ԳԵՎՈՐԳ Դ Կ.ՊՈԼՍԵՑԻ

ԳԵՎՈՐԳ Դ Կ.ՊՈԼՍԵՑԻ

1866-1882
Մեծագործ

Ամենայն Հայոց կաթողիկոս 1866-ից: Հաջորդել է Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցուն:

Ծնվել է 1813-ի հուլիսի 5–ին Կոստանդնուպոլսում: Մահացել է 1882-ի դեկտեմբերի 6-ին Վա֊ ղարշապատում, աճյունն ամփոփվել է Մայր Տաճարի բակում:

Նախնական կրթությունն ստացել Սամաթիայի Սրբուհի մայրապետի Ծաղկոցում, այնուհետև հաճախել է Հովսեփ դպիրի ուսումնարանը:

Սովորել է Գում Գափուի պատրիարքական ժառանգավորաց վարժարանում (1827-1829), որտեղ աշակերտել է նշանավոր մտավորական Գրիգոր պատվելի Փեշտիմալճյանին: 1830-ին պատրիարք Կարապետ Պալաթեցու կողմից նշանակվել է պատրիարքարանի փոխանորդարանի քարտուղար։ 1834-ին ստացել է սարկավագության աստիճան, 1835-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա ու նշանակվել Կ. Պոլսի Ս. Աստվածածին, Ս. Խաչ և Ս. Հարություն եկեղեցիների քարոզիչ։ Նրա ջանքերով է ստեղծվել Կ. Պոլսի առաջին հայկական եկեղեցական երգչախումբը։ 1841-ին արժանացել է ծայրագույն վարդապետի աստիճանի։ 1844-ին ընտրվել է Բուրսայի հայոց հոգևոր առաջնորդ (1844-1858, 1861-1866), միաժամանակ ստանձնել նաև Կուտինայի (Քյոթահիա) վիճակի առաջնորդությունը։ 1848-ի հուլիսի 11-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցու կողմից ձեռնադրվել է եպիսկոպոս։ 1858-ի հոկտեմբերի 17-ին Արևմտահայոց Ազգային ժողովի կողմից ընտրվել է Կ. Պոլսի պատրիարք (1858-1860), մասնակցել է Ազգային սահմանադրության մշակմանը։

1866-ի սեպտեմբերի 17-ին Մայր Աթոռ Ս. էջմիածնում հրավիրված Ազգային-եկեղեցական ժողովի կողմից միաձայն ընտրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս. օծումը տեղի է ունեցել 1867-ի մայիսի 21-ին։

Որպես Ամենայն Հայոց կաթողիկոս՝ Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին մեծ ուշադրություն է դարձրել ժողովրդի մտավոր զարգացմանը, դպրոցաշինությանը, գրատպությանը։ Ս. էջմիածնի միաբաններից ստեղծել է Ուսումնական հանձնաժողով, որը հայկական դպրոցների համար մշակել է կանոնադրություն և ջանացել դպրոցներ բացել բոլոր բնակավայրերում։ 1874-ին էջմիածնում հիմնադրել է Գևորգյան ճեմարանը, որը 40 տարուց ավելի եղել է արևելահայ ամենանշանավոր ուսումնական հաստատությունը՝ հայագիտության և մանկավարժական մտքի կենտրոնը։ Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին հետևողական ջանքերով նպաստել է տպագրության գործի զարգացմանը, ընդարձակել ու բարեկարգել է տպարանը. հովանավորել է Զաքարիա Սարկավագի, Աբրահամ Կրետացու, Սիմեոն Ապարանցու, Ուխտանեսի, Դավիթ Բեկի պատմիչի, Սիմեոն Երևանցու, Մխիթար Գոշի երկասիրությունների և «ճաշոց»ի հրատարակությունները։

Օավալել է շինարարական լայն գործունեություն. 1868-ին Մայր Տաճարի արևելյան կողմում կառուցել է կցաշենք, որտեղ կազմակերպել է եկեղեցապատմական թանգարան, նորոգել տվել Ս. Գայանե վանքը, այնտեղ կառուցել արևմտյան կամարակապ դարպասը, Մայր Աթոռի միաբանների բնակելի շենքերը, Բյուրականի կաթողիկոսական ամառանոցը, վերակառուցել Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին և այլն։

Գևորգ Դ Կոստանդնուպոլեցին հետևողական աշխատանք է կատարել հայկական բոլոր եկեղեցիներում միակերպ ժամերգություն մտցնելու ուղղությամբ։ Նրա ջանքերով են ստեղծվել «Ձայնագրեալ երգեցողութիւնք Սրբոյ Պատարագի» (1874), «Ձայնագրեալ Շարական հոգեւոր երգոց» (1875), «ժամագիրք» (1877), «Ձայնագրեալ քաղուածք օրհնութեանց» (1882) գրքերը։

Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին ժամանակակիցների կողմից արժանացել է «Մեծագործ» պատվատիտղոսի։

Կաթողիկոսական գահին Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցուն հաջորդել է Մակար Ա Թեղուտցին։