստանդին Դ Պոգոնատը կամ Մորվեղը, որ շարունակում էր գտնվել Կոստանդնուպոլսում, որպես օրինական ժառանգ, տիրացավ կայսերական իշխանությանը, իսկ Մժեժ Գնունին եւ նրա կողմնակիցները ձերբակալվեցին եւ սպանվեցին: 672 թվին արաբները հասան մինչեւ Կոստանդնուպոլսի մատույցները եւ հարձակվելով ծովից ու ցամաքից՝ յոթ տարի շարունակ փորձում էին գրավել կայսրության մայրաքաղաքը:


Այսուհանդերձ թշնամին հաջողության չհասավ, քանի որ արաբներն ամառային գրոհներից հետո՝ ցրտերն ընկնելուն պես, պաշարումը վերացնում էին եւ քաշվում Արաբիա, իսկ բյուզանդացիներն օգտագործում էին իրենց տրված դադարը, ամրացնում քաղաքի պաշտպանական կառույցները եւ կուտակում այնտեղ անհրաժեշտ քանակությամբ զինված ուժեր, զենք ու զրահ եւ պարեն: Ի վերջո բյուզանդացիները հաղթանակ տարան եւ վերադարձրին կորսված տարածքների մեծ մասը Փոքր Ասիայում: Սակայն Իսրայել Օթմսեցին մահացավ մինչեւ բյուզանդացիների տարած հաղթանակը, երբ երկիրն ընդհանուր առմամբ խաղաղություն էր վայելում Մեծ Հայքում՝ Գրիգոր Մամիկոնյանի եւ Փոքր Հայքում՝ Շապուհ իշխանի կառավարչության ներքո: Իսրայել կաթողիկոսի մահից հետո, որի թաղման տեղը հայտնի չէ, քաղաքական անդորրը խախտվեց, եւ Հայաստանը բյուզանդա-արաբական ռազմական հակամարտության թատերաբեմի վերածվեց: