ՂԱԶԱՐ Ա ԶԱՀԿԵՑԻ (Ճանկեցի)

ՂԱԶԱՐ Ա ԶԱՀԿԵՑԻ (Ճանկեցի)

1737-1751

Ամենայն Հայոց կաթողիկոս 1737-ից։ Հաջորդել է Աբրահամ Գ Կրետացուն:

Ծնվել է մոտավորապես 1685–ին Նախիջևանի Ջահուկ (ճահուկ) գյուղաքաղաքում, մա­հացել 1751-ի սկզբներին Վաղարշապատում։ Ամփոփվել է Ս. Գայանե վանքի գավթի աջակողմում։

Ըստ Ղազար Ջահկեցու աշա­կերտ ու կենսագիր Հովհաննես Ամասիացու՝ 16ամյա հասակում Ղազար Ջահկեցին ընդունվել է Շատիկի Անապատի դպրոցը և ուսումնառու­թյունից հետո վանահայր Ստեփանոս Կաֆայեցու կողմից քարոզչու­թյան է ուղարկվել Ամասիա, որտեղ մնացել է մեկ տարի։

Աստվածատուր Ա Համադանցի կաթողիկոսի հրավերով ժամանել է էջմիածին և ձեռնադրվել եպիսկո­պոս, իսկ այնուհետև ուղարկվել նվի­րակության Պոնտոս, Ամասիա, Եվդոկիա և Կեսարիա։ Նվիրակությամբ էր զբաղված, երբ վախճանվեց Աստվա­ծատուր Ա Համադանցին և շուտով կաթողիկոս օծվեց Կարապետ Բ Ուլնեցին։ Վերադառնալով էջմիածին՝ Ղազար Ջահկեցին կրկին նվիրակու­թյան է ուղարկվում, այս անգամ Ռումելի և Կաֆա, իսկ Կաֆայում եղած ժամանակ լուր է ստացվում Կարա­պետ Բ Ուլնեցի կաթողիկոսի վախ­ճանի ու Աբրահամ Բ Խոշաբեցու ընտրության մասին։ Վերադառնալով էջմիածին՝ Ղազար Ջահկեցին սիրալիր ընդունելության է արժանանում նորընտիր կաթողիկոսի կողմից։ էջմիածնի կուտակված պարտքերի վճարման նպատակով Ղազար Ջահկեցին կաթողիկոսից հրաման է ստա­նում նվիրակության գնալու Կ. Պոլիս։ 1730-ին Թահմասպ շահի արշավան­քը դեպի Երևան որոշ ժամանակ խոչընդոտում է ուղևորությունը, սակայն շահի հեռանալուց հետո Ղազար Ջահկեցին իր ուղեկից Հովհաննես Ամասիացու հետ ուղևորվում է Կարս, այնուհետև՝ Դարանաղյաց գավառ, Եվդոկիա, և ապա Կ. Պոլսում հյու­րընկալվում Հովհաննես Կոլոտ Բաղիշեցի պատրիարքի մոտ։ Ավարտե­լով նվիրակությունը Կ. Պոլսում և Սկյուտարում՝ Թրակիայի առաջնորդ Աբրահամ Կրետացու կողմից հրա­վիրվում է Ադրիանուպոլիս, որտեղ ավարտելով նվիրակությունը, կրկին ժամանում է Կ. Պոլիս: Շարունակե­լով նվիրակությունը՝ նա անցնում է Նիկոմեդիա, Քյոթահիա, Բուրսա և Զմյուռնիա, որտեղ և որպես հայրապետական նվիրակ համեմատաբար մնացել է երկար:

Իր ճարտասանությամբ, նվիրա­կությունների ընթացքում քարոզչա­կան արվեստով ու հոգևոր եկեղեցա­կան աշխույժ գործունեությունը զու­գակցելով գրական վաստակով՝ Ղա­զար Ջահկեցին որոշակի հեղինա­կություն էր ապահովել, որի շնորհիվ Աբրահամ Գ Կրետացու մահից հետո Գրիգոր Շղթայակիր և Հովհաննես Կոլոտ պատրիարքներից հետո նա համարվում էր կաթողիկոսական ա­թոռի առավել ընդունելի թեկնածու: Գրիգոր Շղթայակրի ու Հովհաննես պատրիարքի հրաժարականներից հետո ընտրությունը կանգ է առնում Ղազար Ջահկեցու թեկնածության վրա, և նա Զմյուռնիայից ճանա­պարհվում է էջմիածին ու ստանձ­նում կաթողիկոսական գահը:

էջմիածնում Ղազար Ա Ջահկե­ցին ծավալել է բուռն գործունեու­թյուն: Նրա գահակալումը համընկել է Իրանում Նադիր շահի (1736-1747) կառավարման ալեկոծ ժամանակնե­րին, երբ կենտրոնացված պետու­թյան ստեղծմանն ուղղված վերջի­նիս քաղաքականությունն ուղեկցվել է հարկահավաքման խստացումնե­րով ու դաժան պատիժներով:

Նադիր շահի պահանջով Ղազար Ա Ջահկեցին 1744-ին այցելել է Մեշհեդ, որտեղ պարտադրվել է վճարել ծանր տուգանք և ապա ձերբակալ­վել: Հակոբ եպս. Շամախեցին, որ կաթողիկոսական տեղապահն էր, լայն միջնորդություններ է կազմա­կերպել Նադիր շահին համոզելու՝ Հայոց կաթողիկոսին ազատ արձա­կելու և կրկին իր աթոռին վերադարձ­նելու նպատակով: Վեց ամիս անց Ղազար Ա Ջահկեցին բանտից ա­զատվել է և վերահաստատվել կաթո­ղիկոսական գահին: Պարսկական իշխանությունների բռնություններից խույս տալու համար նա փախել է Կարին: էջմիածնում հրավիրված ժողովը զրկել է նրան կաթողիկոսական գահից, աքսորել Սևան և կաթողիկոս ընտրել Պետրոս արքեպ. Քյություրին: Սակայն 10 ամիս անց Ղազար Ա Ջահկեցուն հաջողվում է ազատվել բանտից, վերադառնալ էջմիածին և կրկին բազմել կաթողիկոսական ա­թոռին: Պետրոս Քյություրը ձերբա­կալվում է, ուղարկվում Ջահուկ, որ տեղ և կնքում է իր մահկանացուն: Ա­ջակցել է Իմամ Ջաֆարի օրենքի կի­րարկումից և Նադիր շահի հալա­ծանքներից խույս տված, Նախիջևա­նից Արևմտյան Հայաստան ու Զմյուռնիա փոխադրված բնակչու­թյանը սեփական ծննդավայրեր վե­րադարձնելու գործին:

Կառուցել է էջմիածնի վանքի Վե­հարանը և Ղազարապատ հյուրա­տունը: Ղազար Ա Ջահկեցին Մայրավանք է հրավիրել Նաղաշ Հովնաթանի Հակոբ և Հարություն որդիներին, որոնք 1750-ին Մայր Տաճարում կա­տարել են ծաղկազարդման աշխա­տանքներ:

Երկասիրել է «Գիրք Աստուածա­բանութեան, որ կոչի Դրախտ ցան­կալի» աշխատությունը (1735), որ նվիրված է Հայոց ինքնության, հայ րենիքի ազատագրության ու եկեղեցու դավանանքի պաշտպանությանը, գրել է տաղեր, որ ամփոփված են «Գիրք նորաբոյս, որ կոչի երգարան» (1737), «Գիրք աղօթից, որ կոչի Աստուածաղերս» (1744)։


 Կաթողիկոսական գահին Ղազար Ա Ջահկեցուն հաջորդել է Մինաս Ա Ակնեցին։