(628-630)
Կոմիտաս Ա Աղցեցու մահից հետո հայրապետական աթոռը որոշ ժամանակ թափուր մնաց: Իշխանության գլուխ եկած Պարսից Կավատ Շիրո թագավորը բյուզանդացիների հետ հաշտություն կնքելուց հետո որոշեց Հայաստանի մարզպանական իշխանությունը հայի հանձնել, եւ նրա ընտրությունը կանգ առավ Սմբատ Բագրատունի Խոսրովշնումի որդու՝ Վարազտիրոցի վրա, որն ամենուրեք ջերմ ընդունելության արժանացավ Հայաստանում: Գալով հայրենիք եւ թափուր գտնելով կաթողիկոսական աթոռը՝ նա իր կարեւորագույն գործերից մեկը համարեց նոր կաթողիկոսի ընտրությունը: Հրավիրվեց եկեղեցական ժողով, եւ Թեոդորոս Ռշտունու աջակցությամբ կաթողիկոս ընտրվեց Աբրահամյան տնից Քրիստափոր անունով մի անապատական: Վերջինս, ինչպես հավաստում է Ասողիկը, Ապահունյաց գավառից էր եւ, Ստ. Օրբելյանի խոսքերով, ազնվական ծագում ուներ: Հաշվի առնելով այն իրողությունը, որ նա Ապահունիքից էր եւ ազնվական, թերեւս, կարելի է կարծել, որ Աբրահամյանները սերում էին Ապահունիների իշխանական ընտանիքից՝ լինելով նրա կրտսեր ճյուղը: Սակայն չի բացառվում, որ Աբրահամյանները Ապահունիքի մանր ազատներից էին, իսկ Քրիստափորն էլ, լինելով հանդերձ անապատական, ավելի ուշ ձեռնադրվել էր եպիսկոպոս եւ նույնական է Ապահունյաց Քրիստափոր եպիսկոպոսին, որը ստորագրել էր «Աղուանից թուղթը» Աբրահամ Աղբաթանեցի կաթողիկոսի հետ միասին: Համենայն դեպս, շատ հասկանալի է, որ մի սովորական անապատական՝ առանց մինչ այդ իրեն դրսեւորելու, կարողանար ընտրվել կաթողիկոս:
Հստակ չեն Քրիստափոր Ապահունու աթոռակալության տարիները: Պատմագիրները եւ գավազանագրքերը նրա հայրապետական շրջանը համարում են 2, 3, 4 եւ անգամ 6 տարի (Ասողիկ): Այսուհանդերձ՝ առավել հավանական թիվը, թերեւս, 3 տարին է, քանի որ 4 տարին կարող է լինել Գ եւ Դ տառերի շփոթի արդյունք, իսկ 2 տարին Սեբեոսի տեղեկության սխալ ընկալման հետեւանք է: Այդ պատճառով Մ. Օրմանյանը Քրիստափորի հայրապետության շրջանը դնում է 628-630 թթ.: Թե ինչ գործունեություն է նա ծավալել, հայտնի չէ սկզբնաղբյուրների լռության պատճառով: Պարզ է մի բան, որ նրա գործունեությունը դժգոհություն է առաջ բերել եւ հայրապետության երրորդ տարում ծնել է բամբասանքներ: Մեղադրանքների մեջ կարեւոր դեր էր խաղում նրա բնավորությունը: Սեբեոսի հաղորդմամբ՝ նա բնավորությամբ հպարտ էր, ամբարտավան եւ սուր լեզու ուներ: Այսուհանդերձ, ինչպես կարելի է դատել հայ պատմագիրների երկերից, նրան հատուկ է եղել քսությունը, ինչպես նաեւ իշխանների մեջ խռովություն գցելը: Այս ամենը պատճառ դարձան կաթողիկոսի անկման համար, որում, թերեւս, ամենավճռական դերակատարությունն ունեցավ մարզպան Վարազտիրոցը, որի կարծիքը կաթողիկոսի մասին ընդգծված բացասական էր: Ըստ երեւույթին, մարզպանի կարծիքը փոխանցվել էր Սեբեոսին, որը ոչ միայն Բագրատունյաց եպիսկոպոսն էր, այլեւ անձամբ Բագրատունի էր: Մարզպանի հրահրմամբ՝ Քրիստափորի դեմ պայքար սկսվեց, որին, ամենայն հավանականությամբ, մասնակից է եղել նաեւ Սեբեոս պատմիչը: Վերջինիս հաղորդմամբ՝ Քրիստափորն իր չարախոսություններով գժտեցրել էր Վարազտիրոցին իր եղբոր հետ: Եպիսկոպոսները եւ իշխանները քննություն սկսեցին, որի արդյունքում Քրիստափորը զրկվեց աթոռակալության իրավունքից, կարգալույծ արվեց եւ անարգանքով դուրս վտարվեց: Սակայն, Հովհաննես Դրասխանակերտցու տեղեկությամբ, Քրիստափորը, իմանալով իր դեմ հարուցված մեղադրանքի եւ իրեն կաթողիկոսությունից զրկելու որոշման մասին, կամովին հրաժարվում է կաթողիկոսությունից եւ Մասյացոտն գավառի Ուղյաց գյուղի մոտ ճգնարան ու մենաստան հիմնելով ու մենակյացներ հավաքելով՝ իրեն նվիրում է միայնակեցության: Մ. Օրմանյանը, հանգամանալից քննության առնելով սկզբնաղբյուրների նյութը, ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ Քրիստափորի դեմ վկայություններ տվողները ո՛չ Վարազտիրոցի եղբայրներն են, ո՛չ ինչ-ինչ ընտանիքներ կամ ազգականներ, այլ կաթողիկոսարանի մարդիկ, որոնք հեշտությամբ կարող էին կաշառվել մարզպանի կողմից: Կա մի ոչ պակաս կարեւոր հանգամանք եւս: Ըստ երեւույթին, եպիսկոպոսների մի մասը պաշտպանել է կաթողիկոսին, եւ Վարազտիրոցի հրահանգով շարժվող ժողովականները նրանց վտարել են եւ նոր միայն որոշում կայացրել: Սեբեոսը լռության է մատնել Քրիստափորի հետ կաթողիկոսական շրջանի մենակեցությունը՝ անուղղակիորեն վկայելով իր հակաքրիստափորյան թեւին պատկանելը եւ մեղադրանքների մի մասի սարքված լինելը:
Մ. Օրմանյանը, չնայած նյութի սակավությանը, փորձել է, այնուամենայնիվ, վեր բարձրացնել եղելությունը: Նրա կարծիքով՝ Քրիստափորը եղել է ոչ թե Վարազտիրոցի թեկնածուն, այլ Թեոդորոս Ռշտունու առաջադրյալը: Ըստ երեւույթին, Վարազտիրոցը կաթողիկոսի ընտրությունից հետո աշխատել է Քրիստափորին ծառայեցնել իր նպատակներին: Լինելով հունասեր անձնավորություն այն աստիճանի, որ մարզպանությամբ հանդերձ՝ անցավ բյուզանդացիների մոտ ծառայության, Վարազտիրոցը, թերեւս, հանդիպել է հակաբյուզանդական տրամադրություններ ունեցող Թեոդորոս Ռշտունու թեկնածուի դիմադրությանը, որը եւ մարզպանին դրդել է ազատվել նրանից եւ մի նոր հլու-հնազանդ կաթողիկոս ընտրել: Եկեղեցական ժողովը, որ հրավիրվել էր Քրիստափորին պաշտոնանկ անելու համար, երկփեղկվում է, քանի որ եպիկոպոսների մի, գուցե եւ բավականին պատկառելի մասը հակադրվում է պաշտոնանկությանը: Սակայն մարզպանը ուժային միջոցներով ազատվում է «անհնազանդ» ժողովականներից եւ իր որոշումն անցկացնում: Տեսնելով, թե ինչպես են եպիսկոպոսները վտարվում ժողովից, եւ այդ ամենի նպատակն իր պաշտոնանկության խնդիրն է, Քրիստափորը զայրացած թողնում է հայրապետական աթոռը եւ անցնում միայնակեցության:
Պարսից Կավատ Շիրո թագավորը գահակալեց ընդամենը վեց ամիս եւ մահացավ 628 թվականի վերջերին: Գահ բարձրացավ նրա յոթնամյա որդին՝ Արտաշիր: Օգտվելով ստեղծված վիճակից՝ Հերակլ կայսրը գաղտնի բանակցությունների մեջ մտավ Շահրվարազ Խոռյամի հետ՝ խոստանալով նրան օգնել գահին տիրանալու հարցում, եթե գերի տարված խաչափայտը վերադարձվի: Շահրվարազը հիանալի օգտագործեց ընձեռված հնարավորությունը, արշավեց Տիզբոն, սպանել տվեց Արտաշիրին եւ իրեն հռչակեց Պարսից արքայից արքա: Իր թագավորությանն օրինականություն հաղորդելու նպատակով նա ամուսնացավ Խոսրով Բ-ի դուստր Բորանի (նաեւ Բորանդուխտ եւ Բբոր) հետ: Սակայն երկու ամիս անց՝ 630 թ. ապրիլին, նա սպանվեց, իսկ Բորանը հռչակվեց թագուհի: Նրա խնամակալությունը ստանձնեց Խոռոխ Որմիզդ իշխանը: Բորանը, ձգտելով պահպանել բյուզանդական կայսեր բարեհաճությունն ու բարեկամությունը, խաչափայտը ետ վերադարձրեց: Պարսկաստանի քաղաքական անկայուն կացությունն էապես ազդեց Վարազտիրոց մարզպանի հայացքների վրա՝ պատճառ դառնալով, որ նա աստիճանաբար հակվի դեպի կայսրությանը:
Քրիստափորին պաշտոնանկ անելու գործողությունը, որ առաջինն էր Հայոց Եկեղեցու պատմության մեջ, հետագայում իր շարունակությունը գտավ մի քանի այլ կաթողիկոսների պաշտոնանկությամբ: Քրիստափորի միայնակեցության շրջանի վերաբերյալ տեղեկություններ չեն պահպանվել: Հայտնի չէ նաեւ նրա մահվան թվականը: Հավանաբար, մահից հետո հողին է հանձնվել իր իսկ հիմնած Ուղյաց գյուղի մենաստանում: