Ս. ՀՈՒՍԻԿ Ա ՊԱՐԹԵՎ

Ս. ՀՈՒՍԻԿ Ա ՊԱՐԹԵՎ

(341-347)

Տիրան թագավորի իշխանության չորրորդ տարում կաթողիկոսական աթոռ է բարձրացել Հուսիկ Ա Պարթևը, որն ուսումնասիրողների կարծիքով ծնվել է շուրջ 295 թվականին եւ դաստիարակվել Խոսրով Կոտակի որդու՝ Տիրանի պալատում: Տիրանն իր դստերը դեռ 12 տարեկան հասակում՝ հավանաբար 307 թվին, կնության է տվել Հուսիկին: Սրանք ունեցել են երկու որդի՝ Պապ եւ Աթանագինես անուններով, որոնք հրաժարվել են հոգևոր ծառայությունից եւ իրենց կամքով զինվորականների կարգը մտել՝ ամուսնանալով թագավորի քույրերի հետ: Պապը, որի կնոջ անունը Վարազդուխտ էր, անժառանգ է մահացել, իսկ Աթանագինեսը, որի կնոջ անունը Բամբիշ էր՝ ունեցել է Ներսես անունով մի որդի, որը հետագայում քահանայապետ է դարձել: Փավստոս Բուզանդի խոսքերով՝ Հուսիկն անտես է արել թագավորի սերը, նրանից գտած պատիվն ու մեծարանքը կամ թագավորի հետ ունեցած փեսայական բարեկամությունը. այս բոլորը նա ուրացել, նրանցից հրաժարվել է՝ համարելով իր համար օտար, գարշելի եւ խաբեություն: Նա առհասարակ ամեն աշխարհիկ բան ոչինչ է համարել, գերադասել է միայն Քրիստոսին ծառայել, որն իր համար փառք է համարել: Հոր՝ Վրթանես կաթողիկոսի մահից հետո, Տիրանի թագավորության երրորդ տարում, Հուսիկը թագավորի կողմից նշանակվել է կաթողիկոս եւ ընդունված կարգի համաձայն՝ Վաղարշ մեծ հազարապետի եւ հայոց տասնմեկ մեծամեծ այլ իշխանների ուղեկցությամբ մեկնել Կապադովկիայի կամ Գամիրքի Կեսարիա մայրաքաղաք՝ ձեռնադրվելու: Վերադառնալով հայրենիք՝ նա ջերմորեն ընդունվել է Տիրան թագավորի կողմից, որը նրան դիմավորել է Տափերի կամրջի մերձակայքում եւ տանելով Արտաշատ մայրաքաղաքի եկեղեցի՝ բազմեցրել հայրապետական աթոռին:
Փավստոս Բուզանդի խոսքերով՝ նա հովվել է Քրիստոսի բանավոր հոտը և խրատել Ավետարանի պատգամներով: Սակայն Տիրան թագավորը և մյուս ավագ նախարարներն ու ամբողջ երկիրն ամենևին չեն վարվել Աստծու կամքով: Մանավանդ թագավորն ու առավելապես իշխաններն սպանություններ են անխտիր գործել, զուր տեղն անմեղ արյուն թափել եւ ուրիշ շատ մեղքեր գործել: Կաթողիկոսը նրանց խիստ պատուհասել է անօրինության, պոռնկության, արվագիտության, արյունահեղության, զրկողության, հափշտակության, աղքատեցության ու սրանց նման ուրիշ շատ մեղքերի համար, թշնամի է դարձել բոլոր նրանց, ովքեր օրենքից դուրս են եկել: Իրականությունն այն է եղել, որ արքունիքը, խիստ անհանգստացած քրիստոնեական եկեղեցու տնտեսական հզորացումից եւ օրավուր ավատականացումից՝ ձգտել է վիճակը հավասարակշռել հեթանոսության աշխուժացմամբ: Ըստ էության՝ արքունիքը չի աջակցել հեթանոսությանը, սակայն չի էլ խանգարել հեթանոսության վերակենդանացմանը, որի պատճառով եկեղեցական կղերի շրջանում Տիրան թագավորն ուրացողի համբավ է ձեռք բերել: Թագավորի եւ կաթողիկոսի հարաբերությունները հետզհետե լարվել են այն աստիճանի, որ Հուսիկ կաթողիկոսը Մեծ Ծոփք գավառի Բնաբեղ բերդում արգելել է Տիրան արքային մեծամեծ իշխանների հետ եկեղեցի մտնել՝ ասելով. «Արժանի չես, ինչո՞ւ ես եկել. ներս մի՛ գա: Խիստ զայրացած Տիրան թագավորը կարգադրել է կաթողիկոսին ծեծել հենց եկեղեցու մեջ, նա բրածեծ եղած, ջախջախված, խոշտանգված ու կիսամահ թողնվել է եկեղեցու հատակին: Եկեղեցու սպասավորները նրա մարմինը տարել են Դարանաղյաց գավառի Թորդան գյուղ, որտեղ նա շատ չանցած վախճանվել է եւ հողին հանձնվել Գրիգոր Լուսավորչի շիրմի հարեւանությամբ՝ աթոռակալելով, ըստ պատմահոր, վեց տարի: Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» - ում Հուսիկի աթոռակալության շրջանը դրվում է հռոմեական Հուլիանոս Ուրացող կայսեր իշխանության ժամանակներում, որը բացառվում է: Պատահական չէ, որ Փավստոս Բուզանդին ոչինչ հայտնի չէր Հուլիանոսի եւ Տիրան թագավորի ինչ-ինչ կապերի մասին:
Շուտով Հուսիկ կաթողիկոսի ճակատագրին է արժանացել կաթողիկոսության թեկնածու՝ ազգությամբ ասորի քորեպիսկոպոս Դանիելը: Սա եղել է Գրիգոր Լուսավորչի աշակերտը եւ նրա կողմից նշանակվել է Տարոնի նահանգի եկեղեցիների, որոնք կազմում էին հայոց առաջին կաթողիկոսի սեպհական իշխանությունը՝ վերակացու եւ գլխավոր, ինչպես նաեւ այդ կողմի դատավորական իշխանության գործակալ: Թագավորի եւ քորեպիսկոպոս Դանիելի հանդիպումը տեղի է ունեցել Աղձնյաց գավառի Բառաէջ ավանում: Փորձելով ճիշտ ճանապարհի բերել Տիրան արքային՝ նա վերջինիս բացահայտ մեղադրել է կռապաշտության մեջ՝ ասելով. «Ինչո՞ւ դուք մոռացաք ձեր արարիչ Աստծուն, Նրա՝ ձեզ ցույց տված գութը, հրաշքները եւ խրատները, որ կատարեց ձեր հայրերի ու ձեր հանդեպ, իսկ դուք էլ դարձաք ձեր նախնիների մոլար կռապաշտության՝ ատելության, ագահության, զրկողության, աղքատներին հարստահարելու, պոռնկության, նենգության, միմյանց զրկելու, սպանությունների»: Դանիելը թագավորին մեղադրել է նաեւ կաթողիկոսին սպանելու մեջ: Պատասխանը չի հապաղել: Որքան էլ մեծամեծ նախարարները փորձել են թագավորին հետ պահել Դանիելին պատժելուց, Տիրանի հրամանով նրա պարանոցը պարան գցելով՝ խեղդամահ են արել: Եկեղեցու սպասավորները նրա դին բերել են Տարոն եւ թաղել Հացյաց դրախտ կոչված վայրում: