ԳԵՎՈՐԳ Ե ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

ԳԵՎՈՐԳ Ե ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

(Վշտափ, Տփղիսեցի) (1911-1930)

Ամենայն Հայոց կաթողիկոս 1911-ից։ Հաջորդել է Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցի Իզմիրլյանին:

Ծնվել է 1847-ի օգոստոսի 8-ին Թիֆլիսում, մահացել՝ 1930-ի մայիսի 8-ին Վաղարշապատում։ Թաղվել է Մայր Տաճարի բակում։

1865-1868-ին ուսանել է Թիֆլիսի ռուսական դասական գիմնազիայում, սակայն հիվանդության պատճառով ավարտական քննությունները չի հանձնել։ Հետագայում ուսումը շարունակել է Մայր Աթոռ Ս. էջմիածնի ժառանգավորաց դպրոցում։ 1868-ի դեկտեմբերի 15-ին Ս. Գայանե վանքում ձեռնադրվել է սարկավագ, 1871-ի ապրիլի 15-ին՝ քահանա, 1872-ի մայիսի 3-ին Ս. Շողակաթում օծվել է վարդապետ և ստացել գավազան կրելու իրավունք։

1868-ի նոյեմբերի 1-ից մինչև 1871-ի մայիսի 25-ը Ս. էջմիածնի ժառանգավորաց դպրոցում դասավանդել է թվաբանություն, ընդհանուր պատմություն և աշխարհագրություն, 1870-ի հունվարի 30-ից մինչև 1874-ի մայիսի 25-ը եղել է Ս. էջմիածնի Հրատարակչական կոմիտեի անդամ, 1872-ի մարտի 28-ից մինչև 1874-ի սեպտեմբերի 28-ը՝ Գևորգյան ճեմարանի շինարարության վերահսկիչ, 1871-ի մայիսի 28-ից՝ Բեսարաբիայի թեմի հայկական հոգևոր ուսումնարանների կազմակերպիչ և նոր բացվող Գևորգյան ճեմարանի համար աշակերտներ ընտրող, 1874–ի սեպտեմբերի 28–ից մինչև 1875–ի հոկտեմբերի 1–ը՝ Գևորգյան ճեմարանի ընդհանուր պատմության և աշխարհագրության ուսուցիչ։

1875–ի հոկտեմբերի 5–ից մինչև 1876–ի հուլիսի 23–ը եղել է Ղարա֊ բաղի թեմի առաջնորդի ժամանակավոր պաշտոնակատար և տեղի հոգևոր սեմինարիայի տեսուչ, 1874–ի հունվարի 31–ից մինչև 1878–ի հոկտեմբերի 12–ը՝ Ագուլիսի Ս. Թովմա առաքյալի վանքի վանահայր և տարածքի հոգևոր ուսումնարանների տեսուչ, 1878–ի հոկտեմբերի 12–ից մինչև 1881-ի մայիսի 1–ը՝ Ալեքսանդրապոլի առաջնորդական տեղապահ։ Նա Ալեքսանդրապոլի Ս. Փրկիչ եկեղեցուն կից հիմնել է վարժարան և վերականգնել Ս. Աստվածածին եկեղեցին։

1881–ի հունիսի 1–ից մինչև 1887–ի մայիսի 22–ը եղել է Երևանի թեմի առաջնորդական փոխանորդ և հիմնավորապես նորոգել Երևանի եկեղեցիները, առաջնորդարանն ու կոնսիստորիան ու ցուցաբերել արդյունավոր կազմակերպչական գործունեություն՝ կարգավորելով թեմի դպրոցական, ֆինանսական ու բարեկարգչական վիճակը, ու ըստ այդմ՝ մեծ ժողովրդականություն վայելել։

1882–ի մայիսի 9–ին օծվել է եպիսկոպոս։ 1887-ի մայիսի 22–ից մինչև 1894–ի փետրվարի 3–ը եղել է Աստրախանի թեմի առաջնորդ և այստեղ էլ աշխուժացրել ծխական դպրոցի գործունեությունը։ Ավելին, նրա ջանքերի շնորհիվ տեղի ռուսական պետական ուսումնական հաստատություններում պարտավորիչ է դարձվել հայոց լեզվի ու կրոնի դասավանդությունը։ Մյուս կողմից, հայտնի երաժշտագետ Քրիստափոր Կարա–Մուրզայի հրավիրմամբ կարգավորել է եկեղեցական երգեցողությունը։

1894–ի փետրվարի 3–ից մինչև 1904–ի հունվարի 8–ը եղել է Վրաս տանի և Իմերեթի թեմի առաջնորդ և բացել նոր դպրոցներ։ 1894–ի գործուղվել է Ս. Պետերբուրգ՝ որպես Ալեքսանդր 111–ի թաղման և Նիկոլայ 11–ի ամուսնության հանդեսներին Հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ։ 1894–1904–ներին եղել է Թիֆլիսի նահանգային բանտի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ։ Նրա ջանքերի շնորհիվ կազմակերպվել է «Թիֆլիսի հայ քահանաների միությունը»։ Թիֆլիս է հրավիրել և ըստ ամենայնի հովանավորել Մակար Եկմալյանին և օժանդակել նրա մշակած քառաձայն Պատարագի տպագրությանն ու տարածմանը: 1895–ի հունվարի 17–ին արժանացել է արքության պատվի: 1903–ին ընդդիմացել է եկեղեցական գույքի բռնագրավման ցարական հրամանին և դրա համար իշխանությունների պահանջով ազատվել է առաջնորդի պաշտոնից:

1906–ի մարտի 10–ին նշանակվել է Սինոդի անդամ, իսկ դեկտեմբերի 8–ին՝ Մայր Աթոռի դիվանատան գործերի կառավարիչ ու այս պաշտոնում էլ անմիջականորեն զբաղվել ճեմարանի գործունեությամբ՝ այն առավել արդյունավետ դարձնելով: 1907–ի հոկտեմբերի 29–ին նշանակվել է Սինոդի ատենապետի տեղակալ, կաթողիկոսի տեղակալ և այդ պաշտոնը վարել մինչև 1909–ի սեպտեմբերի 13–ը: Այս շրջանում Ալեքսանդր Մանթաշյանի բարերարությամբ ավարտել է Մայր Տաճարի նորոգման աշխատանքները: 1910–ի դեկտեմբերի 11–ին նա կրկին հաստատվել է կաթողիկոսական տեղապահ: Կաթողիկոս է ընտրվել 1911–ի դեկտեմբերի 13–ին, օծվել՝ 1912–ի հուլիսի 1–ին: Գևորգ Ե Սուրենյանցի կոնդակով 1912–ի հոկտեմբեր- 1913–ի հոկտեմբեր ժամանակամիջոցը հռչակվել է հայոց գրերի գյուտի 1500–ամյակի և հայկական տպագրության 400–ամյակի հոբելյանական տարի:

Հայրենասեր հայրապետն ակտիվ գործունեություն է ծավալել Հայկական հարցի և բարենորոգումների առնչությամբ տարվող աշխատանքների համակարգման ուղղությամբ, Պողոս Նուբար փաշային նշանակել է Ազգային պատվիրակության նախագահ:

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին նրա նախաձեռնությամբ ու հոգատարությամբ կազմավորվեց և ակտիվորեն աշխատում էր գաղթականներին ու վիրավորներին օգնող Կենտրոնական ազգային կոմիտեն: Հայ դատի հետապնդման ուղղությամբ կարևոր նշանակություն ունեցան արևմտահայերին օգնություն ցուցաբերելու հարցով Գևորգ Ե Սուրենյանցի հեռագրերը Ռուսաստանի, ԱՄՆ–ի, Իտալիայի, Անգլիայի և Ֆրանսիայի ղեկավարներին: Եղեռնի արհավիրքները և սեփական ժողովրդի ցեղասպանությունը վերապրած հայրապետն իր անվանն ավելացրեց Վշտալի մականունը:

Ցարական ինքնակալության անկումից հետո Գևորգ Ե Սուրենյանցը դադարեցրեց «Պոլոժենիե»–ի գործունեությունը և ցրեց դրա հիման վրա գործող Սինոդը: Վերահաստատվեց թեմական ժողովներն ու խորհուրդները ժողովրդական ընտրությամբ ձևավորելու նախնական սկզբունքը, միաժամանակ վերականգնվեց իգական սեռի ընտրական իրավունքը: 1917–ի դեկտեմբերի 21–ին ստեղծված բարդ պայմանների պատճառով ժամանակավորապես իր գործունեությունը դադարեցրեց Գևորգյան ճեմարանը: 1918–ի մայիսին Գևորգ Ե Սուրենյանցը կտրականապես մերժեց Ս. էջմիածնից հեռանալու և ապահովության նպատակով Սևանավանքում ապաս տանելու առաջարկը և հրամայեց վեց օր հնչեցնել բոլոր եկեղեցիների զանգերը՝ հայ ժողովրդի պայքարին զորավիգելով: 1918–ի մայիսյան հերոսամարտերին Գևորգ Ե Սուրենյանցի կոչով ակտիվորեն մասնակցեց նաև հոգևոր դասը: Նա օրհնեց և ըստ ամենայնի աջակցեց Հայաստանի առաջին Հանրապետության կայացմանը:

1920–ի հոկտեմբերի 30–ին Գևորգ Ե Սուրենյանցը No 416 կոնդակով Ապրիլի 11/24–ը սահմանեց «Հայկական տարագրության, կոտորածի զոհերի և բյուրավոր նահատակների հիշատակի հատուկ օր՝ Տոն Ազգային – հիշատակ բյուրավոր նահատակաց մերոց յընթացս համաշխարհային պատերազմի»: Նույն օրը նրա հրահանգով բոլոր եկեղեցիներում պետք է մատուցվեին հանդիսավոր Պատարագ և կատարվեր Հոգեհանգիստ:

Հայաստանի խորհրդայնացումից հետո թեպետ Հայ եկեղեցու նկատմամբ կիրառվեցին համատարած բռնություններ, ձերբակալություններ, բռնագրավումներ, այնուամենայնիվ Մայր Աթոռը և կաթողիկոսը հոգեկան մեծ ապրումների ու զրկանքների գնով ի զորու եղան դիմակայել բոլոր դժվարություններին և պահպանել Ս. էջմիածինը: Ավելին, ցուցաբերելով հիրավի հայրապետական հոգատարություն՝ Գևորգ Ե Սուրենյանցը 1921 –ի հոկտեմբերի 31–ին կոնդակով հայությանը կոչ արեց աջակցել նորաստեղծ Խորհրդային Հայաստանին՝ այն նկատելով աշխարհասփյուռ հայությանը համախմբող Հայրենիք: Մյուս կողմից, Գևորգ Ե Սուրենյանցը արժանի պայքար մղեց «Ազատ եկեղեցի» ու «Ազատ եկեղեցական եղբայրություն» հոսանքների դեմ և դրանք 1926–ի հունիսի 14–ին Հայ եկեղեցուց անջատված ու նզովված հռչակեց:

Խորհրդային իշխանության տարիներին Գևորգ Ե Սուրենյանցը մի շարք եկեղեցական բարենորոգումներ կատարեց: 1922–ի նոյեմբերի 11–ին նա թույլատրեց այրիացյալ քահանաների կրկնամուսնությունը և ազգակցական հինգերորդ և խնամիական չորրորդ աստիճանի ամուսնությունները: 1923–ի նոյեմբերի 9–ին ընդունեց նոր տոմարի գործածությունը և թույլատրեց եկեղեցիներում ժամասացության ժամանակ երգեհոնի գործածությունը, 1923–ի հուլիսին հաստատեց «Հայոց եկեղեցու բարեկարգության կենտրոնական հանձնաժողով»՝ եկեղեցու ծիսակա- նոնական կարևոր հարցերի լուծման համար, 1924–ի հունվարի 1–ի կոնդակով ստեղծեց Գերագույն հոգևոր խորհուրդ և նշանակեց դրա կազմը, 1925–ի հոկտեմբերի 22–ին հրատարակեց «Ազգային–եկեղեցական ժողով գումարելու հատուկ կանոնադրություն»–ը:

Գևորգ Ե Սուրենյանցի կաթողիկոսության շրջանը համընկավ հայ ժողովրդի պատմության ամենից դրամատիկ փուլի հետ՝ ցեղասպանություն, մայիսյան հերոսամարտեր, Առաջին Հանրապետության հռչակում, Հայաստանի խորհրդայնացում, Հայ եկեղեցու նկատմամբ բռնաճն- շումներ և այլն: Այնուհանդերձ, նա հոգու տոկունությամբ և վեհ հայրենասիրությամբ նման բեկումնային շրջանում կարողացավ փառքով պահպանել Ս. էջմիածինը:

Կաթողիկոսական գահին Գևորգ Ե Սուրենյանցին հաջորդել է Խորեն Ա Մուրադբեկյանը :