ԳԵՎՈՐԳ Զ ՉՈՐԵՔՉՅԱՆ

ԳԵՎՈՐԳ Զ ՉՈՐԵՔՉՅԱՆ

(1945-1954)

Ամենայն Հայոց կաթողիկս 1945-ից: Հաջորդել է Խորեն Ա Մուրադբեկյանին:

Ծնվել է 1869–ի նոյեմբերի 2–ին, Նոր Նախիջևանում: Մահացել է 1954-ի մայիսի 9–ին էջմիածնում, աճյունն ամփոփվել է Մայր Տաճարի բակում:

Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի ծխական դպրոցում, ապա սովորել Նոր Նախիջևանի հոգևոր սեմինարիայում։ 1879-ին ընդունվել և 1889-ին բարձր առաջադիմությամբ ավարտել է Գևորգյան ճեմարանը։ Եղել է ճեմարանի առաջին երեք սաներից, որ ձեռնադրվել է սարկավագ և ուխտել ծառայել Հայ եկեղեցուն։ 1889–ին մեկնել է Գերմանիա՝ բարձրագույն կրթություն ստանալու։

Սովորել է Լայպցիգի կոնսերվատորիայում, միաժամանակ հետևել տեղի համալսարանի աստվածաբանության և փիլիսոփայության ֆակուլտետների դասընթացներին (1889-1894)։

էջմիածին վերադառնալուց հետո նշանակվել է Գևորգյան ճեմարանի երաժշտություն և Հայ եկեղեցու պատմություն առարկաների դասախոս, միաժամանակ ղեկավարել ճեմարանի երգչախումբը։ 1895-ից ծառայել է Նոր Նախիջևանի Ս. Խաչ վանքում, տարբեր առարկաներ դասավանդել հոգևոր սեմինարիայում։

1913-ի հունիսի 20-ին ձեռնադրվել է աբեղա, քիչ անց ստացել նաև վարդապետական չորս աստիճանները և նշանակվել Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի առաջնորդական փոխանորդ, դասավանդել է թեմական և քաղաքի հայկական մյուս դպրոցներում: Նրա ջանքերով է, որ Նոր Նախիջևանի հայկական դպրոցները դուրս են բերվել լուսավորության նախարարության ցանկից և դրվել թեմական իշխանությունների ենթակայության ներքո, իսկ հայոց լեզու և կրոն առարկաները ճանաչվել են պարտադիր թեմի շրջանակներում գտնվող հայկական բոլոր դպրոցների համար: Իր հայրենասիրական գործունեության համար ցարական իշխանությունների կողմից պարբերաբար ենթարկվել է հալածանքների: Լայն մասնակցություն է ունեցել Մեծ եղեռնից փրկված գաղթականությանը օգնելու ձեռնարկներին, եղել «Եղբայրական օգնության» կոմիտեի անդամ, ապա՝ նախագահ (1916):

1916–ին Գևորգ Չորեքչյանը հրավիրվել է Մայր Աթոռ, նշանակվել Սինոդի անդամ: 1917–ին նրան շնորհվել է եպիսկոպոսի աստիճան. վարել է վանական խորհրդի նախագահի և Մայր Տաճարի լուսարարապետի պաշտոնները: Նա հետևողական ջանքերով Մայր Աթոռի մատենադարանում ու թանգարանում հավաքել են Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներից փրկված հայկական ձեռագրեր, արխիվային և թանգարանային արժեքներ: Վարել է եկեղեցական բարձր պաշտոններ, եղել Վիրահայոց թեմի առաջնորդ (1922-1927): Այդ տարիներին հետևողական պայքար է մղել համայնավար իշխանությունների կողմից ստեղծված «Ազատ եկեղեցի» կոչված կազմակերպության դեմ, փորձել անաղարտ պահել Հայ Առաքելական եկեղեցին զանազան աղանդավորական հոսանքներից: 1927-ին ընտրվել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ: Խորեն Ա Մուրադբեկյանի եղերական սպանությունից հետո՝ մինչև 1941-ը, ղեկավարել է Հայ եկեղեցու գործերը: Նախաձեռնել և 1941-ի ապրիլին էջմիածնում հրավիրել է Ազգային-եկեղեցական ժողով, որտեղ միաձայն ընտրվել է կաթողիկոսական տեղապահ: 1945-ի հունիսի 19-ից 22-ը Ս. էջմիածնում հրավիրված Ազգային-եկեղեցական ժողովի կողմից ընտրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նրա նախաձեռնությամբ սփյուռքահայության նվիրատվություններով ստեղծվել են «Սասունցի Դավիթ» և «Գեներալ Բաղրամյան» տանկային շարասյուները: Գևորգ Զ Չորեքչյանը զգալի ավանդ ունի Մայր Հայրենիքի և սփյուռքահայության կապերի ամրապնդման բնագավառում:

Գնահատելի է հատկապես նրա դերը տարագիր հայության հայրենադարձության կազմակերպման (1946-1948), ինչպես նաև Սփյուռքի եկեղեցական և ազգային միասնության ապահովման գործում: Նրա 0- րոք վերազարթոնք են ապրել ԽՍՀՄ տարածքում գործող հայոց եկեղեցական թեմերը, իրավունք է ստացել հրատարակելու «էջմիածին» ամսագիրը, վերաբացել է էջմիածնի հոգևոր ճեմարանը, տպարանը, կարողացել է վերադարձնել գրադարանի մի մասը, վանքապատկան շենքերից մի քանիսը, Ս. Գեղարդավանքը, Ս. Հռիփսիմե և Խոր վիրապի վանքերը: Նշանակալից դեր է խաղացել Հայկական հարցի վերստին բարձրացման ուղղությամբ: 1945-ի ապրիլին Կրեմլում Խորհրդային երկրի առաջնորդ Ի. Ստալինի հետ հանդիպման ժամանակ, ինչպես նաև ԽՍՀՄ-ի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի կառավարությունների ղեկավարներին հղված հատուկ կոնդակում (25.10.1945) խնդրել է Արևմտյան Հայաստանի գրավյալ տարածքները հետ վերադարձնել իր օրինական տիրոջը՝ հայ ժողովրդին: Հրապարակել է ընդարձակ մի կոնդակ (20.04.1947), որը կրել է «Հայկական հարցի լուծման մասին» խորագիրը և որտեղ դարձյալ բարձրացրել է Թուրքիայի կողմից բռնազավթված հայկական տարածքների վերադարձման հարցը:

Կաթողիկոսական գահին Գևորգ Զ Չորեքչյանին հաջորդել է Վազգեն Ա Պալճյանը: