ԶԱՔԱՐԻԱ Բ ՎԱՂԱՐՇԱՊԱՏՑԻ

ԶԱՔԱՐԻԱ Բ ՎԱՂԱՐՇԱՊԱՏՑԻ

(1515-1520)
 

Զաքարիայի կաթողիկոսանալն ընդհանրապես դրվում է 1515-ին, չնայած, ինչպես ճիշտ նշում է Մ. Օրմանյանը, դա կարող էր տեղի ունենալ ավելի վաղ: Հավանաբար սա եւս եղել է աթոռակից եւ ապա միայն դարձել անկախ հայրապետ: Սակայն հայտնի չէ, թե նա երբ աթոռակից դարձավ: Մ. Օրմանյանը հակված է վերապահությամբ դնելու 1506 թ.: Մինչ Զաքարիան մահացել էին Սարգիս Գ Մյուսայլի մյուս աթոռակիցները, եւ Զաքարիան հաջորդեց նրան 1515-ին կամ դրանից մի փոքր առաջ:


Զաքարիայի կաթողիկոսանալու շրջանում տեղի ունեցավ Օսմանյան պետության մեծ արշավանքը Սեֆյան Պարսկաստանի դեմ: Օսմաններին գլխավորում էր Սելիմ Ահեղ սուլթանը: Նա գահ էր բարձրացել ենիչերիների օգնությամբ՝ 1512-ին, եւ քանի որ ընտանիքում անդրանիկը չէր, ստիպեց հորը՝ Բայազետին, իրեն թագաժառանգ ճանաչել: Գահից հրաժարվելու երրորդ օրը Բայազետը մահացավ՝ հավանաբար սպանվելով իր փառասեր որդու ձեռքով: Հետո նա սպանել տվեց իր եղբայրներին եւ եղբորորդիներին՝ խուսափելու համար գահակալական պայքարից: Հարեւան թագավորներից Սելիմին չշնորհավորեց միայն պարսից շահ Իսմայիլը, եւ Սելիմն իր թագավորությունում կոտորել տվեց 40 հազար շիաների: Իսմայիլն ստիպված եղավ պատերազմ հայտարարել, սակայն պարսկական նահանջող զորքերը պարտություն կրեցին Չալդրանի ճակատամարտում 1514-ի օգոստոսի 23-ին: Ճակատամարտում վիրավորված Իսմայիլը թողեց նաեւ մայրաքաղաք Թավրիզը եւ քաշվեց Պարսկաստանի խորքերը:


Երբ օսմանները հեռացան, նա կրկին հարձակման անցավ: Թուրքերն իրենց ենթարկեցին Հայաստանի մի մասը՝ Կարին - Վանա լիճ գծով, եւ այնուհետեւ գրավեցին Ասորիքը՝ Սիրիան, Միջագետքը, իսկ 1517-ին՝ Եգիպտոսը, որի վերջին սուլթան Թումային կախաղան բարձրացրին, եւ խալիֆայության իրավունքը Եգիպտոսից անցավ Օսմանյան կայսրությանը, մասնավորապես՝ Սելիմ Ահեղ սուլթանին: Սելիմը հռչակվեց Մարգարեի հաջորդ, իսկ Մեքքան, Մեդինան եւ ամբողջ Արաբիան ընդունեց թուրքական սուլթանի իշխանությունը: Վերադարձին Սելիմը մտավ Երուսաղեմ եւ ընդունեց տեղի քրիստոնյաների հպատակությունը: Պատրիարք Սարգիսը կարողացավ Սելիմին վավերացնել տալ հայերի սեփականությունները եւ հաստատել տվեց Էոմերի, Սալահեդդինի եւ Եգիպտոսի սուլթանների՝ հայերին տված հրովարտակները: Սելիմը դրանց հիման վրա նոր հրովարտակ տվեց: Պատրիարքը ոչ միայն կարողացավ պաշտպանել հայերի իրավունքները, այլեւ պահպանել լատինների ունեցվածքը:


Դատելով օրենքի ուժ ստացած աթոռակից ունենալու կարգից՝ պետք է կարծել, որ Զաքարիան եւս աթոռակից է ունեցել: Նա իրեն աթոռակից դարձրեց Սարգիս անունով մեկին: Վերջինս մինչեւ 1496 թ. գտնվել է Վրաստանում: Զաքարիան իր գործունեությամբ առանձնապես չփայլեց: Սիմեոն Երեւանցին Զաքարիայի գահակալությունը հասցնում է մինչեւ 1520 թ.:


Զաքարիայի իշխանության շրջանում հայերը եւս երկու նահատակ տվեցին: Մեկը Խաչատուր Կողբացին էր՝ ամուսնացած մի աշխարհական, որը հաստատվել էր Դիարբեքիր կամ Ամիդ քաղաքում: Երկու զինվոր հայտարարում են, թե Խաչատուրն իսլամացել է, որից Խաչատուրը, իհարկե, հրաժարվում է: Ստիպումները ոչինչ չեն տալիս, ուստի կրակով նրան տանջելուց հետո գլխատում են 1517 թ. ապրիլի 7-ին: Մյուսը Աստվածատուր Խթայեցին է, որը Բուխարայի կողմերից էր: Մխիթար Բաղեշցի վաճառականը երեխա ժամանակ նրան գնել էր իր առեւտրական ճանապարհորդությունների ժամանակ եւ իբրեւ իր զավակի՝ պահում էր Բաղեշում: Նա քրիստոնեություն էր ընդունել եւ մկրտվել: Նրա ծագումն ի հայտ եկավ, երբ նա 18 տարեկան էր: Ասվեց, որ նա թուրքի զավակ է եւ ներկայացվեց ամիրային: Սակայն ստիպումները ոչնչի չհանգեցրին: Նրան տանջեցին սովով ու ծարավով, գանակոծեցին, ձմեռը նրան սառած գետը նետեցին, սակայն չկարողացան մղել ուրացության: Հետո քարկոծելով նահատակեցին 1519 թ.: Աղթամարի Գրիգորիս կաթողիկոսը տաղ է նվիրել նրան, սակայն նահատակության օրը չի նշել: