ԴԱՆԻԵԼ Ա ՍՈՒՐՄԱՌԵՑԻ

ԴԱՆԻԵԼ Ա ՍՈՒՐՄԱՌԵՑԻ

1801-1802, 1807-1808

Ամենայն Հայոց կաթողիկոս է ընտրվել 1801-ին, սակայն գահակալել է 1807-ից:

Ծն. թ. անհտ., գ. Սուրմելի (Երևանի խանության Սուրմալուի մահալ)։ Մահացել է 18օ8–ի հոկտեմբերի 9–ին Երևանում, աճյունն ամփոփվել է Ս. էջմիածնի Մայր Տաճարի զանգակատան մոտ։

Ուսումնառությունն ստացել է Ս. էջմիածնի ժառանգավորաց դպրոցում։ Վարչական կարևոր պաշտոններ է զբաղեցրել Մայր Աթոռում։ 1796-ին Ղուկաս Ա Կարնեցի կաթողիկոսի կողմից նվիրակ է ուղարկվել Զմյուռնիա և Ռումելի։ Ռումելիի Հայոց հոգևոր առաջնորդ (1797-1799), Կ. Պոլսի Հայոց պատրիարք (1799– 1800)։ Նշանակալից ջանքեր է թափել Կ. Պոլսի պատրիարքական աթոռի դերը բարձրացնելու ուղղությամբ։ Հատկանշական է, որ կարողացել է թուրքական իշխանություն ներից արտոնություն ստանալ Ղա- լաթիայի՝ տարիներ ի վեր հրկիզյալ եկեղեցին վերականգնելու (1799)։ ժամանակակիցը նրան բնութագրում է որպես «այր խոհեմազարդ եւ գովելի վարուք, միանգամայն եւ շքեղ կերպարանօք»։ Ղուկաս Ա Կարնեցու մահից հետո առաջադրվել է կաթողիկոսության թեկնածու, սակայն ռուսաց կառավարության միջամտությամբ կաթողիկոս է ընտրվել Հոփ սեփ արքեպ. Արղության-Երկայնաբազուկը։ Հովսեփ արքեպ. Արղությանի մահից հետո երկրորդ անգամ առաջադրվել և ընտրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս (16 մարտի, 1801)։ Սակայն Կ. Պոլսից մինչև Ս. էջմիածին հասնելը, հակառակ Մայր Աթոռի միաբանության կամքի, ռուսական կառավարության աջակցությամբ կաթողիկոսական աթոռը գրավել է Դավիթ եպիսկոպոս էնեգեթցին (28 ապրիլի, 1801)։ Դանիել Ա Սուրմառեցու կողմնակիցներն էլ 1802-ի մայիսի 25-ին Բագրևանդի Ս. Հովհաննես եկեղեցում Աղթամարի Կարապետ կաթողիկոսի և 15 եպիսկոպոսների կողմից նրան օծել են Ամենայն Հայոց կաթողիկոս։ Կաթողիկոսական գահի համար բուռն պայքար է սկսվել թեկնածուների միջև, որ պատմության մեջ հայտնի է «Դավիթ-Դանիելյան կռիվ» անունով։ Դավիթ Ա էնեգեթցի կաթողիկոսը կարողացել է 1802-ի նոյեմբերին Դանիել Ա Սուրմառեցուն բռնությամբ դուրս բերել Բայազետից և տեղափոխել էջմիածին, որտեղ վերջինս կալանավորվել է, ապա՝ պարսից Ֆաթհ Ալի շահի հրամանով աքսորվել Մարաղա (1804-1807)։ Քաղաքական իրադրության կտրուկ փոփոխության հետևանքով ռուսական կառավարությունը շուտով սկսել է աջակցել Դանիել Ա Սուրմառեցուն։ «Դավիթ– Դանիելյան կռիվն» ավարտվել է նրանով, որ պարսկական կառավարությունը 1807-ին Դանիել Ա Սուրմառեցուն հետ է կանչել աքսորից և ստիպել Դավիթ Ա էնեգեթցուն հրաժարվել կաթողիկոսական աթոռից։ Դանիել Ա Սուրմառեցին կաթողիկոսական գահ է բարձրացել 1807-ի մայիսի 14-ին։

Որպես կաթողիկոս Դանիել Ա Սուրմառեցին չի հասցրել քիչ թե շատ նշանակալից գործունեություն ծավալել: 1808–ին հիմնել է Ս. էջմիածնի բարձրագույն խորհրդարանը՝ Սինոդը, որը սահմանափակել է կաթողիկոսի իշխանությունը և կոլեգիալության սկզբունք մտցրել եկեղեցու կառավարման գործում: 1808-ի սեպտեմբերի ռուսական զորքերի երևանյան երկրորդ արշավանքի ժամանակ Երևանի Հյուսեին ղուլիխանը Դանիել Ա Սուրմառեցուն տեղափոխել է իր մոտ: Այստեղ էլ՝ խանի պալատում, 1808–ի հոկտեմբերի 9–ին Դանիել Ա Սուրմառեցին կնքել է իր մահկանացուն:

Կաթողիկոսական գահին Դանիել Ա Սուրմառեցուն հաջորդել է Եփրեմ Ա Ձորագեղցին: