ԱՂԵՔՍԱՆԴՐ Բ ԲՅՈՒԶԱՆԴԱՑԻ

ԱՂԵՔՍԱՆԴՐ Բ ԲՅՈՒԶԱՆԴԱՑԻ

1753-1755
(Կոստանդնուպոլսեցի, Գարազաշ, Կարակաշ)

Ամենայն Հայոց կաթողիկոս 1753-ից: Հաջորդել է Մինաս Ա Ակ֊ նեցուն:

Ծնվել է Կ. Պոլսում, ծն. թ. անհտ., մահացել է 1755–ի նոյեմբերի 11-ին Վաղարշապատում: Ամփոփվել է Մայր Տաճարի դռան մոտ՝ զանգակատան ներքև:

Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում: Եղել է Մայր Աթոռի միաբան, վարդապետ, նվիրակ (Եվդոկիա): Աբրահամ Գ Կրետացու կողմից նշանակվել է փոխանորդ: Նա բազմիցս ուղեկցել է Աբրահամ Գ-ին և Ղազար Ա Ջահկեցուն Նադիր շահին տեսության: Ընդդիմացել է Ղազար Ա Ջահկեցու բռնարարքներին, որի պատճառով նրա կողմից ենթարկվել է հետապնդումների ու հալածանքների, քանիցս բանտարկվել է: Ստիպված է եղել հեռանալ էջ֊ միածնից և տեղափոխվել Կ. Պոլիս, որտեղ վարել է առանձնացած ու մեկուսի կյանք:
Մինաս Ա Ակնեցու մահից հետո 1753–ի հունիսի 22–ին Կ. Պոլսում հրավիրված աշխարհիկ և հոգևոր բարձրաստիճան անձանց ժողովում միաձայն ընտրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս: 1753–ի հոկտեմբերին դուրս է եկել Կ. Պոլսից և 1754–ի մարտի սկզբներին հասել էջմիածին, օծումը կատարվել է մարտի 6–ին: Աթոռակալել է ընդամենը մեկուկես տարի և չի հասցրել որևէ նշանակալից գործունեություն ծավալել: ժամանակակիցը նրան բնութագրել է «այր հեզաբարոյ եւ բազմաշխատ»:
Զբաղվել է նաև մատենագրությամբ. մեզ են հասել նրա հեղինակած մի քանի գրություններ, նամակներ, կոնդակներ: Առանձնակի արժեք ունի 1754–ին գրված նրա հիշատակարանը, ուր պատմում է իր կաթողիկոս ընտրվելու և օծվելու պարագաները («Դիվան Հայոց պատմության», գիրք Գ, Թիֆլիս, 1899): Մահացել է կարճատև հիվանդությունից հետո:

Կաթողիկոսական գահին Աղեքսանդր Բ Բյուզանդացուն հաջորդել է Հակոբ Ե Շամախեցին: