ՆԵՐՍԵՍ Ե ԱՇՏԱՐԱԿԵՑԻ

ՆԵՐՍԵՍ Ե ԱՇՏԱՐԱԿԵՑԻ

(Շահ-Ազիզյան)
1843-1857

Ամենայն Հայոց կաթողիկոս 1843-ից: Հաջորդել է Հովհաննես Ը Կարբեցուն։

Ծնվել է 1770–ի փետրվարի 13–ին Աշտարակում՝ Հարություն քահանա Շահ–Ազիզյանի ընտանիքում։ Մահացել է 1857–ի փետրվարի 13-ին Թիֆլիսում։ Աճյունն ամփոփվել է Մայր Տաճարի զավթի աջակողմում։

Սովորել է էջմիածնի ժառանգավորաց դպրոցում։ 1791-ին ձեռնադրվել է սարկավագ, 1794–ին՝ վարդապետ։ Կրոնա-եկեղեցական զանազան հանձնարարություններով ուղարկվել է Կ. Պոլիս, Զմյուռնիա, Մոլդովա, Վալախիա, Բեսարաբիա, Նոր Նախիջևան, Հյուսիսային Կովկաս և այլուր։ 1808–ին ձեռնադրվել է եպիսկոպոս։ Գործուն մասնակցություն է ունեցել XIX դարասկզբի ռուս-պարսկական և ռուս–թուրքական պատերազմների բոլոր էական իրադարձություններին։ Նպաստել է ռուսական բանակների պարենավորմանը։

Կաթողիկոսական գահի համար Դավիթ-Դանիելյան պայքարի ընթացքում պաշտպանել է Դանիել Ա Սուրմառեցու թեկնածությունը։ Աջակցություն է ցուցաբերել Եփրեմ Ա Ձորագեղցուն՝ կաթողիոսական ընտրությունների ժամանակ։ Եղել է վերջինիս մերձավորագույն զինակիցը։ 1814-ին նշանակվել է Վրաստանի և Իմերեթի Հայոց հոգևոր առաջնորդ։ Կարևոր դեր է խաղացել Վրաստանի հայոց կրթական կյանքը բարելավելու գործում։ 1815-ին Թիֆլիսի «Կոշկ» արվարձանում հիմնադրել է վանական դպրոց։ 1824-ի փետրվարի 24-ին Թիֆլիսում հիմնադրել է Ներսիսյան դպրոցը, որը Կովկասի առաջին խոշոր ուսումնական հաստատությունն էր և առհասարակ ամբողջ Ռուսական կայսրության XIX դարի լավագույն դպրոցներից մեկը։ Այս ուսումնական հաստատությունում հայ աշակերտների հետ միասին ուսանել են նաև վրացի, հույն, հրեա և թուրք երեխաներ։ Ներսես արքեպ. Աշտարակեցու ջանքերով 1826-ին Թիֆլիս է տեղափոխվել Ամստերդամի հայկական տպարանը, որով սկիզբ է դրվել Թիֆլիսի հայկական տպագրությանը։

Լայն և եռանդուն գործունեություն է ծավալել 1826-1828-ների ռուս-պարսկական պատերազմի ժամանակ։ Կրակոտ շրջաբերականներով ոգևորել է իր հայրենակիցներին, կազմակերպել կամավորական ջոկատներ և առաջնորդել ռազմաճակատ, անձամբ մասնակցել էջմիածնի, Սարդարապատի և Երևանի ազատագրական մարտերին։ Պարգևատրվել է Ռուսական բարձրագույն «Ս. Անդրեյ Նախավկայի», «Ալեքսանդր Նևսկի» և այլ շքանշաններով:

Երևանի գրավումից անմիջապես հետո նշանակվել է Երևանի ժամանակավոր վարչության անդամ, գործուն դեր է խաղացել Պարսկաստանից հայերի ներգաղթի կազմակերպման մեջ: Ներսես արքեպ. Աշտարակեցին XIX դ. 20–ականներին հայոց ազատագրական շարժման և վերջինիս ռուսական կողմնորոշման խտացումն ու մարմնավորումն էր: Դեռևս 1808–ի նոյեմբերի 21–ին գեներալ Ի. Գուդովիչին հղած նամակում հավաստելով այդ իրողությունը՝ նա գրել է. «էջմիածնի Սուրբ Աթոռը մշտապես ջերմեռանդ է եղել Ռուսաց կայսրության ամենաողորմած Աթո ռի, նրա զորապետների և զորքի նկատմամբ: Եվ ոչ մի դեպքում, ոչ մի ժամանակ չի խնայել և երբեք չի խնայելու իր հավատարիմ և կարելի ծառայությունը մատուցել Կայսերական Մեծությանը»: Բայց Ներսես Աշտարակեցու ռուսական կողմնորո շումը չի բխել լոկ ցարահպատակ դառնալու ցանկությունից կամ ինչ-ինչ շահախնդրությունից: Նա դժգոհ էր Թուրքմենչայի 1828-ի փետրվարի 10-ի պայմանագրի արդյունքներից, չի բավարարվել ներգաղթածների նկատմամբ ցարական իշխանությունների որդեգրած վերաբերմունքով: Ունեցել է ազգային-քաղաքական ավելի մեծ ակնկալություններ, քան Նիկոլայ 1-ի 1828-ի մարտի 21-ի հրամանագրով հայերին պարգևած «Հայկական մարզը»:

Ներսես Աշտարակեցին ունեցել է Ռուսաստանի հովանավորության ներքո հայկական ինքնավարություն ստեղծելու ծրագիր, որը հարուցել է ցարական կառավարության դժգոհությունը, և նա, նշանակվելով Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի առաջնորդ (1828), հեռացվել է Անդրկովկասից: 16 տարի շարունակ լինելով Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի առաջնորդ՝ շարունակել է բուռն մասնակցություն ունենալ հայ հասարակական, քաղաքական, մշակութային-եկեղեցական կյանքին: Հովհաննես Ը Կարբեցու մահվանից հետո Մայր Աթոռի միաբանության կողմից առաջադրվել է կաթողիկոսի թեկնածու, որն արժանացել է Կ. Պոլսի և Երուսաղեմի պատրիարքությունների և ընդհանրապես բովանդակ հայության հավանությանը: Ամենայն Հայոց կաթողիկոս է ընտրվել 1843-ի ապրիլի 17-ին, երբ արդեն 72 տարեկան էր: Նիկոլայ 1-ը ընտրությունը վավերացրել է 1843-ի հունիսի 30–ին, օծումը կատարվել է 1846-ի հունիսի 9-ին: Որպես Ամենայն Հայոց կաթողիկոս՝ Ներսես Ե Աշտարակեցին բուռն ընդդիմացել է 1836-ի Հայոց եկեղեցու կանոնադրությանը և փորձել վերականգնել «Պոլոժենիե»–ով ոտնահարված Հայոց կաթողիկոսի իրավունքները: Նա անտեսել է «Պոլոժենիեն», անգործության մատնել Սինոդը, գործել է ինքնուրույն և իր ձեռքը կենտրոնացրել եկեղեցական ողջ իշխանությունը՝ վարվելով «ես եմ կանոնադրությունը և օրենքը» նշանաբանով: Ստեղծել է մի հանձնաժողով, որը նրա գլխավորությամբ կազմել է «Պոլոժենիե»–ին միանգամայն հակառակ Հայոց եկեղեցու նոր կանոնադրություն և գործել ըստ այդմ:

Մեծ ուշադրություն է դարձրել դպրոցաշինությանն ու լուսավորության ոլորտին: Նրա ջանքերով եկեղեցական-ծխական դպրոցները դուրս են բերվել Կովկասյան ուսումնական օկրուգի վերահսկողությունից և դրվել Մայր Աթոռի հսկողության ներքո: Մայր Աթոռում կատարած շինարարական ուշագրավ ձեռնարկներից են «Ներսիսյան լիճ» կոչված ջրավազանի և դրան կից անտառի հիմնումը:

Կաթողիկոսական գահին Ներսես Ե Աշտարակեցուն հաջորդել է Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցին: