ՄԱԿԱՐ Ա ԹԵՂՈՒՏՑԻ

ՄԱԿԱՐ Ա ԹԵՂՈՒՏՑԻ

(1885-1891)

Ամենայն Հայոց կաթողիկոս 1885-ից։ Հաջորդել է Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցուն:

Ծնվել է 1813-ի ապրիլի 6–ին Բիթլիսի նահանգի Թեղուտ գյուղում։ Մահացել է 1891-ի ապրիլի 16–ին Վաղարշապատում, ամփոփվել Մայր Տաճարի բակում։

Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրի վարժարանում։ 1828-ին ընդունվել է էջմիածնի ժա֊ ռանգավորաց դպրոցը, որը փայլուն առաջադիմությամբ ավարտել է 1834–ին։ 1838-ին ձեռնադրվել է սարկավագ, 1842–ին ստացել վարդապետի աստիճան։ 1843–ին նշանակվել է Մայր Աթոռի դպրանոցի տեսուչ, 1846–ից՝ Սինոդի անդամ։ 1847–ին նշանակվել է Մայր Աթոռի մատենադարանապետ, զգալի աշխատանք է կատարել տարբեր վայրերում ցրված գրչագիր մատյաններն էջմիածնում կենտրոնացնելու ուղղությամբ, այդ թվում նաև մագաղաթյա երկաթագիր՝ փղոսկրյա կազմով 989-ի Ավետարանը։ 1852–ին Ներսես Ե Աշտա- րակեցու կողմից օծվել է եպիսկոպոս։ 1859-ին նրան շնորհվել է ար քության պատիվ և նույն թվականին էլ նշանակվել է Մայր Տաճարի լուսարարապետ։ Եղել է Վիրահայոց (1864-1876) ու Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի (1873-1885) Հայոց թեմերի առաջնորդ, նշանակվել Ամենայն Հայոց կաթողիկոսի տեղապահ (1883-1885)։

1885-ի ապրիլի 21-ին ընտրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս, օծումը տեղի է ունեցել նոյեմբերի 10-ին։ Կաթողիկոս ընտրվելուց հետո խնդրագիր է ներկայացրել Ալեքսանդր III ցարին՝ ռուսական կառավարության կողմից փակված (1884) հայկական դպրոցները վերաբացելու համար։ Նրա ջանքերի շնորհիվ է, որ հայկական դպրոցները վերաբացվել են։ Բարելավվել է Գևորգյան ճեմարանի ուսումնառության դրվածքը, այն համալրվել ուսուցչական լավագույն կազմով (Հ. Հովհաննիսյան, Ստ. Լիսիցյան, Ն. Քարամյան, Ա. Նահապետյան, Մ. Օրմանյան և այլք), ուժեղացվել աստվածաբանական առարկաների դասավանդումը։ ճեմարանի լավագույն սաներին ուղարկել է Եվրոպա՝ բարձրագույն կրթություն ստանալու (Կ. Տեր-Մկրտչյան, Գ. Չորեքչյան և ուրիշներ)։ Նրա օրոք առաջին անգամ ճեմարանի երեքշրջանավարտներ ցանկություն են հայտնել դառնալու կուսակրոն՝ ուխտելով նվիրվել Հայաստանյայց եկեղեցու սպասավորությանը, որով ուսումնական այդ հաստատությունը սկսել է ծառայել իր հիմնական նպատակին։

Մակար Ա կաթողիկոսը լայն ծավալի աշխատանքներ է կատարել Մայր Տաճարը հիմնովին վերանորոգելու ուղղությամբ, որոնց արդյունքում վերացել է Տաճարի ներքին խոնավությունը, նորոգվել տանիքը և փակվել պատերին առաջացած ճեղքերը։ Կառուցել է Մայր Աթոռի տպարանի նոր շենքը (1889), որը զինել է Եվրոպայից բերված տպագրական նորագույն մեքենաներով ու սարքավորումներով։

Պարգևատրվել է ռուսական կայսրության բարձրագույն՝ Ալեքսանդր Նևսկու շքանշանով։

Մահացել է սրտի կաթվածից, աճյունն ամփոփվել է Մայր Տաճարի բակում։

Կաթողիկոսական գահին Մակար Ա Թեղուտցուն հաջորդել է Մկրտիչ Ա Վանեցին (Խրիմյան Հայրիկ)։