06
Հունս

Ինչպե՞ս են մեկնաբանվում հոգեկան խանգարումներն Աստվածաշնչում և սրբերի մեկնություններում: Ինչի՞ հետևանք են և ինչպե՞ս կարող են դրանք բժշկվել: Կա՞ն արդյոք աղոթքներ հոգեկան խանգարումների բժշկության համար: 

«Հոգեկան հիվանդություններ» հասկացությունը ժամանակակից հասկացություն է։ Աստվածաշնչում կան որոշ դրվագներ Տիրոջ կողմից հիվանդների բժշկության մասին, որտեղ հիվանդության նկարագրությունը նման է հոգեկան հիվանդության։ Սակայն Աստծո խոսքի նկատմամբ ամենայն հարգանքով պետք է ընդունենք այդ հիվանդների մասին տրված աստվածաշնչյան բնորոշումներն առանց մեկնաբանության։ Նույնն էլ կասենք Սուրբ հայրերի վարքաբանական և խրատական գրականության մասին, որ նրանց բնորոշումները մեզ համար ընդունելի են։ Հարկ եմ համարում նշել, որ դիվահարությունը ոչ գիտական, սակայն իրական հիմքեր ունեցող վիճակ կամ հիվանդություն է, և չի կարելի այն շփոթել հոգեկան հիվանդության հետ։ Հոգեբուժությունը հոգեկան հիվանդությունների պատճառագիտության հարցում դեռևս վերջնական արդյունքի չի հասել։ Այս կամ այն հիվանդության ծագման մասին կան հիմնավոր եզրակացություններ, սակայն դրանք էլ վերջնական չեն։ Ոստի այսօր հոգեկան հիվանդության պատճառագիտությունը դեռ պարզ չէ։ Սակայն բուժման հարցում ծանրակշիռ ձեռքբերումներ կան։ Անհրաժեշտ է պարզապես դիմել հոգեբույժին՝ հոգեկան հիվանդությունից առողջանալու համար։ Եկեղեցում կա բժշկության կարգ, որը հոգևորականն է կատարում։ Հիվանդը կամ հիվանդի հարազատները բժիշկին դիմելուց առաջ կամ ընթացքում կարող են դիմել հոգևորականին, որ նա աղոթի իրենց համար։

 


Օրհնությամբ` Տ. Սմբատ քահանա Սարգսյան