ԱՐԻՍՏԱԿԵՍ Բ ԱԹՈՌԱԿԱԼ

ԱՐԻՍՏԱԿԵՍ Բ ԱԹՈՌԱԿԱԼ

(1465-1469)
 

Գրիգոր Ժ-ի մահը խնդիրներ չստեղծեց, քանի որ գոյություն ուներ երկու աթոռակից կաթողիկոս: Ուստի նրան փոխարինեց Արիստակես Բ Աթոռակալը: Ազգային ժողով չգումարվեց, սակայն այնքան խառնակ էին ժամանակները, որ ոչ ոք նման հարց չբարձրացրեց: Ավելին. այդ անցումը նվիրագործվեց եւ կանոնական դարձավ ապագայի համար: Արիստակեսի մասին մեզ տեղեկություններ չեն հասել:
Այս ընթացքում՝ 1467 թվին, Ջահան-շահը պարտություն կրեց ակ-կոյունլուներից, իսկ սպանված Ջահան-շահին փոխարինեց նրա որդի Հասան Ալին: Ակ-կոյունլուների արքա դարձավ Ջհանգիրի որդի Ուզուն Հասանը, այլ խոսքով՝ Երկայնահասակ Հասանը:


Աղթամարում կաթողիկոս դարձած Ստեփանոսը, որ հաջորդել էր Զաքարիային, ոչ միայն իր ձեռքում ուներ Լուսավորչի Աջը, այլեւ նախորդից ավելի ձեռներեց էր: Սա եւս փորձ արեց տիրանալ Ամենայն Հայոց կաթողիկոսությանը: Գրիգորի մահը հարմար դիտվեց այդ քայլին դիմելու համար: Նա 1467 թվին գնաց Էջմիածին եւ տիրեց կաթողիկոսությանը, ինչպես հաղորդում է Կիրակոս Ջոշկանց երեցը: Եվ քանի որ դա տեղի էր ունեցել Ջահան-շահի օրոք, պետք է կարծել, որ Ստեփանոսին հաջողվել էր շահել կարա-կոյունլուների տիրակալի պաշտպանությունը: Սակայն այս անգամ էլ բախտը չժպտաց աղթամարցիներին, քանի որ, ինչպես ասվեց, Ջահան-շահը պարտվել էր ակ-կոյունլուների առաջնորդ Ուզուն Հասանից, ով փորձում էր վրեժխնդիր լինել հոր՝ Ջհանգիրի համար: Ջահան-շահը սպանվեց, իսկ ակ-կոյունլուները խիստ ուժեղացան: 1468 թվին պատերազմում ակ-կոյունլուների ձեռքից զոհվեց նաեւ Ջահան-շահին հաջորդած Հասան Ալին, իսկ նրա ազգակիցները գերի ընկան: Ակ-կոյունլուները գրավեցին կարա-կոյունլուների պետությունը, որի գլուխ կանգնեց Ուզուն Հասանը, ում իշխանության տակ էին գտնվում ամբողջ Միջագետքը, Պարսկաստանը, Հայաստանը: Քրիստոնյաները նրա օրոք մի փոքր ազատ շունչ քաշեցին: Նոր պայմաններում կարճատեւ պաշտոնավարությունից հետո Ստեփանոսը, Զաքարիայի օրինակով, փախուստ տվեց Էջմիածնից: Շատ հավանական է, որ Լուսավորչի Աջը Ստեփանոսի կողմից կրկին բերվեց Էջմիածին եւ փախուստի ժամանակ վերադարձվեց Աղթամար: Այլ խոսքով՝ Ստեփանոսն Էջմիածնում չէր կարող դառնալ Ամենայն Հայոց կաթողիկոս՝ առանց այնտեղ բերելու Լուսավորչի Աջը: Իսկ Ջհանգիրի հաջորդ Ուզուն Հասանը հազիվ թե ներել էր Զաքարիա Աղթամարցուն, որ նվաստացուցիչ հարկատվության էր համոզել իր հորը՝ Ջահան-շահին: Ստեփանոսի փախուստն Էջմիածնից տեղի ունեցավ 1468 թվին:


Ստեփանոսի փախուստով Արիստակեսը վերահաստատվեց Էջմիածնի աթոռին: Նրա կարեւոր գործերից մեկը եղավ 1467 թվին լեհահայերի համար եպիսկոպոս ձեռնադրելը: Հայերը Լեհաստանում հաստատվել էին դեռ մինչեւ 1065 թվականի Անիի նվաճումն Ալփ-Ասլանի կողմից: Այդ ժամանակ Շիրակից ու Անիից մեծ գաղթականություն հեռացավ դեպի Հյուսիսային Կովկաս ու մերձսեւծովյան տափաստանները եւ նշանակալից մասով հաստատվեց Լեհաստանում՝ ձեռք բերելով լեհ թագավորների պաշտպանությունը: Հայերը հիմնականում կենտրոնացան Իլվով կամ Լվով քաղաքում, որը գերմանացիները Լեմբերգ էին կոչում: Լվովը 1259 թվից անցել էր մեծ քաղաքների շարքը: Հայերի՝ Լվովում հաստատվելու ճշգրիտ ժամանակը հայտնի չէ: Սկզբում նրանք հաստատվեցին քաղաքից դուրս՝ որպես իրենց հիմնած թաղամասում, եւ այնտեղ սեփական եկեղեցիներ կառուցեցին: Արդեն 1173 թվին նրանք արտոնություն էին ձեռք բերել՝ փայտաշեն եկեղեցի կառուցելու: Վերջինիս տեղում 1363 թվին հայերը քարաշեն եկեղեցի են կառուցում: Ճարտարապետներն էին կաֆացի Հակոբ Շահնշահյանը, ղազալցի Փանոս Ավրանյանը: Այդ նույն թվականին հիշատակվում է Լվովի առաջին եպիսկոպոս Հովհաննեսը, որ ձեռնադրվել էր 1365 թվին՝ Մեսրոպ Արտազեցու կողմից: Նաեւ տեղեկություն է պահպանվել Խաչատուր եպիսկոպոսի մասին՝ 1467 թվին: Նրան ձեռնադրել էր Արիստակեսը: Այդ նույն ժամանակ Լեհաստանում, որպես նվիրակներ, հիշվում են Անանիա արքեպիսկոպոսը եւ Թովմաս եպիսկոպոսը, սակայն հայտնի չէ, թե նրանք որ աթոռների կողմից են ուղարկվել: Նրանց գալու կապակցությամբ ժողով է հրավիրվում քաղաքին հանդիպակաց մենաստանում, որը, ամեն ինչից դատելով, Հաճկատար Աստվածածին վանքն է: Այստեղ քննարկվում են եպիսկոպոսարանի եւ եպիսկոպոսի իրավասությունների հարցերը: Պարզվում է, համաձայն ժողովի արձանագրության, քաղաքում եղել է տանուտերերի մարմին, որին Խաչատուր եպիսկոպոսը խոստանում է առանց տանուտերերի հարցեր չլուծել: Հայերին տրված նման իրավասություններն արդյունք էին Լեհաստանի թագավոր Կազիմիր Գ Մեծի՝ հայերի հանդեպ ունեցած բարյացակամության: Արտոնությունները լվովցիներին թագավորը տվել է 1356 թվին, իսկ դրանից առաջ՝ 1344 - ին, ազատ քաղաքի իրավունք էին ստացել Կամենից-Պորտավի հայերը: Վերջիններս կարող էին սեփական «վույթ» կամ իշխանապետ եւ 12 դատավոր ունենալ՝ քաղաքային եւ դատական գործերը վարելու համար: Հենց դա էլ հայերը կոչում էին տանուտերաց ժողով:


Արիստակեսը կաթողիկոս է հիշվում Ամիրդովլաթ Ամասիացու կողմից 1469 թվի դեկտեմբերի 26-ին: Այլ հիշատակներ, գոնե մեզ, հայտնի չեն, ուստի թերեւս այդ թվին էլ նա մահացել է: Նրա գործունեությունը մեծ մասամբ հայտնի չէ, ու եթե գովելու առանձին պատճառներ չկան, ապա նրան չի էլ կարելի մեղադրանքներ ներկայացնել: Այնուամենայնիվ, պետք է երախտապարտ լինենք. նա կարողացավ այդ խռովահույզ տարիներին Մայր Աթոռ Էջմիածնի իրավունքները պահպանել, Զաքարիա եւ Ստեփանոս Աղթամարցիներին դիմակայել: Նրան մեծապես նպաստեցին, իհարկե, Ուզուն Հասանի հաջողությունները՝ քաղաքական առումով, որոնցից, անտարակույս, նա կարողացավ արդյունավետ օգտվել: