ԽՈՐԵՆ Ա ՄՈՒՐԱԴԲԵԿՅԱՆ

ԽՈՐԵՆ Ա ՄՈՒՐԱԴԲԵԿՅԱՆ

Ամենայն Հայոց կաթողիկոս 1932-ից։ Հաջորդել է Գևորգ Ե Սուրենյանց Տփղիսեցուն։

Ծնվել է 1873-ի դեկտեմբերի 8-ին Թիֆլիսում։ Սպանվել է 1938-ի ապրիլի 6-ին Վաղարշապատում, ամփոփվել նախ Ս. Գայանե եկեղեցու զավթում, ապա՝ 1996-ի սեպտեմբերին աճյունը տեղափոխվել է Ս. էջմիածնի Մայր Տաճարի բակը։

Նախնական կրթությունն ստացել է մասնավոր պանսիոնում, այնուհետև սովորել Թիֆլիսի Ներսիսյան հոգևոր դպրոցում (1888-1892), որը գերազանցությամբ ավարտելուց հետո բարձրագույն կրթություն է ստացել Շվեյցարիայի և Գերմանիայի համալսարաններում։ 1897-ին Ներսիսյան դպրոցում նշանակվել է երգի ուսուցիչ։ 1901-ին ձեռնադրվել է սարկավագ, նույն թվականի դեկտեմբերին՝ աբեղա և նշանակվել Նոր Բա֊ յազետի եկեղեցիների գործակալ։

1902-ի մայիսի 24-ին ձեռնադրվել է վարդապետ։ 1903-ի հունիսին եկեղեցական կալվածքների և ունեցվածքի բռնագրավման ժամանակ ցարական իշխանություններին դիմադրություն ցույց տալու և ունեցվածքը չհանձնելու համար ձերբակալվել և աքսորվել է Ռուսաստանի Օրյոլ քաղաք։ 1905-ին վերադարձել է աքսորից և նշանակվել Գորի-Իմերեթի-Բաթումի և Արդվինի առաջնորդական փոխանորդ։ 1907-ի հունիսին Մկրտիչ Ա Խրիմյան կաթողիկոսի հրամանով նշանակվել է Նոր Բայազետի և Դարաչիչակի (այժմ՝ Ծաղկաձոր) եկեղեցիների գործակալ։

1909-ի դեկտեմբերի 19-ին Մատթևոս Բ Իզմիրլյան կաթողիկոսի կոնդակով նշանակվել է Երևանի հայրապետական թեմի փոխթեմակալ, իսկ 1910-ի սեպտեմբերի 19-ին ձեռնադրվել է եպիսկոպոս։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Երևանի թեմի Եղբայրական օգնության հանձնաժողովի նախագահն էր, կազմակերպել է վիրավոր հայ զինվորների և գաղթականների օգնության գործը։

1914-ի նոյեմբերի 15-ին հայ կամավորների հոգևոր կարիքները հոգալու համար Գևորգ Ե Սուրենյանցը նրան ուղարկել է ռազմաճակատ։ 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո նա դարձել է Երևանի նահանգի Ազգային խորհրդի ղեկավարը։ 1919-ին Գևորգ Ե Սուրենյանցի կարգադրությամբ և Հայաստանի կառավարության հրահանգով, որպես հայրապետական պատվիրակ, մեկնել է Փարիզ՝ համերաշխություն հաստատելու Փարիզի խաղաղության կոնֆերանսին մասնակցող հայկական երկու պատվիրակությունների միջև: 1920–ին Փարիզից մեկնել է ԱՄՆ՝ կարգավորելու պառակտված թեմական կյանքը: Այստեղ կազմակերպել է հանգանակություն Հայաստանի պաշտպանության համար, հանդիպել է ԱՄՆ-ի նախագահ Վ. Վիլսոնի հետ, ինչպես նաև կատարել է ԱՄՆ-ի Հայոց հոգևոր առաջնորդի ընտրություն՝ հանձին Տիրայր արքեպ. Տեր-Հովհաննիսյանի:

1920–ի դեկտեմբերի 11–ին Գևորգ Ե Սուրենյանցի կոնդակով նրան շնորհվել է արքության պատիվ: 1923–ի մարտի 4–ին Գևորգ Ե կաթողիկոսի բարձր կարգադրությամբ կարգվել է Ամենայն Հայոց կաթողիկոսի տեղապահ և Գերագույն հոգևոր խորհրդի նախագահ: Այս պաշտոնոմ նա պայքար է ծավալել «Ազատ եկեղեցական եղբայրության» խմբավորման դեմ: Գևորգ Ե Սուրենյանցի մահից հետո՝ 1930–1932–ին, ղեկավարել է Հայ եկեղեցու գործերը: 1932–ի նոյեմբերի 12–ին ընտրվել, իսկ 13–ին օծվել է Ամենայն Հայոց կաթողիկոս: Խորեն Ա Մուրադբեկյա- նը պայքար է ծավալել փակված եկեղեցիները վերաբացելու օգտին, հանդես եկել եկեղեցիները քանդելու և ոչ նպատակին օգտագործելու, խորհրդային իշխանությունների՝ հայ հոգևորականներին բռնությունների ենթարկելու քաղաքականության դեմ: Զբաղվել է եկեղեցու սահմանադրական, ծիսական, կազմակերպչական համակողմանի քննության ու բարեկարգման, Մայր Տաճարի նորոգման, Հայ եկեղեցու նվիրապետական աթոռների միջև սերտ հարաբերությունների ստեղծման հարցերով:

Խորեն Ա Մուրադբեկյանի նախագահությամբ 1925–ի հոկտեմբերի 25–ին նախապատրաստվել է Ազգային-եկեղեցական ժողով գումարելու նոր՝ ոչ միապետական կանոնադրությունը: Զգալի աշխատանք է կատարել սփյուռքահայությանը Մայր Աթոռ Ս. էջմիածնի շուրջ համախմբելու համար: Սփյուռքում կազմակերպել է Աստվածաշնչի հայերեն թարգմանության 1500–ամյակին նվիրված հանդիսություններ:

Պետանվտանգության գործակալները Խորեն Ա Մուրադբեկյանին խեղդամահ արեցին Վեհարանի իր ննջասենյակում:

Կաթողիկոսական գահին Խորեն Ա Մուրադբեկյանին հաջորդել է Գևորգ Զ Չորեքչյանը: