ՇԱՀԱԿ Ա ՄԱՆԱԶԿԵՐՏՑԻ

ՇԱՀԱԿ Ա ՄԱՆԱԶԿԵՐՏՑԻ

ՆՈՒՅՆ ԻՆՔԸ ՀՈՒՍԻԿ (ՍԱՀԱԿ) ԱՂԲԻԱՆՈՍՅԱՆ
(372-376)

Ներսես Ա Մեծ Պարթեւ կաթողիկոսի մահից հետո Մեծ Հայքում ուժեղ պայքար սկսվեց կաթողիկոսական աթոռի համար: Հոգեւորականության մեծ մասը առաջ էր քաշում Կյուրեղ եպիսկոպոսի թեկնածությունը, իսկ Պապ թագավորի թեկնածուն էր մեծահասակ Փավստոս եպիսկոպոսը: Երբ հռոմեական արքունիքը, հանձին Կեսարիայի միտրոպոլիտ Բարսեղ Կեսարացու, փորձեց Հայոց կաթողիկոսական աթոռ բարձրացնել Փոքր Հայքի եպիսկոպոսներից որեւէ մեկին կամ էլ Կյուրեղ եպիսկոպոսին, հայոց արքան աշխատեց հարաբերությունները կայսրության հետ չփչացնել եւ ավանդական կարգը պահելով՝ ձեռնադրության համար Կեսարիա ուղարկել իր թեկնածուին՝ Փավստոս եպիսկոպոսին: Սակայն վերջինս Բարսեղ Կեսարացու կողմից եկեղեցուց պարզապես դուրս հրավիրվեց՝ իբրեւ թե Փոքր Հայքի եպիսկոպոսների կողմից հանձնարարական նամակներ չունենալու համար: Ըստ երեւույթին, թագավորի խորհրդով Փավստոս եպիսկոպոսը մեկնեց Տիանա, որը վարչական վերակառուցման հետեւանքով 371 թվից դարձել էր նորաստեղծ Երկրորդ Կապադովկիա պրովինցիայի կենտրոնը, իսկ վերջինիս եպիսկոպոս Անթիմոսը հրաժարվել էր Բարսեղ Կեսարացու գերագահությունը ճանաչելուց եւ իրեն հռչակել էր միտրոպոլիտ: Երկու գործիչները շատ շուտ ընդհանուր լեզու գտան, եւ Անթիմոսը Փավստոս եպիսկոպոսին ձեռնադրեց Հայոց կաթողիկոս: Սակայն վերադառնալով Հայաստան՝ Փավստոս կաթողիկոսը հանդիպեց Կյուրեղի կողմնակիցների ուժգին դիմադրությանը, որոնց կարծիքով միայն Կեսարիայի միտրոպոլիտ Բարսեղ Կեսարացու կողմից ձեռնադրված եպիսկոպոսները կարող են օրինական համարվել: Երբ պայքարը Կյուրեղ եւ Փավստոս եպիսկոպոսների կողմնակիցների միջեւ թեժացավ, Պապ թագավորը դիմեց արմատական քայլի: Արքունական հատուկ հրովարտակով նա Մանազկերտի Աղբիանոս եպիսկոպոսի տոհմից Հուսիկ եպիսկոպոսին նշանակեց կաթողիկոս եւ կարգադրեց հայոց եպիսկոպոսներին, խախտելով ընդունված ավանդույթը, հավաքվել Վաղարշապատում եւ նրան ձեռնադրել եպիսկոպոսապետ: Մովսես Խորենացու հաղորդմամբ՝ հայոց թագավորը Հուսիկ եպիսկոպոսին նշանակեց՝ առանց Կեսարիայի մեծ արքեպիսկոպոսի համաձայնության: Ինչպես դժվար չէ տեսնել պատմահոր տեղեկություններից, նոր կաթողիկոսը, չնայած Գրիգոր Լուսավորչի տոհմից չէր, արժանավոր հոգեւորական էր եւ «գովությունից հեռու չէր»: Բարսեղ Կեսարացին, ահավոր զայրանալով, սյունհոդոսական ժողով գումարեց, որը ցասումնալից թուղթ գրեց Հուսիկ կաթողիկոսին եւ Պապ թագավորին՝ զրկելով կաթողիկոսին եպիսկոպոսներ ձեռնադրելու իրավունքից՝ վերապահելով նրան իրավունք միայն օրհնելու թագավորի սեղանի հացը: Եվ մի որոշ ժամանակ հայ եպիսկոպոսները ձեռնադրվելու համար ստիպված էին Կեսարիա մեկնել: Սակայն Պապ թագավորի այս քայլով Հայոց Եկեղեցին անկախացավ եւ աստիճանաբար ազգային բնույթ ձեռք բերեց, որը շրջադարձային եղավ հայ ժողովրդի պատմության համար: Փավստոս Բուզանդի բնութագրմամբ՝ Հուսիկը, որ եպիսկոպոսների մեջ ավագն էր, միայն վերեւն էր նստում եւ թագավորի սեղանն էր օրհնում, «քրիստոնյա մարդ էր, բայց չէր համարձակվում հանդիմանել որեւէ մեկին, որովհետեւ երկչոտ էր եւ համակերպվող, որովհետեւ միայն թագավորի կամքով ուներ իր պատիվը եւ լուռ ու հանդարտ էր մնում իր կյանքի բոլոր օրերում»: Հուսիկ (Սահակ) Աղբիանոսյան կաթողիկոսը հովվապետեց չորս տարի եւ իր մահկանացուն կնքեց հայոց Վարազդատ թագավորի իշխանության երկրորդ տարում: