ՀՈՎՀԱՆՆԵՍ Ը ԿԱՐԲԵՑԻ

ՀՈՎՀԱՆՆԵՍ Ը ԿԱՐԲԵՑԻ

1831-1842

Ամենայն Հայոց կաթողիկոս 1831—ից: Հաջորդել է Եփրեմ Ա Ձորագեղցուն:

Ծնվել է 1762–ին Հովհաննավանք գյուղում (Կարբի գյուղից ոչ հեռու): Մահացել է 1842–ի մարտի 26–ին Վաղարշապատում, ամփոփվել Մայր Տաճարի դռան առջև՝ զանգակատան հյուսիսային կողմում։

Սովորել է Մուղնու վանական և էջմիածնի ժառանգավորաց դպրոցներում: Կուսակրոն քահանա է ձեռնադրվել Ղուկաս Ա Կարնեցի կաթողիկոսի օրոք: Վարդապետական աստիճան ստանալուց հետո ուղարկվել է նվիրակության: 1807–ին Դանիել Ա Սուրմառեցու կողմից օծվել է եպիսկոպոս:

Մայր Աթոռում զբաղեցրել է երկրորդական պաշտոններ: Հետագայում հմտորեն օգտագործելով Եփրեմ Ա Ձորագեղցու և Ներսես արքեպ. Աշտարակեցու միջև գոյություն ունեցող որոշ տարաձայնություններ՝ կարևոր դիրք է գրավել Հայոց եկեղեցու կառավարման մեջ:

Եղել է Վրաստանի Հայոց թեմի հոգևոր առաջնորդ (1829–1831): Այդ տարիներին լայն հալածանքներ են սկսվել Ներսես Աշտարակեցու կո կողմնակիցների դեմ, հատկապես շատ է տուժել Ներսիսյան դպրոցը, ո րը հայտնվել է փակման վտանգի առջև: Եփրեմ Ա Ձորագեղցու հրաժարականից հետո (8 հոկտեմբեր, 1830) էջմիածնի միաբանության կողմից առաջադրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս, նրա թեկնածությունը պաշտպանվել է նաև ցարական կառավարության կողմից: Ընտրությունները տեղի են ունեցել կառավարության կողմից մշակված «Կանոններ ընտրությունների մասին» փաստաթղթի հիման վրա, որի արդյունքում Հովհաննես Կարբեցին ընտրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս: 1831-ի հունիսի 30-ի Նիկոլայ 1-ի հատուկ հրովարտակով վավերացվել է այդ ընտրությունը: Օծումը տեղի է ունեցել 1831-ի նոյեմբերի 8-ին: Հովհաննես Ը Կարբեցին Հայոց կաթողիկոսներից առաջինն է, որին տրվել է թվահամար և մակդիր՝ Հովհաննես Ը (Ութերորդ), նրա ժամանակ էլ ընդունվել է նախորդ Հայոց կաթողիկոսներին պատմականորեն թվահամար-մակդիրով տարբերակելու սկզբունքը: Հովհաննես Ը Կարբեցին չի վայելել ոչ միայն Կ. Պոլսի և Երուսաղեմի պատրիարքական աթոռների համակրանքը, այլև Մայր Աթոռի և ներ քին թեմերի բարձրաստիճան շատ հոգևորականներ նրա հանդեպ որ դեգրել են շեշտված ընդդիմադիր կեցվածք:

Հովհաննես Ը Կարբեցու օրոք սկսվել է ցարիզմի կողմից Մայր Աթոռի գործունեությունը Ռուսական կայսրության կարգերին համապատասխանեցնելու քաղաքականությունը։ Ցարական կառավարությունը Արևելյան Հայաստանի միացումից անմիջապես հետո ձեռնամուխ է եղել Հայոց եկեղեցու վերաբերյալ կանոնադրության մշակմանը։ Դեռևս 1830-ի մարտին հատուկ գաղտնի հանձնաժողովը Կովկասի կառավարչապետ Ի. Ֆ. Պասկևիչին ներ կայացրել է Հայ եկեղեցու ներքին կյանքը կարգավորող կանոնադրության նախագիծը։ Հովհաննես Ը Կարբեցին չի կարողացել դիմակայել ցարիզմի եկեղեցական քաղաքականությանը և միայն «մասնավոր» կարգով է փորձել միջամտել կանոնադրության նախագծի մշակմանը։

Կանոնադրության նախագիծը որոշ փոփոխությունների ենթարկելուց հետո Նիկոլայ 1–ի կողմից վավերացվել է 1836–ի մարտի 11-ին և սկսել գործադրվել 1837–ի հունվարի 1–ից։ Այս կանոնադրությունը էապես կրճատել է Ամենայն Հայոց կաթողիկոսի և ընդհանրապես Հայոց եկեղեցու իրավասությունները։ Հովհաննես Ը Կարբեցին խուլ տրտունջով է ընդունել այս բոլորը, թեև առարկություններ է ներկայացրել կառավարությանը, սակայն դրանք հաշվի չեն առնվել։

Հովհաննես Ը Կարբեցու առջև ծառացած կարևոր խնդիրներից է եղել հոգևոր ուսումնական համակարգի՝ ծխական դպրոցների, սեմինարիաների և ճեմարանի կազմակերպումը։ Կարողացել է վերականգնել ժառանգավորաց դպրոցի և տպարանի գործունեությունը, կազմակերպել Երևանի (1837), Ղարաբաղի (1838) և Աստրախանի սեմինարիաների աշխատանքը։

Հովհաննես Ը Կարբեցու կաթողիկոսության վերջին շրջանում ռուսական մամուլում և առանձին մասնագիտական հրատարակություններում ուժեղացել են հարձակումները Հայոց եկեղեցու և նրա պաշտոնական դավանանքի դեմ, որոնցում հայերն անվանվել են արիոսական և հերետիկոս։ Հովհաննես Ը Կարբեցին 1841-ի հուլիսի 31-ին Նիկոլայ 1-ին ուղղված պաշտոնական հիշատակագրով հերքել է այդ մեղադրանքները։ Արդյունքում ցարական կառավարությունը արգելել է Հայոց եկեղեցու դեմ գրությունների հրատարակությունը։ Հովհաննես Ը Կարբեցու օրոք է կառուցվել էջմիածնի Սինոդի շենքը, կարգավորվել է գրադարանը, կատարվել են առանձին շինարարական ձեռնարկներ։

Կաթողիկոսական գահին Հովհաննես Ը Կարբեցուն հաջորդել է Ներսես Ե Աշտարակեցին։