(1520-1536)
1520 թ. Զաքարիա կաթողիկոսին հաջորդեց Սարգիս Դ Վրաստանցին՝ ըստ Առաքել Դավրիժեցու, որը նրան հիշում է նաեւ 1523 թ., իսկ հաջորդ կաթողիկոսին հիշում է միայն 1536-ին: Ըստ այդմ էլ ստացվում է, որ նա հովվապետել է 1520-1536 թթ.: Այս տվյալի ճշտությունը որոշվում է նաեւ Սիմեոն Երեւանցի կաթողիկոսի հաղորդմամբ, իսկ այլ հիշատակություններ պարզապես չկան: Սարգիս Գ եւ Դ կաթողիկոսների նույնությունը փորձել է բարձրացնել Ղ. Ալիշանը, սակայն նման կասկածները Մ. Օրմանյանը համարում է անհիմն: Դա հնարավոր չէ ո՛չ ժամանակագրական եւ ո՛չ էլ այլ տեսակետից: Հատկապես անհասկանալի է, թե ինչու կաթողիկոսը պետք է 35 տարի մեկուսանար Վրաստանում, իսկ հետո գար Էջմիածին եւ պաշտոնավարեր 16 տարի: Առաքել Դավրիժեցին չի հիշատակում Սարգիս Դ-ի աթառակալության շրջանում որեւէ աթոռակցի, չնայած, դատելով նոր կարգից, աթոռակցի գոյությունը չի կարելի ժխտել:
Սարգիս Դ-ի կաթողիկոսական աթոռ բարձրանալու տարում՝ 1520 թ. սեպտեմբերի 22-ին, մահացավ Սելիմ Ահեղը, որին հաջորդեց Սուլեյման Ա Կանունին կամ Օրենսդիրը՝ օսմանյան արքայատոհմի առավել նշանավոր ներկայացուցիչը: Սա 1521 թ. հունվարին ճնշեց Ասորիքի ապստամբությունը, նույն թվի օգոստոսի 29-ին հունգարներից գրավեց Բելգրադը, իսկ 1522-ի դեկտեմբերին՝ լատին ասպետներից Հռոդոսը: Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկոս Ա-ն եւ Գերմանիայի կայսր Կարլոսը, նեղվելով ներքին խնդիրներից, իսկ Լեւոն Ժ պապը, պայքարելով նորաղանդության դեմ, չկարողացան օգնել լատիններին: 1524-ին Պարսկաստանում մահացավ շահ Իսմայիլը, եւ նրան փոխարինեց Թահմազ շահը, որին հայ պատմիչներն ընդհանրապես ներկայացնում են որպես դրական անձնավորություն: Սուլեյմանը, որ հայտնի է նաեւ Փառաշուք անունով, հասավ մինչեւ Վիեննա, չնայած 1529 թ. հոկտեմբերի 14-ին ձմռան պատճառով վերացրեց գերմանական կայսրության մայրաքաղաքի պաշարումը:
1526-1527 թթ. նրա զորքերի կողմից մեծապես վնասվեցին Կիլիկիայի արդյունաշատ քաղաքները եւ ընդհանրապես կիլիկեհայությունը: Հովհաննես Բ Թլկուրանցի կաթողիկոսը մահացավ 1525-ին, եւ այդ ահավոր իրադարձությունները տեղի ունեցան Հովհաննես Գ Քիլիսցի կաթողիկոսի օրոք: Վիճակն առանձնապես լավ չէր նաեւ Կոստանդնուպոլսում, որտեղ Նիկողայոս պատրիարքի՝ 1489 թ. մահվանից հետո հաջորդեցին Կարապետը (մինչեւ 1509 թ.) եւ Մարտիրոսը (մինչեւ 1526), որոնց գործունեության մասին տեղեկություններ չեն պահպանվել: Հայտնի է լոկ, որ Մարտիրոսի օրոք Կոստանդնուպոլսի հայության մեջ մեծացավ թավրիզեցի եւ ընդհանրապես պարսկաստանցի հայերի թիվը: Նրանց տեղափոխեց Սելիմ սուլթանը՝ 1514 թ. հաղթանակից հետո: Մարտիրոս պատրիարքին հաջորդեց Գրիգոր Վաղարշապատցին, որը Զաքարիա Բ կաթողիկոսի եղբորորդին էր: Օսմանյան նվաճումների հետեւանքով Էջմիածնի շատ վիճակներ հայտնվեցին Օսմանյան կայսրության մեջ, ինչի հետեւանքով Էջմիածնի կաթողիկոսության դիրքերը գնալով ամրապնդվեցին, եւ Կոստանդնուպոլսի պատրիարքությունը ենթարկվեց Էջմիածնի կաթողիկոսությանը: Դրանում կարեւոր դեր խաղաց նաեւ Գրիգոր Վաղարշապատցու՝ Կ. Պոլսի պատրիարք դառնալը:
Շատ չանցած՝ Սուլեյման սուլթանն իր հայացքը հառեց կայսրության արեւելյան տիրույթներին, որտեղ լուրջ տեղաշարժեր էին կատարվել: Զուլֆիքար խանը, որ Բաղդադի կուսակալն էր, խոստացել էր օսմաններին հանձնել իր ենթակայության տակ գտնվող քաղաքը, սակայն Բաղեշի կամ Բիթլիսի օսմանյան կուսակալ Շերիֆ բեյը դեռ մինչ այդ իր կուսակալությունը հանձնեց պարսիկներին: 1572 թ. Արեւելք ուղարկվեց սուլթանի սիրելի Իբրահիմ փաշան, որը ձմեռեց Հալեպում, գարնանը գրավեց Խլաթ, Արճեշ, Ալջավազ, Վան եւ Ուրմիա քաղաքները, իսկ 1533 թ. հուլիսի 13-ին Թավրիզ մտավ անձամբ ինքը՝ Սուլեյման սուլթանը:
Նա քաղաքը գրավեց սեպտեմբերի 20-ին, որից հետո արշավեց Բաղդադի վրա, որը գրավվեց 1533 թ. դեկտեմբերի 31-ին: Նա կրկին Թավրիզ ուղեւորվեց միայն 1534 թ. օգոստոսի 2-ին, իսկ 1535 թ. հունվարին հաղթականորեն վերադարձավ Կոստանդնուպոլիս: Նոր նվաճումների հետեւանքով էլ ավելի ստվարացավ օսմաններին հպատակ հայերի թիվը: Սակայն, չնայած այդ հաջողություններին, օսմանները չկարողացան իրենց ձեռքում պահել Էջմիածինը, որը մնաց պարսիկների ենթակայության ներքո: Այս ընթացքում բարելավվեցին օսմանների եւ ֆրանսիացիների հարաբերությունները, եւ վերջիններս պայմանագրով մեծ ազատություններ ու արտոնություններ ստացան Օսմանյան կայսրությունում: Հենց այդ շրջանում էլ՝ 1536-ին, մահացավ Սարգիս Դ Վրաստանցին: Մահվան պարագաների մասին ոչինչ հայտնի չէ: Դժբախտաբար այդ խառնակ ժամանակների համար պատմությունը պահպանել է միայն կաթողիկոսների անունները:
Այս ընթացքում հայ նոր նահատակներ եղան: Նրանցից էր Բարունակ Ամդեցին՝ հայտնի նաեւ Պուտախ մականունով, որն արեւորդի հոր եւ քահանայի դուստր մոր զավակ էր: Նա Դիարբեքիրում կամ Ամիդում հաճույքով հաճախում էր հայոց եկեղեցի, կրթվում եկեղեցու աբեղաների մոտ եւ հետաքրքրվում «Յայսմաւուրք»-ի վկայություններով եւ օրեցօր դառնում ջերմեռանդ քրիստոնյա: Հիանալի տիրապետում էր թուրքերենին, պարսկերենին եւ արաբերենին եւ մահմեդականներին ծանոթացնում էր քրիստոնեական վարդապետությանը: Երեք տարի անց մահմեդականները նրան նենգությամբ տանում են շեյխի մոտ եւ լուրեր տարածում, թե իսլամացել է: Պուտախը հրաժարվում է դրանից, սակայն նրան բռնությամբ ներկայացնում են դատավորին, հետո՝ կուսակալին, բանտարկում են երեք օրով եւ կիրակի օրը ենթարկում հարցուփորձի ու տանջանքների: Նրա մարմինն այրում են եւ վիրավոր վիճակում կրկին նետում բանտ: Բարունակի վրա չեն ազդում հաջորդ օրվա ստիպումներն ու սպառնալիքները, եւ նրան անարգաբար հրկիզում են: Պուտախը նահատակվեց 1524 թ. հունիսի 13-ին:
Այս շրջանից հայտնի են մի քանի վկաների լոկ անունները. Մալաթիայի եկեղեցու լուսարար Կարապետ Մելիտենացին՝ 1524-ին, Թորոս Եդեսացին՝ 1528-ին, Հայրապետ Տեւու վանքի աբեղան՝ 1533-ին, Թադեոս Սեբաստացի երեցը՝ 1534-ին, Շանքուռակ գյուղի քահանան (անունը հայտնի չէ)՝ 1535-ին: Բոլորն էլ հրկիզվել են: Քիչ թե շատ տեղեկություներ են պահպանվել Օգճա Սեբաստացու մասին: Մահմեդական զինվորները, նրան տնից հանելով, տանում են դատարան, թե իրենց հայհոյել է: Ստիպում են մահմեդականանալ, տանջում են, կտրում լեզուն, գանահարում, խոցոտում եւ վերջապես հրապարակ տանելով՝ գլխիվայր ցցահար են կանգնեցնում ու քարկոծելով սպանում՝ 1536 թ.: Եղել է ազնվական եւ խոջա, սակայն տաղում ներկայացվում է որպես քաջ մանուկ:
Ինչպես վերը նշվեց, Լեւոն Ժ պապը զբաղված էր նոր աղանդի դեմ պայքարելով: Վերջինս, որ բողոքականությունն էր, գնալով ընդլայնվում էր ու տարածվում: Քրիստոնեական այս «ազատամիտ» վարդապետությունը քարոզվում էր Վիքլեֆի եւ Հուսի կողմից: Ենթադրություն կա, որ այն իր ակունքներով հասնում է մինչեւ պավլիկյան շարժում, որի հետեւորդները, ճնշվելով Ասիայում, անցան Եվրոպա՝ ծնունդ տալով Բուլղարիայում բոգոմիլյան եւ Ֆրանսիայում ալբիգոյանների շարժումներին: Ալբիգոյանների դեմ դուրս եկան Դոմինիկյան միաբանությունը եւ Հռոմի հավատաքննությունը: Հավատքի հարցերն ամենայն հետեւողականությամբ մեջտեղ քաշվեցին Մարտին Լյութերի կողմից (Հալլե-Վետտենբերգ): Դրան նպաստեց երկու պատրվակ. Հուլիոս Բ պապը, որը ռազմագետ էր ու քաղաքագետ, 1503-ին դառնալով պապ, որոշեց ֆրանսիացիներին ու գերմանացիներին Իտալիայից վտարել, իսկ նրա հաջորդ՝ Լեւոն Ժ-ն 1516-ին Ֆրանսիայի հետ համաձայնություն էր կնքել, որով Պիտրուրգիայի կանոնները վերացվում էին, ինչն առաջ բերեց Գերմանիայի դժգոհությունը: Կրակի վրա յուղ լցրեց Լեւոն Ժ-ի մեկ այլ քայլը, երբ Վատիկանի Սբ Պետրոսի տաճարը կառուցելու համար, միջոցներ հայթայթելու նպատակով, մեղքերի լիակատար թողության ու ապաշխարության փոխարեն նպաստահավաք ձեռնարկեց, որի կատարումը 1517 թ. սեպտեմբերի 13-ի կոնդակով հանձնեց Դոմինիկյան միաբաններին, ինչը մինչ այդ Ավգուստինյան միաբանների իրավունքն էր:
Ավգուստինյան միաբան էր Մարտին Լյութերը, որը պաշտպանեց իր միաբանության իրավունքները: Նա հանդես եկավ դրամով թողություն տալու սկզբունքի դեմ եւ պապական իշխանությունը հիմնովին քննության առնելով՝ այն մեղադրեց զեղծումների մեջ: Մարտին Լյութերի ձեռնարկը մեծ ընդունելություն գտավ Ավգուստինյան կրոնավորների կողմից: Նրան պաշտպանեցին Գերմանիայի շատ իշխաններ եւ ժողովուրդը՝ հանդիմանելով Հռոմի պապին՝ հակագերմանական գործունեության համար: Պայքարը սրվեց, եւ Լեւոն Ժ-ն 1520 թ. հուլիսի 14-ին նզովեց Լյութերի դրույթները, իսկ 1521 թ. հունվարին՝ անձամբ Լյութերին: Դա էլ նպաստեց այն բանին, որ բողոքականությունը զատվի կաթոլիկությունից եւ ինքնուրույն կարգավիճակ ձեռք բերի ոչ միայն Գերմանիայում, այլեւ ուրիշ երկրներում: Այն տարածվեց գերմանախոս Շվեյցարիայում՝ Ուլրիխ Ցվինգելի քարոզչությամբ, որը Ցյուրիխի ավագերեցն էր եւ 1522-ին բողոքեց՝ մեղքերը դրամի դիմաց ներելու սկզբունքի դեմ: Նրան հետեւեց Շվեյցարիայի գավառների մեծ մասը: Շվեյցարիայի ֆրանսախոս մասում բողոքականության պաշտպան դարձավ Ժան Կալվինը, որն իր բողոքական համոզումների մասին առաջին անգամ հայտարարեց 1532-ին Փարիզում: Վերադառնալով Շվեյցարիա՝ նա իր կենտրոնը դարձրեց Ժնեւ քաղաքը եւ զբաղվեց բողոքական վարդապետության մշակմամբ: Դանիայում բողոքական քարոզով աչքի ընկավ Յոհաննես Թաուզնեն՝ Քրիստիան Բ եւ Գ թագավորների օրոք եւ նրանց պաշտպանությամբ: 1536-ին բողոքականությունը Դանիայում ազգային կրոն հռչակվեց: Բողոքականության հետեւեցին Նորվեգիան, Շվեդիան, Իսլանդիան, որ Դանիայի իշխանության տակ էին:
Շվեդիայում բողոքականությունը տարածեցին Ալավոս եւ Լաուրենտիոս Պետերսոն եղբայրները:
Անգլիայում Հենրի Ը թագավորը 1521-ին Լյութերի դեմ հանդես եկավ, բայց երբ Հռոմի պապը մերժեց հաստատել նրա ամուսնալուծությունը Կատարինե Արագոնացու եւ ամուսնությունը Աննա Բոլեյնի հետ, նա Թովմաս Կրոմվելի խորհրդով Անգլիայի Եկեղեցին բաժանեց Հռոմից: Սկիզբ դրվեց Անգլիկան Բողոքական Եկեղեցուն, որը վերջնականապես ձեւավորվեց 1534-ին: