ՎԱԶԳԵՆ Ա ՊԱԼՃՅԱՆ

ՎԱԶԳԵՆ Ա ՊԱԼՃՅԱՆ

Ամենայն Հայոց կաթողիկոս 1955-ից: Հաջորդել է Գևորգ Զ Չորեքչյանին:

Ծնվել է 1908-ի սեպտեմբերի 20-ին Բուխարեստում (Ռումինիա), մահացել 1994-ի օգոստոսի 18-ին Երևանում: Ամփոփվել է Մայր Տաճարի բակում:

Ծնվել է Ռոդոստայից Բուխա֊ րեստ փոխադրված Աբրահամ և Սիրանույշ Պալճյանների ընտանիքում: Որպես ավազանի անուն նրան տրվել է Լևոն-Կարապետ անունը: Նախնական կրթությունն ստացել է Օդեսայի Արմեն Շիտանյանի հայ֊ կական նախակրթարանում (1917-1919), ապա Բուխարեստի Միսաք֊ յան-Քեսիմյան ազգային վարժարանում (1919-1924): Այնուհետև չորս տարի հաճախել է գերմանական դպրոց, ուսումը շարունակել Բուխարեստի առևտրական բարձրագույն ուսումնարանում:

Հայերենի մեջ խորանալուն նպաստել է ՀԲԸՄ սկաուտական կազմակերպությանը անդամակցելը, իսկ գրաբար ուսումնասիրել է նշանավոր հայագետ Հակոբ Սիրունիի օգնությամբ: 1931-ին ընդունվել և 1936-ին փայլուն առաջադիմությամբ ավարտել է Բուխարեստի համալսարանի փիլիսոփայության և գրականության ֆակուլտետը: Այստեղ «որակյալ և իրապես գիտնական ռումինացի դասախոսների» ղեկավարությամբ խորապես ուսումնասիրել է ընկերային գիտություններ՝ իմաստասիրություն, հոգեբանություն, մանկավարժություն, տիրապետել ռումիներեն, գերմաներեն, ֆրանսերեն և այլ լեզուների:

1937-ին ավարտել է նաև նույն համալսարանի գործնական մանկավարժության ֆակուլտետը: Այստեղ պաշտպանելով «Կարգապահության հարցը մանկավարժության մեջ» ավարտաճառը՝ ստացել է մանկավարժի որակավորում: Հետագայում (1943-1944) կարիք ու առիթ է ունեցել նույն համալսարանում խորանալու աստվածաբանության մեջ: 1929-1943-ներին դասավանդել է Բուխարեստի հայկական դպրոցներում: Թղթակցել է «Մարտկոց» (Փարիզ), «Հայ մամուլ» (Բուխարեստ) պարբերականներին:

1937-ի հունիսին Բուխարեստում հիմնադրել և հրատարակել է «Հերկ» ամսագիրը (1937-1938): Այստեղ տպագրված քառասունից ավելի հոդվածներով ու հրապարակումներով Լ. Կ. Պալճյանը քննարկել է իմաստասիրական, ազգային-հասա֊ րակական, քաղաքական, կրոնական, ընկերային բազում խնդիրներ: 1930-ական և հաջորդ տարիների Սփյուռքի անհեռանկար իրականության մեջ աշխատել է արթուն պահել հայրենակիցների ոգին, հույս ու հավատ ներշնչել հայ ժողովրդի ու նրա ապագայի նկատմամբ, շեշտել, որ երիտասարդ սերնդի հենարանը Հայրենիքը պիտի լինի՝ անկախ կուսակցությունից ու հասարակական կարգից. դա է ազգապահպանության միակ ճշմարիտ ճանապարհը: Հայա֊ պահպանության, սերունդների հայեցի դաստիարակության, հայոց պատմության կարևորագույն հանգրվանների այլևայլ հիմնախնդիրներ են արծարծված նրա «Անձնավորության գաղափարի մասին. մտածումներ» (1939), «Մուսա լերան հայերը Ֆրանց Վերֆելի վեպին մեջ» (1940), «Խրիմյան Հայրիկ որպես դաստիարակ» (1943), «Սուրբ Գրիգոր Նարեկացի» (1955) ուսումնասիրությունները, «Խոսք Հայրենիքի մասին» հրապարակային ելույթների, քարոզների ժողովածուն (1945): Մի քանի հրատարակություն է ունեցել Հայոց Ս. Պատարագի՝ նրա մեկնողական գողտրիկ աշխատանքը: Գրել է նաև ճանապարհորդական նոթեր, ուր պատմական վիճակագրական տեղեկություններ է հաղորդում ռումինահայ և բուլղարահայ համայնքների վերաբերյալ, պատմում հայաստանյան ճանապարհորդություններից ստացած տպավորությունները: Այս գործերը երևան են բերում համակողմանիորեն զարգացած երիտասարդ մտավորականի բազմակողմանի հմտությունները, հոգեբանական, մանկավարժական գիտելիքները, գեղագիտական նուրբ ճաշակը, արժեքները միջազգային չափանիշներով քննելու և գնահատելու կարողությունը: Լ.Կ. Պալճյանը անդամակցել է Ռումինիայում գտնվող հայ ռազմագերիներին օգնող կոմիտեին (1942-1944):

1943-ի սեպտեմբերի 30-ին Աթենքում Հունաստանի թեմի առաջնորդ Կարապետ արքեպս. Մազլմյանի ձեռամբ Կարապետ Պալճյանը օծվել է կուսակրոն քահանա՝ Տեր Վազգեն անունով: Նույն թվականի նոյեմբերի 28-ին Սուչավայի Ս. Հաճկատար վանքում մատուցել է իր առաջին Պատարագը: Նա ստանձնել է ռումինահայ թեմի առաջնորդական տեղապահի (1943-1947), այնուհետև առաջնորդի (1947-1955) պաշտոնները, իսկ փոքր անց, 1954-ի դեկտեմբերին՝ նաև բուլղարահայ թեմի առաջնորդի պարտականությունները: 1945-ին Մայր Աթոռում մասնակցել է կաթողիկոսական ընտրություններին: 1948–ին նա ստացել է ծայրագույն վարդապետական աստիճան, իսկ 1951–ի հուլիսի 3–ին Գևորգ Զ Չորեքչյանի ձեռամբ օծվել եպիսկոպոս: 1954–ին ընտրվել է Ս. էջմիածնի Գերագույն հոգևոր խորհրդի անդամ:

1955–ի սեպտեմբերի 30–ին Ազգային–եկեղեցական ժողովը Ս. էջմիածնում ձայների բացարձակ մեծամասնությամբ Վազգեն եպիսկոպոս Պալճյանին ընտրել է Ամենայն Հայոց կաթողիկոս:

Վազգեն Ա Պալճյանը մեծ ավանդ ունի Հայ եկեղեցու միասնության հաստատման, միջեկեղեցական հարաբերությունների ընդլայնման ասպարեզներում: Նրա ջանքերով Հայ եկեղեցին դարձել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի և Եվրոպական եկեղեցիների համաժողովի անդամ:

Լինելով միջեկեղեցական՝ էկումենիկ շարժման առաջամարտիկներից մեկը՝ Վազգեն Ա Պալճյանը կարծում էր, որ այն, իր հիմնական նպատակներից զատ, սերտորեն առնչվում է մարդկությանը հուզող բոլոր հարցերին՝ ինչպես խաղաղության պաշտպանությունը, ժողովուրդների խաղաղ գոյակցությունը՝ անկախ դավանանքից և այլ պարագաներից: Քույր եկեղեցիների համագործակցությունից ոչ պակաս կարևոր էր համարում Հայ առաքելական եկեղեցու վերամիավորումը: Ազգիս «դաստիարակներից ու գրչի մարդկանցից» նա ակնկալում էր «մեր բաժանյալ հոտի մարմինը հոգեպես միավորել, պահելու, ի մի ձուլելու զայն մեր սրբություն սրբոց Ս. էջմիածնի և Մայր Հայրենիքի սիրո կրակով»:

Վազգեն Ա Պալճյանի կարևորագույն գործերից էր ազգային արժեքների պահպանությունը, ձեռագիր մատյանների, կերպարվեստի, կիրառական արվեստի գլուխգործոցների, աշխարհասփյուռ մեծատաղանդ գործիչների, արվեստագետների հայրենադարձը: Վազգեն Ա Պալճյանի շնորհիվ փրկվել և Մաշտոցյան Մատենադարանին են հանձնվել «Վեհափառի» և «Տիրամոր» անվանված Ավետարանները, Թորոս Ռոսլխ նի ծաղկած «Զեյթունի Ավետարանը», «Մալաթիայի Ավետարանը» և բազմաթիվ այլ ձեռագրեր: Նրան էր վիճակված բազմաթիվ հանգած եկեղեցիների ու վանքերի վերազարթնեցումը. նորոգեց ու բարեզարդեց Վաղարշապատի վանքերը, Օշականի Ս. Մեսրոպ, Երևանի Ս. Սարգիս, Ս. Գևորգ, Ս. Զորավար, Վարդենիսի Ս. Աստվածածին, Բջնիի, Եղեգնաձորի, Սիսիանի, Հրազդանի, Շիրակի և այլ վայրերի եկեղեցիները:

Վազգեն Ա Պալճյանի նախաձեռնությամբ են ստեղծվել բազմաթիվ նոր հոգևոր կենտրոններ և թեմեր՝ Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայրապետական պատվիրակությունը (1958), Ավստրալիայի և Նոր Զելանդիայի (1968), Անգլիայի (1974), Կանադայի, Արգենտինայի, Բրազիլիայի և Ուրուգվայի (բոլորը՝ 1984–ին) թեմերը: Նրան վիճակված էր, ի վերջո, վերահաստատել Արցախի (1989) և վերաբացել Սյունիքի ու Գուգարքի թեմերը: Բազմիցս Արցախը Մայր Հայրենիքին վերամիավորելու խնդրով դիմել է ԽՍՀՄ ղեկավարությանը, միջազգային և խորհր դային ատյաններում ներկայացրել և պաշտպանել Դարաբաղյան հարցը:

Վազգեն Ա Պալճյանն օրհնել է Հայաստանի Հանրապետության ծնունդը (21 սեպտեմբերի 1991)։ Կարևոր ավանդ է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման գործում։

Վազգեն Ա Պալճյանի հոգևոր-եկեղեցական և գիտամշակութային վաստակը գնահատվել է ըստ արժանվույն։ Նա արժանացել է Ռումինիայի Հանրապետության «Ոսկե աստղ» շքանշանի (1952), Խաղաղության համաշխարհային խորհրդի Ժոլիո Կյուրիի անվ. մեդալի (1962), Խաղաղության պաշտպանության խորհրդային կոմիտեի ոսկե մեդալի (1968), Խորհրդային Միության «Պատվո նշան» (1968) և «ժողովուրդների բարեկամություն» (1978) շքանշանների։ Նա առաջինն է ար ժանացել Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի բարձրագույն կոչմանն ու Հայրենիքի շքանշանին (29 հուլիսի 1994)։ 1991–ին ընտրվել է ՀՀ ԳԱ ակադեմիայի պատվավոր անդամ։

Կաթողիկոսական գահին Վազգեն Ա Պալճյանին հաջորդել է Գարեգին Ա Սարգիսյանը։