1780-1799
Ամենայն Հայոց կաթողիկոս 1780-ից: Հաջորդել է Սիմեոն Ա Երևանցուն:
Ծնվել է 1722-ին Կարին գավառի Կեղի (Քղի) գյուղում: Մահացել է 1799–ի դեկտեմբերի 28-ին Վաղարշապատում, ամփոփվել Ս. Գայանե վանքի գավթի հարավակողմում:
Ղուկաս Կարնեցին կրթությունն ստացել է էջմիածնի հոգևոր դպրոցում, որտեղ այն տարիներին ուսուցիչ էր ապագա կաթողիկոս Սիմեոն Երևանցին: Նրան համարել են Սիմեոնի «շնորհածին և անդրանիկ որդին»:
1751-ին Ղուկաս Կարնեցին էջմիածնի վանքում ձեռնադրվում է քահանա, այնուհետև նվիրակի պաշտոնով մեկնում Ռումելի: Ռումելիի թեմը մեծ թեմերից էր, նրա մեջ մտնում էին միմյանցից զգալի հեռավորության վրա գտնվող և տարբեր երկրների կազմի մեջ եղած հայ գաղթավայրեր: Ըստ Սիմեոն Երևանցու «Ջամբռ» ժողովածուի՝ Ռումելիի թեմն այն ժամանակ ընդգրկում էր Ռումինիայի,Մոլդովիայի, Բուլղարիայի և Ղրիմի հայաշատ բնակավայրերը: Պետք է կարծել, որ Ղուկաս Կարնեցին հաջողությամբ է կատարել այդ հանձնարարությունները, որովհետև վերադառնալուց հետո՝ 1763-ի հունիսի 17-ին, Սիմեոն Ա Երևանցու կողմից ձեռնադրվել է եպիսկոպոս: 1764-ի մարտի 11-ին Ղուկաս Կարնեցին ուղարկվում է Զմյուռնիա՝ որպես առաջնորդ ու նվիրակ:
Երբ լրացել է Ղուկաս Կարնեցու նվիրակության ժամկետը, զմյուռնացիները կաթողիկոսից խնդրել են նրան թողնել իրենց մոտ: Սիմեոն Ա Երևանցին համաձայնել է: Երբ ավարտվում է երկրորդ ժամկետը, Ղուկաս Կարնեցին գրավոր խնդրում է կաթողիկոսից հետ կանչել իրեն, սակայն Սիմեոն Ա Երևանցին «ոչ կարաց ... զայլ ոք յղել անդ, ապա երրորդ անգամ կարգեաց զնա նուիրակ և առաջնորդ»:
Կաթողիկոսն, ի դեմս իր նախկին աշակերտի, տեսնում էր ազդեցիկ, գործիմաց, շրջահայաց և կազմակերպչական ակնառու տվյալներով օժտված մի հոգևորականի, որին կարելի էր այն ծանր ու դժվարին պայմաններում վստահել Հայոց եկեղեցու ղեկավարությունը: Ուստի, հետ բերելով նրան էջմիածին՝ քաղաքական բուռն իրադարձությունների մեջ ուժասպառ եղած Սիմեոն Ա Երևանցին ծրագրել էր Ղուկաս Կարնեցուն որպես խորհրդական պահել իր կողքին:
1775-ի հունիսի 23-ին Ղուկաս Կարնեցին դուրս է գալիս Զմյուռնիայից և հաջորդ տարվա սկզբներին՝ շուրջ տասներկու տարի բացակայելուց հետո վերադառնում էջմիածին:
1780-ի հուլիսի 26–ին մահանում է Սիմեոն Ա Երևանցին: Մահից երկու օր առաջ նա կանչել էր բոլոր եպիսկոպոսներին և հայտնել, որ ինքը Ղուկասին պահել էր իր մոտ, որ «յաջորդաբար նա լիցի Հայրապետ և կառավարեսցէ զսուրբ Աթոռ յայսմ վտանգածին և վրդովեալ ժամանակիս»:
Սիմեոն Ա Երևանցու թաղումից յոթ օր անց՝ օգոստոսի 2-ին՝ կիրակի օրը, Ղուկաս Կարնեցին օծվեց կաթողիկոս: էջմիածնի միաբանները, հաշվի առնելով ստեղծված պայմանները, ստիպված էին արտակարգ հապճեպությամբ, առանց դրսի հայերի գիտության ու համաձայնության կատարել նոր կաթողիկոսի ընտրությունը՝ մի բան, որ կարող էր հայության մեջ դժգոհություն և պառակտում առաջ բերել:
Ղուկաս Ա Կարնեցին գործնական քայլեր է ձեռնարկել օտար տիրապետություններից Հայաստանի ազատագրության ուղղությամբ: 1782–ին դիմել է ռուսական կառավարությանը՝ հայ ժողովրդին պարսկական տիրապետությունից ազատագրելու խնդրանքով: 1796–ին հատուկ խնդրագիր է հղել Ռուսաստանի կայսր Պավել 1–ին, որպեսզի վերջինս իր հովանավորության տակ վերցնի հայ ժողովրդին և ճանաչի Ս. էջմիածնի հոգևոր իշխանությունը Ռուսաստանի հայերի նկատմամբ (այդ խնդրանքը բավարարվել է 1798–ի փետրվարի 26–ի կայսերական հրովարտակով): Թեև Ղուկաս Ա Կարնեցու գործունեությունը ընթացավ քաղաքական անբարենպաստ պայման ներում, բայց և այնպես նա կարողացավ իրականացնել մի շարք շինարարական ու վերանորոգչական աշխատանքներ: 1786–ին Հովնաթան Հովնաթանյանին նկարազարդել է տվել էջմիածնի Մայր Տաճարը: Նրա հորդորանքով է, որ Հարություն Շմավոնյանը 1794–ին Մադրասում հրատարակել է հայկական առաջին պարբերական «Ազդարար»–ը: Մեզ են հասել Ղուկաս Ա Կարնեցու գրագրությունների սևագիր մատյանները, ինչպես և բազմաթիվ կոնդակներն ու նամակները (մոտ 6000), որոնք գրվել են նրա գահակալության տարիներին տարբեր վայրերում գտնվող նվիրակներին ու առաջնորդներին, աշխարհիկ ու հոգևոր անձանց: