ՄՈՒՇԵ Ա ԱՅԼԱԲԵՐՑԻ

ՄՈՒՇԵ Ա ԱՅԼԱԲԵՐՑԻ

(526-534)

526 թվին կաթողիկոսական աթոռ բարձրացավ Մուշեն, որն Այրարատի Կոտայք գավառի Այլաբերք գյուղից էր, որի անունը, ուշ ժամանակներում հնչյունափոխվելով, վերածվել էր Ալափարսի: Պատմագիրներն ու ցուցակագիրները նրան տալիս են ութամյա հովվապետություն, հետեւաբար նա մահացել է 534 թվին: Ստեփանոս Օրբելյանի տեղեկության համաձայն՝ Մուշեն ընտրել է Սյունյաց եպիսկոպոս հայր Երիցակին, որը Քաշունիք կամ Բարգյուշատ գավառի Երիցու վանք մենաստանի ճգնավորներից էր եւ աշակերտել էր Գյուտ կամ Վասակ ճգնավորին, իսկ այնուհետեւ զատվելով նրանից իր 12 ընկերների հետ՝ նոր վանք էր հիմնադրել: Թե որքանով է հավաստի այս դեպքերի թվագրումը, դժվար է ասել, որովհետեւ ժամանակագրական զանազան անհամաձայնություններ կան: Երիցակը եպիսկոպոս ձեռնադրվեց իր կամքին հակառակ եւ մեկ տարի չանցած՝ մահացավ: Նրան հաջորդեց Մակարը, որը ձեռնադրվեց, հավանաբար, նույնպես Մուշեի կողմից: Ստեփանոս Օրբելյանը հետաքրքիր տեղեկություններ է պահպանել Երիցակ եպիսկոպոսի ուսուցիչ Գյուտի կամ Վասակի վերաբերյալ: Պատերազմի ժամանակ վիրավորվում է Վասակի եղբայր Շապուհը, եւ Վասակն ուխտում է ճգնավոր դառնալ, եթե եղբայրն առողջանա: Շապուհն ապաքինվում է, իսկ Վասակը քաշվում է Բաղքի լեռները եւ իրեն նվիրում ճգնավորության: Երեք եւ կես տարի անց նա հեռանում է Երասխի ափին գտնվող Քարավազ կոչված վայրը եւ քարանձավներից մեկում ճգնում: Ճգնելու շրջանում էլ սկսում է կոչվել Գյուտ: Շուրջ տասը տարի անց այս վայրերում է հայտնվում մի թագավորազն՝ հետապնդելով մի եղջերվի: Տեսնելով, թե Գյուտն ինչպես է արջի թաթը խնամում, եւ ազդվելով մենակյացի սրբությունից՝ թագավորազն իշանավորը մկրտվում է՝ վերցնելով Քրիստոսասեր անունը: Վերջինս, անհրաժեշտ դրամ բերալով, Գյուտի հետ մեկտեղ վանք է կառուցում, որը շատ չանցած՝ ավերվում է արքայազնի հոր կողմից, իսկ ճգնավորները փրկվում են՝ մինչ այդ վանքից հեռացած լինելով: Այս իրադարձություններից հետո արքայազնի հայրը ծանր հիվանդանում է եւ որդու խորհրդով՝ բուժվելու համար վերականգնում է Քարավազի վանքը, ուր հավաքվում են 500-ի չափ ճգնավորներ, որոնցից 200-ը հաստատվում են վանքում, իսկ 300-ը՝ շրջակա քարայրներում: Հետագա հարձակումներից մեկի ժամանակ նահատակվում են 84-ամյա Գյուտը եւ Քրիստոսասերը, որոնցից առաջինը թաղվում է եկեղեցու գավթում, իսկ երկրորդը՝ եկեղեցում: