ԵՓՐԵՄ Ա ՁՈՐԱԳԵՂՑԻ

ԵՓՐԵՄ Ա ՁՈՐԱԳԵՂՑԻ

1809-1830

Ամենայն Հայոց կաթողիկոս 1809-ից։ Հաջորդել է Դանիել Ա Սուրմառեցուն:

Ծնվել է 1748–ին Երևանին մերձ Ձորագեղ գյուղում (այժմ՝ Երևանի սահմանագծում)։ Մահացել է 1835–ի հուլիսի 16–ին Վաղարշապատում, ամփոփվել Ս. Գայանե վանքի միաբանական գերեզմանատանը։

Սովորել է էջմիածնի ժառանգավորաց դպրոցում, աչքի ընկել արտակարգ ընդունակություններով ու առաջադիմությամբ, խորացել աստվածաբանական գիտության մեջ։

Մայր Աթոռում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ։ Երկար տարիներ Հնդկաստանում եղել է նվիրակ։ 1799–ին Ղուկաս Ա Կարնեցու կարգադրությամբ նվիրակի պաշտոնով տեղափոխվել է Ռուսաստան։ Հովսեփ արքեպ. Արղության-Երկայնաբազուկի՝ Ամենայն Հայոց կաթողիկոս ընտրվելու կապակցությամբ վերջինիս կողմից առաջադրվել է Ռուսաստանի Հայոց թեմակալ առաջնորդ։ Թեմակալ առաջնորդ եղած տարիներին զգալի դեր է խաղացել հայ-ռուսական հարաբերություններն ավելի գործնական հիմքերի վրա դնելու ուղղությամբ։ Ունենալով շեշտված ռուսական կողմնորոշում՝ Հայաստանը պարսկական տիրապետությունից ազատագրելու և հայկական անկախ պետականության ստեղծման գործընթացն ամբողջությամբ պայմանավորել է Ռուսաստանից սպասվելիք օգնությամբ: Այդ նպատակով սերտ կապեր է պահպանել ռուսահայ և հնդկահայ ազատագրական շարժման գործիչների հետ: «Դավիթ-Դանիելյան կռվի» ընթացքում անվերապահորեն պաշտպանել է Դանիել Ա Սուրմառեցուն: Վերջինիս մահից հետո էջմիածնի միաբանությունը Եփրեմ Ձորագեղ ցու թեկնածությունն առաջադրել է կաթողիկոսական ընտրության համար: Նրա թեկնածությունն արժանացել է ինչպես Ռուսաց կայսր Ալեքսանդր 1–ի, այնպես էլ Պարսից թագաժառանգ Աբաս–Միրզայի հավանությանը: 1809–ի օգոստոսի 20–ին իշխան Հովակիմ Լազարյանի ուղեկցությամբ ներկայացել է Ալեքսանդր 1–ին, որի կողմից արժանացել է Ս. Աննայի առաջին աստիճանի շքանշանի: Սեպտեմբերի 12–ին Մոսկվայի Հայոց եկեղեցում մատուցել է կաթողիկոսական առաջին պատարագը, որին ներկա է գտնվել կայսրն իր ընտանիքի անդամների և կառավարության ներկայացուցիչների հետ: Եփրեմ Ա Ձորագեղցու կաթողիկոսական օծումը կատարվել է 1810–ի նոյեմբերի 6–ին:

Նրա ընտրությունն ու կաթողիկոսական գահ բարձրանալը զուգադիպել են 1804-1813–ների ռուս-պարսկական պատերազմի իրադարձություններին: Նորընտիր կաթողիկոսը հսկայական ջանք է թափել Մայր Աթոռը վտանգից զերծ պահելու համար: 1813-ի հոկտեմբերին Գյուլիս տանի Ռուս-պարսկական հաշտության պայմանագիրը նախապատրաստելու ժամանակ կողմերի միջև հանդես է եկել որպես միջնորդ: Կաթողիկոսական գործունեության առաջին շրջանում գործուն մասնակցություն է ունեցել իրադարձություն ներին: Նրա միջնորդությամբ է, որ ցարական կառավարությունը 1815-ին լուծարել է Աղվանից կաթո ղիկոսությունը և փոխարենը հաստատել նվիրապետական տեսակետից Ամենայն Հայոց կաթողիկոսությանը ենթակա մետրոպոլիտություն: Վերաբացել է Սիմեոն Ա Երևանցու հիմնած էջմիածնի ժառանգավորաց դպրոցը (1813), փորձել բարելավել Մայր Աթոռի տնտեսական ծանր վիճակը:

Նրա օրոք էլ ավելի են խստացել պարսկական կառավարության բըռ նությունները, Մայր Աթոռն ընկել է ծանր պարտքերի տակ: Դրանք վճարելու համար Եփրեմ Ա Ձորագեղցին ստիպված է եղել անձամբ զբաղվել նյութական միջոցների հանգանակությամբ և 1822-ին մեկնել է Շուշի: Պարսկական հալածանքներից ու հետապնդումներից խույս տալու նպատակով առանձնացել է Հաղպատի վանքում (1822-1826), ապա՝ տեղափոխվել Թիֆլիս, որտեղ մնացել է մինչև 1828-ը: Մայր Աթոռ Ս. էջմիածին է վերադարձել 1828-ի հունիսի 15-ին: Կյանքի այս շրջանում եղել է հիվանդ և մեծ մասամբ անկողնուն գամված, ուստի կաթողիկոսարանի ընթացիկ գործերը վարել են մերձավորագույն հոգևորականներն ու Սինոդը: Անկարելի համարելով իր հետագա կաթողիկոսական գործունեությունը՝ Եփրեմ Ա Ձորագեղցին 1830-ի հոկտեմբերի 8-ին հրաժարական է ներկայացրել, որն ընդունվել է Սինոդի կողմից և հաստատվել ցարական հրովարտակով: Կյանքի վերջին հինգ տարիներին (1830-1835) եղել է Մայր Աթոռի միաբանության անդամ, և անվանվել է «Երիցագոյն սրբազնասուրբ կաթողիկոս»: Մահացել է երկարատև ու ծանր հիվանդությունից հետո 85 տարեկան հասակում:

Կաթողիկոսական գահին Եփրեմ Ա Ձորագեղցուն հաջորդել է Հովհաննես Ը Կարբեցին: