Ամենայն Հայոց կաթողիկոս 1908–ից: Հաջորդել է Մկրտիչ Ա Վանեցի Խրիմյանին:
Ծնվել է 1845–ի փետրվարի 12–ին Կ. Պոլսում, մահացել 1910-ի դեկտեմբերի 11 –ին Վաղարշապատում: Ամփոփվել է Մայր Տաճարի բակում:
Նախնական ուսումն ստացել է Կ. Պոլսի Պեզճյան, ապա՝ Գում Գափուի վարժարաններում:
1862-ին ուսուցչական պաշտոն է ստացել Միջագյուղի Ս. Աստվածածին եկեղեցում: Մի քանի տարի հետո Պողոս պատրիարքի հրամանով սարկավագ է ձեռնադրվել՝ ձեռամբ Հովհաննես եպիսկոպոս Կապուտիկյանի: 1869–ին նույն եպիսկոպոսը նրան կուսակրոն է ձեռնադրել՝ Մատթեոս անունով: Մատթեոս Իզմիրլյանի իմացական կարողությունները նկատելով՝ Խրիմյան Հայրիկ պատրիարքը նրան հրավիրել է պատրիարքարան՝ որպես իր անձնական քարտուղար:
Որպես պատրիարքի քարտուղար՝ Մատթեոս վարդապետը Կենտրոնական վարչության ու երեսփոխանական ժողովի գործուն անդամը դարձավ: Նա մեծ ազդեցություն է ունեցել հակադիր խմբավորումների անդամների վրա և կարողացել է բոլոր հարցերում ընդդիմադիրներին հաշտեցնել և պաշտպանել Ս. էջմիածնի և Ամենայն Հայոց կաթողիկոսի իրավունքներն ու շահերը:
Օրինակելի ծառայության համար Մատթեոս վարդապետը 1873–ին ստանում է ծայրագույն վարդապետության աստիճան: Հաջորդ տարի ընտրվել է Բալըգքեսերի վիճակի առաջնորդ:
1876-ին Գևորգ Դ կաթողիկոսը Մատթեոս վարդապետին հրավիրել է Ս. էջմիածին և ձեռնադրել եպիսկո պոս: Որպես եպիսկոպոս՝ նա բուռն գործունեություն է ծավալել, բայց շուտով առողջական նկատառումներով հրաժարվել է շատ պաշտոններից:
Մատթեոս եպիսկոպոսը ռուս– թուրքական պատերազմից հետո՝ 1878-ին, Կ. Պոլսի Ազգային վարչության հանձնարարականով գալիս է Ս. էջմիածին՝ խնդրելու, որ Գևորգ Դ կաթողիկոսը միջնորդի Ռուսաց կայսեր առաջ՝ Բեռլինի վեհաժողովում Հայոց հարցը պաշտպանելու համար: Նրա ազգային գործունեությունը անհնար է բաժանել եկեղեցականից. այդ երկուսը հաճախ ուղղակի նույնանում են:
1886–ին Եգիպտոսի գավառական ժողովը Մատթեոս սրբազանին ընտրել է Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ: Չորս տարի վարելով առաջնորդի պաշտոնը՝ առողջության պատճառով հրաժարվել է և, վերադառնալով Կ. Պոլիս, ծառայության նշանակվել Սկյուտարի Ս. Կարապետ եկեղեցում և կրոնի դասեր ավանդել Կեդրոնական վարժարանի բարձր դասարաններում:
1894–ի դեկտեմբերի 7–ին Մատթեոս սրբազանը ձայների մեծամասնությամբ ընտրվել է Կ. Պոլսի պատրիարք: Արդեն որպես պատրիարք նա դարձյալ նվիրվել է ազգային-եկեղեցական բուռն գործունեության՝ բարելավելու հայության վիճակը հայաբնակ գավառներում, և այդ պատճառով միշտ ընդհարվել իշխանության վերին օղակների հետ: 1895– 1896–ներին, երբ սկսվել են հայկական կոտորածները, իշխանությունները պատրիարքին ստիպել են եվրոպական դեսպաններին գոհունակության թուղթ ներկայացնել, որից Մատթեոս Իզմիրլյանը հրաժարվել է: Սուլթան Աբդուլ Համիդ 11–ի ճնշմամբ Մատթեոս պատրիարքը հրաժարական է ներկայացրել ու 1896–ի հուլիսին 12 տարով աքսորվել Երուսաղեմ։
Իր արտասովոր ազնվության ու հայրենասիրության, եկեղեցու ու ազգային շահերը հաստատակամորեն պաշտպանելու համար Մատթեոս Իզմիրլյանին ժողովուրդը հորջորջեց «Երկաթյա պատրիարք» տիտղոսով։
1908–ի Սահմանադրության հրատարակումից հետո Մատթեոս արքեպ. աքսորից վերադառնում է Կ. Պոլիս։ Նույն թվականի հոկտեմբերին մեծ խանդավառությամբ նա դարձյալ պատրիարք է ընտրվել։ Սակայն նրան վիճակված չէր երկար մնալ այդ պաշտոնում, որովհետև Ս. էջմիածնի կաթողիկոսական ընտրության Ազգային-եկեղեցական ժողովը նոյեմբերի 1-ին Մատթեոս արքեպ. Իզմիրլյանին առաջադրել է Ամենայն Հայոց կաթողիկոսության առաջին թեկնածու։ 1909-ի ապրիլի 15-ին կայսերական հրովարտակով Մատթեոս արքեպ. Իզմիրլյանը հաստատվել է որպես Ամենայն Հայոց կաթողիկոս։
Մայիսի 22-ին հրաժեշտ տալով Կ. Պոլիսին՝ հայրապետը ուղևորվում է Ս. Պետերբուրգ։ Մինչ Ս. էջմիածնում կաթողիկոսական օծում ստանալը, նա ներկայանալու էր Նիկոլայ II կայսրին՝ ադամանդակուռ խաչը ստանալու։
Մայիսի 29-ին Պետերհոֆի մեծ դահլիճում Վեհափառ հայրապետը ներկայացել է կայսրին և կայսեր ընտանիքի անդամներին։ Այնուհետև այցելելով ռուսահայոց համայնքներ՝ Հայրապետը հունիսի 28-ին հասել է Ս. էջմիածին։
1909-ի սեպտեմբերի 13-ին՝ Խաչվերացի օրը, Հայրապետը ընդունել է կաթողիկոսական օծումը՝ որպես Մատթեոս Բ Ամենայն Հայոց կաթողիկոս։
Իր հայրապետության 15 ամիսների ընթացքում Մատթեոս Բ Իզմիրլյանը արեց այն ամենը, ինչ հնարավոր էր. ահա այն ծրագիրը, որը նրա գործունեության առանցքը դարձավ.
1. Մայր Աթոռի միաբանության կազմակերպությունը և գործունեությունը։
2. Ս. էջմիածնի Սինոդի գործունեությունը և կազմը։
3. Առաջնորդներու, կոնսիստորներու, հաջորդներու, հոգևոր ատյաններու և գործակալներու գործունեությունը և կազմը։
4. Թեմական վանահայրերու գործունեությունը։
5. Մայր Աթոռի, թեմական վանուց և ծխական եկեղեցիներու կալվածոց և ամեն կարգի գոյից ընդհանուր վիճակը։
6. Կրթական գործին նյութական ընդհանուր վիճակը։
7. 1905-ի ծխական դպրոցներու բացվելեն ի վեր կրթական գործին ընդհանուր վիճակը։
8. Հնությանց և թանգարաններու վիճակը։
9. Կտակներու գործադրության խնդիրը։
10. Մայր Աթոռի «Արարատ» պաշտոնաթերթի և տպարանի բարոյական և ուսումնագրական դերը։
11. էջմիածնի Մայր Տաճարին հիմնական նորոգության, վեհարանի մը նորոգ շինության և այլ մասերու նորոգության խնդիրը։
12. Ռուսաստանի Հայոց ազգա֊ յին–հոգևորական վարչությանց վերակազմության խնդիրը:
13. Ամուսնական, ճյուղահամարական, ամուսնալուծական և այլ ամուսնական խնդիրներ:
Այս հարցերը լուծելու համար հրապարակի վրա դրվեցին հայրապետական «երրեակ հրահանգներ–կանոնները»՝
ա. ժամանակավոր հրահանգ եկեղեցական-ծխական դպրոցների մասին.
բ. ժամանակավոր կանոններ վանական կալվածների մասին.
գ. ժամանակավոր հրահանգ թեմական ժողովի:
Այս կարգի «նորարարություններ» առաջարկող ու կատարող հայրապետն անշուշտ տեղյակ է, որ Հայոց եկեղեցին այդ տարիներին առաջնորդվում էր «Պոլոժենիե»–ով, և շատ «նորարարություններ» չէին համապատասխանում այդ կանոնադրությանը, որոնց համար հայրապետը իշխանություններից ստացել էր համպատասխան զգուշացումներ:
Ընդհանրապես Ս. էջմիածնի վանական կյանքում Մատթեոս Բ Կոս տանդնուպոլսեցին միշտ աչքի է ընկել իր նորարարություններով, այն աստիճան, որ եթե որպես Կ. Պոլսի պատրիարք նա կրում էր «Երկաթյա» տիտղոսը, ապա կաթողիկոսության 15 ամիսներին նրան իրավամբ կարելի էր կոչել «Նորարար» տիտղոսով:
Նրան վիճակվեց նաև վերջնական լուծում տալ եվրոպական կրթություն ստացած շատ վարդապետների առաջարկած բարենորոգչական փոփոխություններին, որոնք արդեն արմատավորվում էին Հայոց եկեղեցում: Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցին, որն ամեն ինչ անում էր եկեղեցու գործունեությունը բարելավելու և աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ, վտանգավոր համարեց այդ նախաձեռնությունները: Հայոց հայրապետը «դէտ եւ պահապան» էր համայն ազգի կրոնական, կրթական և սեփականատիրական իրավունքների, ավելացրած այն, որ նա նաև «առաջին գիտակից պարտաճանաչ հայ քաղաքացին էր»: Այս տեսանկյունից է, որ Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցին հրաժարվել է եկեղեցու հիմնարար սկզբունքների ու ծեսի մեջ որակական փոփոխություններ անել: Նրա համար եկեղեցին վեր էր ամեն մի քաղաքական ուղղությունից կամ կուսակցությունից. եկեղեցին Աստծու տաճարն էր, ու այդ պատճառով է, որ հայրապետը հատուկ կոնդակով արգելել է Հայոց եկեղեցու բեմը քաղաքական նպատակների ծառայեցնելը և եկեղեցու շենքում ցույցեր ու հանրահավաքներ կազմակերպելը:
Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցու ուշադրության կենտրոնում էր նաև Գևորգյան ճեմարանը, ուր պատշաճ կարգուկանոն հաստատելու և ուսումնական աշխատանքները կատարելագործելու նպատակով թարմացրել է Կենտրոնական ուսումնական հանձնաժողովի կազմը, Բագրատ վարդապետ Վարդազար յանին նշանակել ճեմարանի տեսուչ, կարգադրել ճեմարանին կից կազմակերպել վարժոց, որը պետք է ուսումնական հաստատությունը համալրեր նախապատրաստված աշակերտներով: ճեմարանի նյութական վիճակը բարելավելու և սաների կենցաղային կարիքները լավագույնս հոգալու նպատակով՝ Մայր Աթոռին հատկացված կտակներից զգալի գումարներ է տրամադրել ուսումնական հաստատությանը:
Իր հայրապետության կարճատև ընթացքում նա ճանաչվեց որպես բացառիկ անձնավորություն, Քրիստոսի ծառա, իր անբասիրությամբ, անկեղծութամբ, օրինապահությամբ, հասարակաց շահերին հետամուտ եղող, դրամական հաշիվներում մաքրություն պահանջող, կարգ ու կանոնով ապրող, եկեղեցական կյանքում կարգին ու կանոններին հավատարիմ ու հնազանդ: Այս ամենի հետևանքն է, որ Ս. էջմիածնի ու Կ. Պոլսի պատրարքության միջև երբեք այնպիսի սերտ հարաբերություններ չէին եղել, ինչպիսիք սկսվել ու հաստատվել էին Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցու օրոք:
Կաթողիկոսական գահին Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցուն հաջորդել է Գևորգ Ե Տփղիսեցին: