ՇԱՀԱԿ Ա ԱՂԲԻԱՆՈՍՅԱՆ

ՇԱՀԱԿ Ա ԱՂԲԻԱՆՈՍՅԱՆ

(351-352)

Շահակ Աղբիանոսյանը կաթողիկոսական աթոռ է բարձրացել Փառեն կամ Փառներսեհ կաթողիկոսի մահից հետո: Փավստոս Բուզանդի հավաստմամբ՝ ընտրությունը կանգ է առել նրա վրա, որովհետեւ Գրիգոր Լուսավորչի տոհմից այդ պաշտոնին արժանի ոչ ոք չկար: Ընդունված ավանդույթի համաձայն՝ նա մարդպետության իշխանի, Գարդմանաձորի եւ էլի տասը նախարարների ուղեկցությամբ հանդիսավորությամբ մեկնել է գամրաց աշխարհի կամ Կապադովկիայի Կեսարիա քաղաք, որտեղ ձեռնադրվել է Մեծ Հայքի կաթողիկոս եւ պատիվներով վերադարձել հայրենիք: Պատմիչի խոսքերով՝ նա իր վարքով նմանվել է Փառենին եւ վերջինիս օրինակով էլ առաջնորդել աշխարհը: Փավստոս Բուզանդի տեղեկությամբ՝ «Որոնց որ նա հովվում էր, չէին լսում նրա ճշմարիտ խորհուրդները, այլ հանդիմանվելիս էլ բացեիբաց ու համարձակ գործում էին իրենց մեղքերը, առանց վախի կատարում էին ամեն տեսակ չարիքներ՝ մոռանալով (Տիրոջը) և Նրա պատվիրանները ՝ առհասարակ՝ թագավորը, նախարարներն ու իշխանները»: Նշված պայմաններում աստիճանաբար գլուխ է բարձրացրել հեթանոսությունը: Շահակ կաթողիկոսը մահացել է, հավանաբար, հայոց Արշակ Բ թագավորի իշխանության երրորդ տարում: Ամեն ինչից դատելով՝ պատմահայրը, շփոթելով Պապի կողմից կաթողիկոս կարգված Հուսիկ Աղբիանոսյանին Շահակ Աղբիանոսյանի հետ, նրանց նույնացրել է եւ վերջինիս գործունեությունը տեղափոխել Պապի գահակալության տարիները, եթե, իհարկե, Հուսիկ Աղբիանոսյանը չի ունեցել երկրորդ՝ Շահակ կամ Սահակ անունը: