Ս. ՆԵՐՍԵՍ Ա ՊԱՐԹԵՎ

Ս. ՆԵՐՍԵՍ Ա ՊԱՐԹԵՎ

Ս. ՆԵՐՍԵՍ Ա ՄԵԾ (ՆԵՐՍԵՍ Ա ՊԱՐԹԵՎ)
(352-372)

Ծնվել է մոտ 329 թվին Հուսիկ կաթողիկոսի որդի Ագաթագինեսի եւ արքայադուստր Բաբմիշի ընտանիքում: Փավստոս Բուզանդի հաղորդմամբ՝ նրա հայր Ագաթագինեսը եւ հորեղբայր Պապը անցել են զինվորականների կարգը, ամբողջ կյանքում սաստիկ հանդուգն են եղել, Աստծուց երկյուղ չեն ունեցել, անառակ եւ ցոփ կյանք են վարել ու արհամարհել, ծաղրել աստվածային կարգերը: Օրերից մի օր նրանք, հայտնվելով Տարոնի Աշտիշատ ավանի եկեղեցում, մտել են եպիսկոպոսանոց եւ գինարբուքի տրվել բոզերի, վարձակների, գուսանների ու կատակաբանների հետ: Կերուխումի ժամանակ երկուսն էլ զոհվել են կայծակի հարվածից, որն Աստծո պատիժ է համարվել: Ագաթագինեսի որդի Ներսեսն ստացել է փայլուն հունական կրթություն Կապադովկիայի Կեսարիա քաղաքում և հոր պես սկզբում զինվորական է դարձել: Հայոց Արշակ Բ թագավորը նրան դարձրել է արքունի սենեկապետ: Փավստոս Բուզանդի հաղորդմամբ՝ նա հաղթանդամ, բարձրահասակ, գրավիչ տղամարդ է եղել՝ աշխարհում չհանդիպող գեղեցկությամբ, տենչալի, ցանկալի, զարմանալի եւ պատկառելի է եղել բոլոր նայողների համար ու զինվորական վարժությունների մեջ նախանձելի արիությամբ է աչքի ընկել: Պատմիչը նշում է, որ նա խստիվ պահպանել է Աստծո պատվիրանները, մարդասեր է եղել, սուրբ եւ պարկեշտ, խելոք, անաչառ, իրավադատ, հեզ, քաղցր, խոնարհ, աղքատասեր, ամուսնական կյանքում օրինավոր, Աստծու սիրով կատարյալ, զինվորական աստիճանի մեջ՝ առաքինի վարքով: Նա օգնել է նեղության մեջ ընկածներին, զրկվածներին հովանավորել ու պաշտպանել:
Շահակ կաթողիկոսի մահից հետո Արշակ Բ թագավորը ժողովի է հրավիրել երկրի մեծամեծ նախարարներին, սատրապներին, իշխաններին, զորավարներին ու սահմանապահներին, գնդերի ու դրոշակների տերերին, որոնք որոշել են կաթողիկոսական աթոռ բարձրացնել Հուսիկ կաթողիկոսի թոռանը՝ Ներսեսին, որ այդ ժամանակ արքայի սիրելի սենեկապետն է եղել, ներքուստ եւ արտաքուստ նրան նվիրված ու հավատարիմ գործակալ: Ըստ Փավստոս Բուզանդի՝ նա համեստությամբ հրաժարվել է այդ բարձր պատվից եւ որպեսզի խուսափի կաթողիկոս դառնալուց, իրեն զանազան մեղքեր է վերագրել եւ անգամ հայտարարել, որ ինքը չի կարող անօրենների ու պիղծերի հովիվ դառնալ ու նրանց մեղքերը վերցնել իր վրա: Արշակ Բ արքան, որ իր քաղաքական հաշիվներն է ունեցել եւ հուսով է եղել, որ ի դեմս Ներսեսի՝ կաթողիկոսական աթոռին վստահելի ու հավատարիմ մարդ կունենա, կարգադրել է նրա գանգուր մազերը խուզել, իսկ ծերունի Փավստոս եպիսկոպոսը նրան ձեռնադրել է սարկավագ: 352 թվին, նա մարդպետության Հայր իշխանի եւ յոթ այլ մեծամեծ իշխանների ուղեկցությամբ, մեծամեծ նվերներով ու ընծաներով, թագավորական հրովարտակներով մեկնել է Կապադովկիայի կամ Գամիրքի Կեսարիա քաղաք, որտեղ միտրոպոլիտ Եվսեբիոսը նրան ձեռնադրել է Մեծ Հայքի կաթողիկոս: Այնուհետեւ մեծ պատիվներով վերադարձել է հայրենիք, որտեղ ընդառաջ գնացած Արշակ թագավորը նրան դիմավորել է պետության արեւմտյան սահմանագլխին՝ Առյուծ լեռան մոտ: Ինչպես հավաստում է Փավստոս Բուզանդը, նրա հովվապետության օրոք երկրում տիրել է խաղաղություն, իսկ ինքն իր վարքով ու գործելակերպով նմանվել է Գրիգոր Լուսավորչին՝ գործելով մեծամեծ հրաշքներ, բուժելով հիվանդներին եւ ուղիղ ճանապարհի բերելով մոլորյալներին: Ընդդիմադիրներին ու չարախոսներին անհրաժեշտության դեպքում լռեցրել է հարկադրանքով, խափանելով անօրինությունները եւ անօրենների խոսքերն ու գործերը: Համաձայն պատմահոր՝ վերադառնալով Հայաստան՝ Ներսեսն իր նախորդների հաստատած կարգերը նորոգել և ինչ բարեկարգություններ տեսել է Հռոմեական կայսրությունում (ըստ պատմիչի՝ Հունաստանում), մանավանդ թագավորանիստ Կոստանդնուպոլիս քաղաքում, սահմանել է նաեւ Մեծ Հայքի թագավորությունում:
353 թվականին Ներսեսը եկեղեցական ժողով է հրավիրել Աշտիշատ գյուղում, որի որոշումների նշանակությունը դժվար է գերագնահատել: Մշակվել են կազմակերպչական կարևոր ծրագրեր, որոնք պետք է մեծացնեին եկեղեցու ուժն ու հեղինակությունը: Հայոց Եկեղեցին իր հովանավորության տակ է առել անապատական շարժումը կամ ճգնավորությունը, որը վաղուց արդեն Ասորիքից մուտք էր գործել Հայաստան: Հունական եկեղեցու նմանությամբ՝ Աշտիշատի ժողովը նույնպես որոշակի կազմակերպչական տեսք է տվել անապատականների շարժմանը: Նրանց համար հիմնվել են վանքեր, որոնց շուրջը ձևավորվել են բազմամարդ միաբանություններ: Կին անապատականների համար բացվել են կուսանոցներ: Վանքերն ու կուսանոցները պետությունից ստացել են հողային տարածքներ՝ որպես ուտեստ:
Չնայած քրիստոնեության արդեն շուրջ կես դար պետական կրոն լինելուն՝ Մեծ Հայքում դեռեւս կենսունակ են եղել հեթանոսական սովորույթները, ուստի Եկեղեցին վերացրել է մեռելների վրա ողբալու հեթանոսական կարգը, արգելվել է մեռելուտի, այսինքն՝ լեշ ու արյուն ուտելու բարբարոսական սովորությունը: Կարգավորվել են ամուսնաընտանեկան հարաբերությունները, արգելվել մերձավորների ամուսնությունը, արյունախառնությունը, թերեւս նաեւ բազմակնությունը: Եկեղեցին կոշտ դիրքորոշում է ընդունել բարոյական ու անասնական ախտերի նկատմամբ՝ արգելելով հարբեցողությունը, սուտ երդումը, զրկողությունը, արվագիտությունը, իգությունը անասնագիտությունը եւ այլն: Եկեղեցին կրթված հոգևորականներով համալրելու համար՝ ժողովը որոշել է բացել դպրոցներ, որտեղ ուսուցումը տարվել է հունարենով եւ ասորերենով: Ցավոք, կաթողիկոսն այդպես էլ չի մտածել մայրենի լեզվով գիր ու գրականություն ստեղծելու եւ դպրոցներ հիմնելու մասին:
Կամենալով ցույց տալ եկեղեցու գթասրտությունն ու մարդասիրական սկզբունքները՝ ժողովն ուշադրություն է դարձրել հասարակական հաստատությունների վրա: Ժողովի որոշմամբ՝ անաշխատունակների համար բացվել են անկելանոցներ, աղքատանոցներ, որբանոցներ, հիվանդանոցներ, ճանապարհորդների ու օտարականների համար՝ հյուրանոցներ ու օթևաններ, մի շարք անբուժելի հիվանդություններով տառապող անձանց համար՝ ուրկանոցներ, բորոտանոցներ եւ գոդանոցներ: Հատկապես մարդասիրական է եղել վերաբերմունքը հասարակության կողմից մերժված բորոտների նկատմամբ: Ստեղծված հաստատությունների ծախսերը, ամեն ինչից դատելով, հոգացել է հիմնականում պետությունը, եւ ինչ-որ չափով՝ Եկեղեցին: Կատարված բարենորոգումների համար Եկեղեցին կաթողիկոսին պատվել է Մեծ տիտղոսով՝ ի նշան երախտագիտության:
Համաձայն Փավստոս Բուզանդի՝ կաթողիկոսն ամբողջ երկրին, հենց իրեն՝ թագավորին, մեծամեծներին եւ առհասարակ իշխանություն ունեցողներին պատվիրել է, որ գութ ունենան իրենց ծառաների, ստորադրյալների եւ աշակերտների վրա, սիրեն նրանց՝ իբրև իրենց հարազատների, ապօրինի կերպով ու չափազանց հարկերով նրանց չնեղեն՝ հիշեցնելով, որ նրանց համար երկնքում Աստված կա: Միաժամանակ ծառաներին էլ պատվիրել է հավատարիմ ու հնազանդ լինել իրենց տերերին՝ հուսադրելով, որ դրա համար վարձք կստանան Տիրոջից:
Ներսեսի վերափոխությունները մեծ հեղաշրջում են եղել Հայաստանի կյանքում, ուստի պատահական չէ, որ Փավստոս Բուզանդի հավաստմամբ՝ «Նրա նման ուրիշ մեկը երբեք չեղավ Հայոց աշխարհում»: Ժողովի որոշումների կենսագործման գործը հանձնարարվել է Կարինի Մարգք գյուղից Խադ անունով մի սարկավագի: Եղբայրանոցների ու մենաստանների վրա հսկողությունը դրվել է Շաղիտայի, Եփրեմի, Եպիփանի, Սլկունյաց Գինդ իշխանի եւ մի քանի ուրիշների վրա:
Աշտիշատի ժողովից շատ չանցած, հայ-հռոմեական խաղաղության ու միաբանության դաշինքի առիթով, Ներսես կաթողիկոսը տասը հայ մեծամեծների հետ Արշակ Բ-ի կողմից ուղարկվել է Կոստանդնուպոլիս՝ կայսեր եւ հայոց թագավորի միջեւ համաձայնության ու խաղաղության դաշինքը նորոգելու համար: Եթե հավատանք Փավստոս Բուզանդին, ապա Ներսեսը ձերբակալվել է կայսեր կողմից եւ աքսորվել ծովի անմարդաբնակ կղզիներից մեկը՝ կայսեր երեխայի մահվան պատճառով, իսկ պատվիրակության մյուս անդամները թանկարժեք նվերներով վերադարձել են Հայաստան՝ իրենց հետ հայրենիք բերելով պատանդության մեջ գտնվող Արշակ Բ արքայի եղբորորդիներ Գնելին եւ Տիրիթին: Սակայն Մովսես Խորենացու տեղեկություններից դժվար չէ տեսնել, որ Ներսեսը պատվիրակության հետ ետ է վերադարձել՝ ոչ միայն պատանդության մեջ գտնվող Արշակ Բ-ի եղբորորդիներ Գնելին եւ Տիրիթին իր հետ վերցնելով եւ բերելով կայսեր տված շքեղ ընծաները, այլեւ Հայաստան է բերել կայսեր ազգականուհիներից Ոլոմպիադա անունով կույսին՝ Արշակ արքայի հետ ամուսնացնելու համար: (Փավստոսի հաղորդմամբ՝ Ներսեսն անմարդաբնակ կղզում մնացել է ինը տարի, իսկ սբ Ներսեսի վարքի համաձայն՝ ինն ամիս: Ուստի չի բացառվում, որ Ներսեսը կարող էր ինն ամիս անց ազատվել աքսորից եւ վերադառնալ երկիր): Հայոց թագավորի եւ օրավուր ավատականացող եկեղեցու գլուխ կանգնած կաթողիկոսի միջեւ հարաբերությունները, սակայն, աստիճանաբար սառել են եւ անգամ բացահայտ հակադրության բնույթ ձեռք բերել: Դրան նպաստել է երկու հանգամանք. արքայազներ Գնելի եւ Տիրիթի վերադարձը պատանդությունից եւ Արշակավան քաղաքի կառուցումը: Երկու դեպքում էլ Ներսեսը հայտնվել է Արշակ Բ-ի հակառակորդների ճամբարում:
Հայոց արքան լավ է հասկացել, որ Գնելը եւ Տիրիթը նպատակով են ազատվել պատանդությունից ու ուղարկվել Հայաստան, որոնց Հռոմը ցանկացած պահի կարող է հայոց գահ բարձրացնել, եթե Արշակ Բ թագավորը փորձի Հռոմի համար անընդունելի քաղաքականություն վարել: Իր հերթին՝ հայոց թագավորն էլ խարդավանքների նուրբ ցանց է հյուսել, երբ այս ամենին գումարվել է Տիրիթի սերը Գնելի տիկնոջ՝ Սյունյաց իշխանադուստր Փառանձեմի նկատմամբ: Փառանձեմին տիրելու համար Տիրիթը թագավորի առաջ Գնելին մեղադրել է Արշակին սպանելու եւ նրա փոխարեն թագավորելու ծրագրերի մեջ, որ այդ նպատակով էլ նա եկել հաստատվել է Այրարատում, որտեղ ավանդական կարգի համաձայն՝ կարող էին բնակվել միայն արքան եւ թագաժառանգը: Արշակ Բ արքան հաճույքով ընդունել է Տիրիթի հարուցած մեղադրանքը եւ կարգադրել սպանել Գնելին ու չքմեղանալով՝ մեծ պատիվներով՝ նրա դին հողին հանձնել արքունի Զարիշատ քաղաքում: Սակայն գահի ավելի վտանգավոր թեկնածու է եղել Տիրիթը, որը քանի դեռ Արշակ Բ արքան ժառանգ չի ունեցել, համարվել է գահի օրինական ժառանգորդը, ուստի, երբ Տիրիթը Գնելի այրու՝ Փառանձեմի հետ ամուսնանալու թույլտվություն է խնդրել թագավորից, վերջինս, իբրեւ թե նոր հասկանալով, որ Տիրիթն անմեղ տեղը բանսարկել է Գնելին, կարգադրել է մահապատժի ենթարկել նրան եւ շատ չանցած՝ ամուսնացել Գնելի այրու հետ, որը ծնել է Պապ թագաժառանգին: Կաթողիկոսը Գնելի մահվան համար անիծել է թագավորին, եւ եթե հավատանք Փավստոս Բուզանդին, կանխագուշակելով Արշակունիների անկումը՝ հայտարարել. «Դուք՝ Արշակունիներդ, կխմեք վերջին բաժակը, կխմեք, կհարբեք ու կկործանվեք եւ այլեւս չեք կանգնի»: Այս դեպքերից հետո կաթողիկոսը թագավորին լքել է եւ այլեւս նրա բանակը չի վերադարձել:
Արշակ Բ-ի եւ կաթողիկոսի հարաբերություններն էլ ավելի են սրվել, երբ թագավորը, կամենալով մեղմել երկրում օրավուր խորացող հասարակական (սոցիալական) դժգոհությունը, որոշել է Մասիս լեռան թիկունքում՝ Կոգովիտ կոչվող գավառում, կառուցել մի նոր քաղաք, որը նրա անունով կոչվել է Արշակավան: Թագավորի նպատակը պարզ էր: Շահագործումից դժգոհ տարրերին թույլատրելով գալ եւ հաստատվել Արշակավանում՝ նա ոչ միայն կամեցել է թուլացնել հասարակական լարվածությունը, այլեւ տնտեսապես հարվածել արքունիքին ընդդիմացող նախարարությանը: Թագավորական հրովարտակով՝ Արշակավանում հաստատվողների վրա դատական օրենքը չի գործել (Խորենացի), իսկ Փավստոս Բուզանդի խոսքերով՝ հրովարտակում ասվել է. «Եթե մեկը մեկին պարտք է, եթե մեկը ուրիշին մի բանով վնասել է, թող բոլորը գան այդ դաստակերտը եւ ապահով կլինեն: Եթե մեկը (ուրիշի) արյուն է թափել, մեկին վնասել է, կինը տարել է, կամ պարտապան է, կամ մեկի գույքը գրավել է, կամ որեւէ մեկից երկյուղ ունի, թող գա այնտեղ, նրա դեմ դատ ու պահանջ չի լինի: Եվ եթե մեկը մեկին մի բան պարտք է, եւ պարտատերը այդ տեղը գա (պահանջելու), նրան առանց դատի ու արդարադատության բռնեն եւ դուրս հանեն»: Պատմիչների հավաստմամբ՝ Արշակավանում հավաքվել են բոլոր գողերը, ավազակները, արյունապարտները, մարդասպանները, ստախոսները, խաբեբաները, վնասարարները, գանձագողերը, զրկողները, դատի մեջ ստողները, զրպարտողները, կողոպտողները, հափշտակողները, ժլատները, ուրիշների կանանց փախցնողները, կնաթողները, տերերի գանձերը հափշտակողները, որի հետեւանքով երկիրը թալանվել է եւ ավերվել: Որ Արշակավանում կարող էին ամեն տեսակի հանցագործներ հայտնվել, կասկածից վեր է, սակայն ճշմարտություն է նաեւ, որ եկածների մեծ մասը ավատատիրական շահագործումից դժգոհ տարրեր են եղել: Թագավորի այս քաղաքականության դեմ խիստ թշնամական դիրք է գրավել ոչ միայն նախարարությունը, այլեւ Եկեղեցին, որի կարծիքով՝ խախտվել է ավատատիրական սրբագործված կարգը: Ներսես Մեծի տեղապահ Խադը հրաժարվել է քաղաքի նոր կառուցված եկեղեցու սեղանն օծելուց, իսկ կաթողիկոսը թագավորից պահանջել է քաղաքը քանդել, պարտադրել բնակիչներին, որոնց թիվը, ըստ Փավստոս Բուզանդի, 20 հազար ընտանիքի է հասել, վերադառնալ իրենց տեղերը եւ վերադարձնել իրենց պարտքերը: Հասկանալի է, որ թագավորը մերժել է կաթողիկոսի պահանջը, եւ նախարարները, ստանալով կաթողիկոսի համաձայնությունը, Ներսեհ Կամսարականի գլխավորությամբ հարձակվել են Արշակավանի վրա եւ այն հիմնովին կործանել: Մովսես Խորենացու խոսքերով՝ նրանք կոտորել են տղամարդկանց եւ կանանց, բացի ծծկեր երեխաներից, որովհետեւ նրանցից յուրաքանչյուրը կատաղած է եղել իր ծառաների եւ հանցավորների դեմ: Կաթողիկոսն Արշակավանում հայտնվել է կոտորածից հետո եւ կարգադրել՝ կենդանի մնացած երեխաներին քթոցներով տանել մի գոմ եւ նրանց սնուցիչներ ու սնունդ է նշանակել:
Արշակ Բ թագավորն արքունի զորքերով եւ իրեն ենթակա վրաց Միրյան թագավորի զորամասերով փորձել է Արշակավանի կործանման համար վրեժ լուծել նախարարներից, որոնք Ներսեհ Կամսարականի գլխավորությամբ համառ դիմադրություն են ցույց տվել: Թագավորի դեմ հանդես են եկել թե՛ հռոմեական կայսրը եւ թե՛ պարսից արքայից արքան, ուստի նա դիմել է Ներսես կաթողիկոսի միջնորդական օգնությանը: Վերջինիս միջնորդության հետեւանքով խաղաղություն է հաստատվել՝ պայմանով, որ թագավորն այնուհետեւ արդարությամբ վարվի իրենց հետ, իսկ իրենք էլ հավատարմությամբ ծառայեն նրան: Թագավորի համար հաշտությունը լոկ ժամանակ շահելու միջոց է եղել: Համախմբելով իր ուժերը՝ նա դաժան դատաստան է տեսել նախարարներից շատերի հետ՝ կոտորելով նրանց զգալի մասին, իսկ Կամսարականների տոհմը բնաջինջ արել՝ տիրելով նրանց Արտագերս ամրոցին եւ Երվանդաշատ քաղաքին: Պատահականորեն փրկվել է միայն Արշավիրի որդի Սպանդարատը, որն իր Շավարշ եւ Գազավոն որդիների հետ փախել է կայսրություն: Այս ամենի հետեւանքով թագավորի եւ կաթողիկոսի փոխհարաբերությունները վերջնականապես խզվել են: Դատելով սկզբնաղբյուրների տվյալներից՝ Ներսեսը ստիպված հեռացել է ակտիվ քաղաքական կյանքից: Չի բացառվում, որ նա, երկիրը թողնելով, գնացել է հռոմեական կայսրություն, իսկ թագավորը կարգադրել է կաթողիկոս ձեռնադրել ոմն Չունակի, որի ձեռնադրությունը կատարել են մայրաքաղաք եկած միայն Աղձնիքի եւ Կորդուքի եպիսկոպոսները: Չունակը կաթողիկոսական աթոռին նստել է հավանաբար 359 թվից մինչեւ 367 թիվը, սակայն հոգեւորականությունը նրա աթոռակալության օրինականությունը չի ընդունել, եւ նա այդպես էլ տեղ չի գտել հայ կաթողիկոսների պաշտոնական ցանկում: Հասկանալի է, որ Արշակ Բ-ի ձերբակալությամբ էլ նրա կաթողիկոսության շրջանն ավարտվել է:
Ներսես Մեծի կաթողիկոսության հաջորդ շրջանը կապված է Արշակ Բ-ի որդի Պապի գահակալության հետ: Կրկին իր ձեռքը վերցնելով հայրապետական իշխանությունը՝ նա եւ սպարապետ Վասակ Մամիկոնյանի որդի Մուշեղ Մամիկոնյանը դիմել են հռոմեական կայսր Վաղեսին՝ խնդրելով Մեծ Հայքի թագավոր ճանաչել Պապին եւ օգնել նրան հաստատվելու իր թագավորությունում: Կաթողիկոսական աթոռին վերահաստատված Ներսես Մեծը վերականգնել է քրիստոնեական կարգերը, վերանորոգել եկեղեցիները, վերականգնել աղքատանոցներն ու մյուս բարեգործական հաստատությունները: Նրա հրամանով ոչնչացվել են զրադաշտական ատրուշաններն ու մոգերի դպրոցները: Ներսես Մեծը մասնակցել է Ձիրավի ճակատամարտին՝ աղոթելով հայոց բանակի հաղթանակի համար, եւ փորձ է արել կարգավորել երիտասարդ արքայի եւ սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի միջեւ օրեցօր վատթարացող հարաբերությունները: Կաթողիկոսն ամեն ինչ արել է իր ազդեցության տակ պահելու Պապ թագավորին՝ օգտագործելով անգամ որոշ նախարարների կենտրոնախույս ձգտումները: Թագավորն էլ, կամենալով թուլացնել եկեղեցու տնտեսական եւ քաղաքական օրավուր աճող հզորությունը եւ միաժամանակ երկիրը դուրս բերել քայքայվածության ճիրաններից, ձեռնամուխ է եղել վերափոխությունների, որոնք առաջին հերթին շոշափել են եկեղեցու շահերը: Հոր դառը փորձը հասկացրել է Պապին, որ նախարարության իրավունքները սահմանափակելու ճանապարհով երկիրն այդ վիճակից դուրս բերելը հղի է ծանր եւ անկանխատեսելի հետեւանքներով՝ չհաշված, որ միշտ կարող են միջամտել հարեւան երկրները, ուստի նա որոշել է գոնե սկզբում շարժվել այլ ճանապարհով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատերազմի հետեւանքով բնակչությունը էապես պակասել է, նա կարգադրել է փակել կուսանոցները, իսկ կույսերին՝ ամուսնանալ եւ ընտանիք կազմել: Թագավորը կրճատել է վանականների թիվը, փակել միաբանությունները, իսկ տղամարդկանց՝ պետական ծառայության վերցրել: Նրա հրամանով փակվել են բարեգործական տարբեր հաստատություններ եւ մասնավորապես աղքատանոցները, ուր ծաղկելիս են եղել ձրիակերությունն ու ծուլությունը: Կամենալով վարձատրել իր զինվորներին՝ Պապ թագավորը Տրդատ Գ-ի կողմից եկեղեցուն հատկացրած յոթ-յոթ բաժին հողակտորներից, որոնց արդյունքով ապրում էին ոչ միայն եկեղեցու սպասավորները, այլեւ նրանց ազգականները, հինգը հարքունիս է գրավել եւ բաժանել զինվորներին՝ որպես ուտեստ: Համապատասխանաբար կրճատվել է եկեղեցական պաշտոնյաների թիվը: Գյուղացիության վիճակը թեթեւացնելու նպատակով՝ նա վերացրել է եկեղեցուն տրվող պտղի եւ տասանորդ հարկերը:
Անշուշտ, հոգեւորականությունը սվիններով է ընդունել Պապի որդեգրած քաղաքականությունը: Մասնավորապես Ներսես Մեծը մշտապես հանդիմանել է նրան՝ մեղադրելով ձեռնարկած քայլերի մեջ, խրատելով ետ կանգնել կորստաբեր գործերից ու ապաշխարել: Դեպքերի հանգուցալուծումը տեղի է ունեցել շատ անակնկալ ձեւով: Պապը, որի ծրագրերի մեջ չի մտել կաթողիկոսի հետ հարաբերությունները փչացնելը, նրան հրավիրել է Եկեղյաց գավառի Խախ ավանում գտնվող իր ապարանքը՝ փորձելով հաշտության եզրեր գտնել նրա հետ: Սակայն Ներսես Մեծը, որ հիվանդ էր, հյուրասիրությունից վերադառնալով՝ վախճանվել է՝ բարակախտավորների նման բերանից արյունահոսելով: Հոգեւորականությունը պատմություններ է տարածել, թե կաթողիկոսը հյուրասիրության ժամանակ թունավորվել է Պապ թագավորի կողմից: Իրականում կաթողիկոսը մահացել է, ինչպես եզրակացրել են մասնագետները նրա հիվանդության նկարագրությունից, թոքերի հիվանդությունից, որը նա ձեռք էր բերել դեռեւս Կեսարիայում սովորելիս:
Կաթողիկոսի մարմինը մեծ պատիվներով հողին է հանձնվել իր տոհմական Թիլ ավանում: Փավստոսի տեղեկությամբ՝ սրբին հուղարկավորել են սաղմոսներով, օրհնություններով, վառված կանթեղներով, հանդիսավոր պաշտամունքով եւ շատ հիշատակություններով: Եվ մինչ սրբի մարմինը թաղված չի եղել, Թիլ է ժամանել նաեւ Պապը, մարմինը պատել եւ մարտիրոսական թանգարանում թաղել:
Ներսեսի մահից հետո կաթողիկոսական աթոռի երկու թեկնածու է հայտնվել՝ եպիսկոպոսներ Կյուրեղը եւ Փավստոսը: Վերջինս թագավորի թեկնածուն է եղել: Կեսարիայի միտրոպոլիտ Բարսեղ Կեսարացին, պաշտպանելով Կյուրեղի թեկնածությունը, հակառակ թագավորի կամքի, հրաժարվել է կաթողիկոս ձեռնադրել Փավստոս եպիսկոպոսին: Կամենալով մեկընդմիշտ վերջ տալ կայսրության միջամտությանը հայոց եկեղեցու ներքին գործերին՝ Պապը հրաժարվել է երկու թեկնածուից էլ եւ կաթողիկոսական աթոռ բարձրացրել Աղբիանոսյան տոհմից Հուսիկին: Վերջինս ձեռնադրվելու համար այլեւս Կեսարիա չի ուղարկվել: Թագավորի կարգադրությամբ՝ նրան ձեռնադրել են Մեծ Հայքի եպիսկոպոսները:
Այս անգամ հայ հոգեւորականությունը, հակառակ Արշակ Բ-ի կողմից Չունակին կաթողիկոսացնելու ժամանակների, մեծագույն ըմբռնումով է մոտեցել թագավորի դարակազմիկ ձեռնարկմանը, որի հետեւանքով Հայոց Եկեղեցին անկախացել է եւ աստիճանաբար վերածվել ազգային եկեղեցու: