(1751-1753)
Ամենայն Հայոց կաթողիկոս 1751-ից: Հաջորդել է Ղազար Ա Ջահկեցուն։
Ծն. թ. անհտ., Ակն, մահացել է Վաղարշապատում 1753–ի մայիսի 12–ին: Ամփոփվել է Ս. Գայանե վանքի բակի ձախակողմյան հատվածում:
Ուսումնառությունն անցկացրել է Բաղեշի Ամրդոլու վանքի դպրոցում, աշակերտել Վարդան Բաղիշեցուն; Եղել է Մշո Ս. Կարապետի վանքի միաբան, ապա՝ առաջնորդ (1730-1749): 1749–ի մարտին ընտրվել է Կ. Պոլսի Հայոց պատրիարք։ Թեև պաշտոնավարել է ոչ շատ երկար ժամանակով (1749-1751), սակայն եռանդուն ջանքերի շնորհիվ կարողացել է ամրապնդել ինչպես Կ. Պոլսի, այնպես էլ Երուսաղեմի պատրիարքարանների դիրքերը։ Նպաստել է, որ Հովհաննես Կոլոտը նշանակվի Երուսաղեմի Հայոց պատրիարք։ Աչքի է ընկել իր խոհական, հեզաբարո խաղաղասիրական ընթացքով։ ժամանակակիցը նրան ներկայացնում է որպես «հեզահոգի, քաղցրաբարոյ, աստուածահանճար վարդապետ»։ Հատկանիշներ, որ կարևոր դեր են խաղացել նրա հետագա գործունեության ընթացքում։ Ղազար Ա Ջահկե- ցու մահից հետո Ս. էջմիածնի միաբանները և Կ. Պոլսի ազգային-եկեղեցական շրջանները նրա թեկնածությունը համերաշխ առաջադրել են կաթողիկոսական ընտրությունների ժամանակ։ 1751-ի մայիսին ընտրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս։ Կաթողիկոսական օծումը ստացել է 1751-ի սեպտեմբերի 15-ին։ Կաթողիկոս ընտրվելուց հետո Մինաս Ա Ակնեցին վերջ է տվել Ս. էջմիածնի միաբանությունում հոգևորականների միջև բուն դրած անմիաբանությանն ու հակասություններին։ Սակայն վերահաս մահը թույլ չի տվել առավել լայն գործունեություն ծավալել։ Զբաղվել է նաև մատենագրությամբ, ինչպես հավաստում է Սիմոն Երևանցին՝ «ունի զգրեանս դատաւորականս հոգացեալ»։
Կաթողիկոսական գահին Մինաս Ա Ակնեցուն հաջորդել է Աղեքսանդր Բ Բյուզանդացին։