(539-545)
Քրիստափոր Ա Տիրառիջցի կաթողիկոսը, որ ծնվել է Այրարատի Բագրեւանդ գավառի Տիրառիճ գյուղում, հովվապետեց Սահակ Բ Ուղկեցուց հետո: Հավանաբար իր որոշակի արժանիքների համար վայելել է համընդհանուր սեր, իսկ Ասողիկի խոսքերով՝ եղել է փիլիսոփա, այսինքն՝ իմաստասեր: Թովմա Արծրունին նրա կաթողիկոսական շրջանը համարում է «պանծալի աթոռակալութիւն»՝ տեղեկություններ հաղորդելով ասորիների հետ ունեցած հարաբերությունների մասին:
Պատմագիրների եւ գավազանագրերի համաձայն՝ հովվապետել է 6 տարի, չնայած՝ այլ հեղինակներ նրան վերագրում են 5 տարի: Նրա կաթողիկոսության տարիները համընկել են պարսից Խոսրով Անուշիրվան թագավորի, բյուզանդական կայսր Հուստինիանոսի եւ մարզպան Մժեժ Գնունու իշխանության շրջանին: Պետք է ենթադրել, որ մահացել է բնական մահով: Հայկական աղբյուրները, եթե բացառենք Թովմա Արծրունու աղավաղված հիշատակությունը, լռության են մատնում նրա հայրապետության շրջանը, սակայն նոր հետազոտությունները պարզել են, որ նա կարեւոր դերակատարություն է ունեցել ոչ միայն նեստորականության դեմ մղվող պայքարում, այլեւ Սասանյան տերության մեջ Հայոց Եկեղեցու դիրքերն ամրապնդելու եւ վերջինիս՝ Պարսից պետության մեջ առաջատար Եկեղեցի դարձնելու եւ պաշտպանելու գործում:
Նրա օրոք պատերազմ բռնկվեց Պարսկաստանի եւ Բյուզանդիայի միջեւ, որի ընթացքում Խոսրով Անուշիրվանը զգալի թվով քրիստոնյա գաղթականության բերեց իր տերության սահմանները, որոնց մեծ մասը միաբնակներ էին՝ թշնամաբար տրամադրված երկաբնակներ եւ նեստորականների նկատմամբ: Օրավուր խորացող դավանաբանական վեճերի հետեւանքով՝ միաբնակների եւ երկաբնակների միջեւ վիհը մեծացել էր, քաղկեդոնական հույների հետ կապերը գրեթե խզվել էին, որին նպաստում էր նաեւ պարսից արքունիքի՝ դրան խթանիչ քաղաքականությունը: Հուստինիանոս կայսեր ջանքերը՝ կողմերը հաշտեցնելու ուղղությամբ, առանձին արդյունքներ չտվեցին: Կայսրը չեղյալ հայտարարեց Զենոնի եւ Անաստաս կայսեր հրովարտակները, փորձեց արգելել ու մերժել Թեոդորոսի եւ Թեոդորետոսի ու Իբասի գրվածքները՝ որպես նեստորականություն պարունակող գործեր, չնայած՝ դրանք Քաղկեդոնի ժողովի կողմից չէին մերժվել:
Սակայն Սեւերյանները պաշտպանություն գտան Անտիոքի պատրիարք Հակոբ Ծանծաղոսի կամ Բարադեոսի կողմից, իսկ Հուլիանյանք Գայիանոսի ընտրությամբ տիրեցին Ալեքսանդրիայի աթոռին: Այս խառնակ ժամանակներում Պարսկաստանի՝ գրեթե անտերունչ մնացած քրիստոնյաները կրկին ապավինեցին Հայոց Եկեղեցուն: Քրիստափոր կաթողիկոսը, համաձայն Թովմա Արծրունու, առանձին թղթով դիմեց Ասորեստանի եւ Խուժաստանի քրիստոնյաներին՝ զգուշացնելով նեստորականների վտանգից: Նույնանման նամակով նա դիմեց նաեւ Դերջանի եւ Խաղտիքի եպիսկոպոսներին, այլ խոսքով՝ կայսրությանը ենթակա հայերին: Նեստորականների մեծ պաշտպան՝ Մծբինի աթոռակալ Թովմաս Բարծուման, ձեռք բերելով Հայոց կաթողիկոսի նամակները, դրանք ներկայացրեց պարսից արքունիք՝ մեղադրելով Հայոց հայրապետին բնակչությանը կայսրությանը ենթարկվելու հորդորներ կարդալու մեջ, սակայն ոչ մի հաջողության չհասավ:
Տեսնելով Բարծումայի հալածանքները միաբնակների նկատմամբ՝ Քրիստափորն անձամբ ներկայացավ պարսից արքունիք եւ փորձեց ուղղափառությունն ու ուղղափառներին վերցնել իր հովանավորության ներքո: Այդ ժամանակ էլ նա ձեռնադրեց Գարմայի միտրոպոլիտ Մար-Մաթային, Բեթ-Արաբի եպիսկոպոս Ախուդեմմեին եւ շատ ուրիշների: Իհարկե, կաթողիկոսի հոգածության առարկա դարձան նաեւ Միջագետքի, Ասորեստանի եւ բուն Պարսից հողերի հայերը, որոնցից մարտիրոսների շարքն էին մտել ոմն Սարգիսը եւ մեծն Թովմասը: Նրա գործունեությունն ասորական բնակչության մեջ այնպիսի արձագանքներ էր գտել, որ նրան անգամ ասորական ծագում է վերագրվել, որն, անշուշտ, թյուրիմացության արդյունք էր: