ՍԻՄԵՈՆ Ա ԵՐԵՎԱՆՑԻ

ՍԻՄԵՈՆ Ա ԵՐԵՎԱՆՑԻ

(1763-1780)

Ամենայն Հայոց կաթողիկոս 1763–ից։ Հաջորդել է Հակոբ Ե Շամախեցուն։

Ծնվել է 1710–ին Երևանում։ Մահացել է 1780—ի հուլիսի 26–ին Վաղարշապատում, ամփոփվել Ս. Գայանե վանքի գավթի հարավային կողմում։

Ուսանել, ապա դասավանդել է էջմիածնի Մայր Աթոռի դպրոցում։ Եղել է էջմիածնի նվիրակ Կ. Պոլսում և Մադրասում։ Կաթողիկոս ընտրվելուց հետո ամրապնդել է էջմիածնի կաթողիկոսության քաղաքական դերը, հեղինակությունն ու նյութական բարեկեցությունը։ Սիմոն Ա Երևանցին հետևողական պայքար է մղել Հայ եկեղեցու միասնության համար, դադարեցրել կաթոլիկական քարոզչությունն Ախալցխայում, Ալաշկեր տում, Բայազետում։ Մեծ ջանքեր է գործադրել Գանձասարի կաթողիկոսության նկատմամբ էջմիածնի իրավունքները պահպանելու, մահմեդական իշխողների ոտնձգություններից Հայ եկեղեցին պաշտպանելու ուղղությամբ։ Սիմեոն Ա Երևանցու գործուն միջամտությամբ Արցախում դադարեցվել է ինչպես հակաթոռ կաթողիկոսների միջև եղած պայքարը, այնպես էլ նրանց անհնազանդությունը Մայր Աթոռի հանդեպ։

Իրանական և Թուրքական տիրապետության պայմաններում, քաղաքական նկատառումներով ստիպված է եղել դատապարտել Հայաստանի ազատագրման Հովսեփ Էմինի ծրագիրը, ապա նաև Մադրասի խմբակի գործունեությունը։ Սակայն դեմ չի եղել Հայաստանի ազատագրմանը որևէ հզոր քրիստոնյա պետության օգնությամբ և այդ նպատակով կապ է հաստատել ռուսական արքունիքի հետ։

էջմիածնի կաթողիկոսության իրավունքը ռուսահայոց թեմի նկատմամբ վերականգնելու համար 1766-ի օգոստոսի 1-ին Դավիթ վարդապետի գլխավորությամբ պատվիրակություն է ուղարկել Ս. Պետեր բուրգ՝ Եկատերինա II կայսրուհուն ուղղված կոնդակով։ Կայսրուհին 1768-ի հրովարտակով հաստատել է էջմիածնի Մայր Աթոռի իրավասությունը ռուսահայոց թեմի նկատմամբ։ Այդ վիճակն ամրապնդելու համար Սիմեոն Ա Երևանցին 1773-ին ռուսահայոց առաջնորդ է կարգել Հովսեփ արքեպ. Արղության-Երկայնաբազուկին։

 

Սիմեոն Ա Երևանցին ծավալել է շինարարական և կրթական լայն գործունեություն։ 1766–ին պարսպապատել է էջմիածնի վանքը, կառուցել նոր սեղանատուն, վանական դպրոցի նոր շենք, նորոգել Վեհարանը, տաճարի տանիքը և սյուներից մի քանիսը։ Աշխուժացրել է էջմիածնի դպրոցի գործունեությունը, հիմնել էջմիածնի տպարանը (1771) և թղթի գործարանը (1776)։

 

Սիմեոն Ա Երևանցին հեղինակ է կրոնական, փիլիսոփայական, պատմական բնույթի մի շարք երկերի։ Յայ պատմագրության աչքի ընկնող երկերից է 25 գլխից բաղկացած նրա «Ջամբռ» (Վաղարշապատ, 1873) աշխատությունը, որտեղ համառոտակի շարադրել է Յայ եկեղեցու պատմությունը, ճշգրտել նախորդ կաթողիկոսների գահակալման տարիները, հակաթոռ կաթողիկոսությունների և պատրիարքությունների անջատողական գործունեության հասցրած վնասը։ Մի շարք գլուխներում ներկայացրել է հայոց տերունի (Մայր Աթոռին անմիջաբար հարկատու) և առաջնորդական վիճակները, դրանց սահմանները, բնակավայրերը, հասույթների գանձման կարգը, կաթողիկոսի իրավունքներն ու արտոնությունները, Աղվանից (Գանձասարի), Աղթամարի և Կիլիկիայի կաթողիկոսությունների սահմանափակ իրավասությունները։ Երկի 20–24–րդ գլուխներում բերված է Յայ եկեղեցուն իրանական և թուրքական իշխանությունների շնորհած հրովարտակների, հրամանագրերի, պաշտոնագրերի բովանդակությունը։ Վերջին գլուխը նվիրված է Երևանի խանության 21 վանքերին։ Սիմեոն Ա Երևանցին գրել է նաև դավանաբանական («Գիրք որ կոչի պարտավճար», Ս. էջմիածին, 1779-1783), փիլիսոփայական («Յամառօտ լուծմունք Պորփիւրի», Մատենադարան, ձեռ. 1818, թ. 4ա–36ա), մեկնողական («Մեկնութիւն Պրոկղի», ձեռ. 2573, թ. 1ա–164ա, «Լուծմունք արտաքին գրեանցն», ձեռ.  1817, թ. 43բ–49ա, 51 բ–113բ, 114ա–50բ), քարոզխոսական (Մատենադարան, ձեռ. 2212, 2314) երկեր, հայրենասիրական, հայ ժողովրդի ծանր ներկան ողբացող տաղեր և աղոթքներ («Գիրք աղօթից, որ կոչի Զբօսարան հոգեւոր»,1772)։ Ծեսերի ու արարողությունների մեջ միաձևություն մտցնելու նպատակով լրացրել, կարգավորել և հրատարակել է Յայ եկեղեցու «Տօնացոյցը» (հատ. 1–2, Ս. էջմիածին, 1774)։ Այն գործադրվել է 1777-ի սկզբից։

 

Կաթողիկոսական գահին Սիմեոն Ա Երևանցուն հաջորդել է Ղուկաս Ա Կարնեցին։