Ս. ՎՐԹԱՆԵՍ Ա ՊԱՐԹԵՎ

Ս. ՎՐԹԱՆԵՍ Ա ՊԱՐԹԵՎ

(332-342)

Գրիգոր Ա Լուսավորչի անդրանիկ որդին է: Ծնվել է մոտ 285 թ.-ին՝ Կապադովկիայի Կեսարիա քաղաքում: Մոր՝ Մարիամի եւ Արիստակես եղբոր վանք մտնելուց հետո մնացել է դայակների խնամակալության ներքո եւ չափահաս դառնալով՝ մտել աշխարհիկների կարգը, դարձել զինվորական, ամուսնացել: Հավանաբար Մեծ Հայք է վերադարձել քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո՝ իր Արիստակես եղբոր հետ, որը Նիկիայի ժողովից շատ չանցած՝ դարձել է հոր փոխանորդը եւ այնուհետեւ՝ կաթողիկոս: Արիստակեսի սպանությունից հետո ժառանգել է կաթողիկոսական աթոռը: Մովսես Խորենացին նրա կաթողիկոսության սկիզբը դրել է հայոց Տրդատ Գ թագավորի 54-րդ տարուց այս կողմ՝ ի տարբերություն Փավստոս Բուզանդի, որի հաղորդմամբ Վրթանեսը աթոռակալել է հայոց Խոսրով Կոտակ թագավորի գահ բարձրանալուց անմիջապես հետո: Սկզբնաղբյուրների համադրությունը ցույց է տալիս, որ նա, ամենայն հավանականությամբ, կաթողիկոս է կարգվել Տրդատ Գ-ի վերջին օրերին, եւ այդ պատճառով էլ նրա աթոռակալության սկիզբը գրեթե համընկել է Խոսրով Կոտակի գահ բարձրանալուն: Տրդատ Գ-ի վախճանվելու ժամանակ նա գտնվել է Տարոնի՝ հայոց մեծ ու առաջին մայր եկեղեցում՝ սուրբ Հովհաննեսի վկայարանում:
Հավանաբար օգտվելով արքայի մահից՝ մոտակա լեռան բնակիչները՝ շուրջ 2000 մարդ, որոնք գաղտնի պաշտել են հեթանոսությունը, փորձել են նրան սպանել: Դավադիրները մասամբ խրախուսվել են թագուհու կողմից, որին Փավստոսի համաձայն՝ Վրթանեսը հանդիմանել է անբարո վարքի պատճառով: Նրանք հասել եւ պաշարել են Աշտիշատի եկեղեցու մեծ պարիսպը, երբ կաթողիկոսը եկեղեցում պատարագ է մատուցել: Դավադրությունը մեզ անհայտ պատճառներով տապալվել է, եւ դավադիրները, որոնց պատմիչը համարել է հեթանոս քրմերի սերունդներ, խոստովանել են, որ եկել էին նրան սպանելու՝ Հայոց մեծ տիկնոջ հրամանից համարձակություն գտնելով: Այնուհետեւ 2000-ի չափ դավադիրները եւ նրանց ընտանիքները մկրտվել են կաթողիկոսի կողմից: Տրդատ Գ-ի մահից հետո Գրիգոր Լուսավորչի թոռը՝ Վրթանեսի որդին՝ Գրիգորիս եպիսկոպոսը, որ քրիստոնեությունը քարոզելու համար գնացել էր մազքթաց թագավորություն, Սանեսան թագավորի հրամանով սպանվել է Կասպից ծովի ափին՝ Վատնյան դաշտում: Տեղ-տեղ ապստամբություններ են սկսվել: Ուստի հայոց նախարարները, Վրթանես կաթողիկոսի գլխավորությամբ, Ծոփքի Մար եւ Հաշտենից Գագ իշխաններին ուղարկել են Կոստանդնուպոլիս՝ Կոստանդիանոս (Կոստանդին) կայսեր որդու՝ Կոստանդոսի մոտ՝ խնդրելով օգնել Խոսրով Կոտակին թագավորեցնելու գործում: Կոստանդոս կայսրը Հայաստան է ուղարկել Անտիոքոս զորավարին՝ հռոմեական զորքերով, որոնք հայոց հյուսիսային եւ արեւմտյան գնդերով, որոնց հրամանատարներն էին Գուգարաց բդեշխ Միհրանը եւ Բագարատ ասպետը, պաշարել են Փայտակարան քաղաքը, որի կուսակալ նշանակված Սանատրուկը ապստամբել էր հայոց թագավորի դեմ: Պառակտիչների իշխանությունը ենթարկվել է ավարառության:
Անդրադառնալով Խոսրով Կոտակի թագավորության եւ Վրթանեսի հովվապետության տարիներին՝ Փավստոս Բուզանդը գրել է, որ երկրում աճել ու բազմացել են խաղաղությունը եւ շենությունը, մարդաշատությունը եւ առողջությունը, պտղաբերությունը, առատությունը եւ գործի հաջողությունը, աստվածային մեծ պաշտամունքը եւ աստվածահաճո բարի բարքը: Իսկ Վրթանեսը, իր հոր եւ եղբոր նման, հայերին լուսավորել է ու առաջնորդել, որի շնորհիվ ծաղկել են իրավունքն ու արդարությունը: Վրթանեսը պաշտպանել է Խոսրով Կոտակի թագավորական իշխանության ուժեղացման քաղաքականությունը, որի արդյունքում ոչնչացվել են Մանավազյան, Օրդունի եւ Բզնունի նախարարական տները եւ Աղձնիքի բդեշխությունը: Դրանց տիրույթները միացվել են մասամբ արքունի ոստանին եւ մնացած մասով վերածվել են եկեղեցական հողերի՝ տրվելով Աղբիանոս եպիսկոպոսին եւ Բասենի եպիսկոպոսին:
333 թ. Մեծ Հայք են ներխուժել մազքթաց Սանեսան թագավորի զորքերը, որոնք գրեթե մեկ տարի ասպատակել էին երկիրը՝ ծավալվելով Սատաղ փոքր քաղաքից մինչեւ Գանձակ քաղաքը՝ Ատրպատականի սահմաններում: Թագավորը եւ Վրթանես կաթողիկոսը ստիպված են եղել ամրանալ Կոգովիտ գավառի Դարույնք բերդում, մինչեւ որ սպարապետ Վաչե Մամիկոնյանը թշնամուն ջախջախել է Օշականի ճակատամարտում: Պարսկական արշավանքների շրջանում, երբ ռազմի դաշտում ընկել է սպարապետ Վաչե Մամիկոնյանը, իսկ շատ չանցած՝ մահացել Խոսրով Կոտակ արքան, Վրթանես կաթողիկոսն իր շուրջն է հավաքել երկրի նախարարներին եւ ռազմական ուժերը, երկրի իշխանությունը հանձնել Արշավիր Կամսարականին՝ իբրեւ թագավորից հետո առաջին պատվավոր անձի, իսկ ինքը, վերցնելով թագաժառանգ Տիրանին, գնացել է կայսեր մոտ, որը (Կոստանդոսը) նրան գահ է բարձրացրել եւ Հայաստան ուղարկել Վրթանեսի հետ միասին: Այդ ընթացքում Մեծ Հայք ներխուժած պարսկական զորքերը Մռուղ կոչված դաշտում ջախջախվել են Արշավիր Կամսարականի զորքերի կողմից: Վրթանեսը վախճանվել է Տիրանի թագավորության երրորդ տարում: Նրա մարմինը տարել են Դարանաղյաց գավառի Թորդան գյուղը եւ հողին հանձնել Գրիգոր մեծ հայրապետի շիրմի հարեւանությամբ: