Աստված փնտրում է Իր նմանությունը մեր մեջ․ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյան

Աստված փնտրում է Իր նմանությունը մեր մեջ․ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյան

Համբարձման տոն
 

Զատկից ուղիղ 40 օր անց Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը։ Օր, որը ևս մեկ հնարավորություն է ինքնանորոգման, մտածելու Տիրոջ կողմից մեզ տրված ճանապարհով անցնելու մասին ու քաջալերվելու, քանի որ Աստծո Որդին խոստացավ. «Ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը» (Մատթեոս 28.20)։


Հիսուս Քրիստոսի համբարձումը


Ինչպես վկայում է Սուրբ Գիրքը, Քրիստոս մարդկանց մեղքերի համար խաչվեց, հետո հաղթելով մահվանը՝ հարություն առավ, որից հետո 40 օր շրջեց երկրի վրա: Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու խորհրդակատար Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանի խոսքով՝ այդ ժամանակը առաքյալների համար կարծես պատրաստության շրջան լիներ:



 

«Տերը երևաց իր աշակերտներին, նրանց քարոզեց, սովորեցրեց, պատգամներ փոխանցեց, խոսեց նրանց հետ առաքելական կոչման, նրանց հետագա գործունեության, եկեղեցու կազմավորման, Երկնքի Արքայության մասին։ Երբ 40-րդ օրը բարձրացավ Ձիթենյաց լեռը, տվեց Իր վերջին պատգամը, ասաց. «Գնացե՛ք այսուհետև, աշակե՛րտ դարձրեք բոլոր հեթանոսներին, մկրտե՛ք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով։ Սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ պատվիրեցի ձեզ։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը»»,- ներկայացնում է Տեր Բաբկենը։


Հիսուս Քրիստոս համբարձվեց Բեթանիայի Ձիթենյաց լեռից (այժմ՝ Համբարձման լեռ)՝ յուրաքանչյուրին նվիրելով անմահության բերկրանքը։ Այդ ամենի ականատեսը  առաքյալներն էին, փաստում են ավետարանիչները․ «Եվ մինչ նա օրհնում էր նրանց, բաժանվեց նրանցից՝ դեպի երկինք վերանալով» (Ղուկաս 24:51):


Մարկոս ավետարանիչը նշում է․ «Եվ ինքը՝ Տեր Հիսուսը, աշակերտների հետ խոսելուց հետո երկինք համբարձվեց և նստեց Հոր աջ կողմում» (Մարկ. 16:19): 


Սուրբ Գրքում նաև գրված է՝ առաքյալներին երևացել են սպիտակազգեստ մարդիկ ու ասել․ «Գալիլեացինե՛ր, ինչո՞ւ եք կանգնել երկնքին նայում։ Այս Հիսուսը, որ ձեզանից երկինք բարձրացավ, նույն կերպ էլ պիտի գա, ինչպես որ տեսաք նրան երկինք գնալիս» (Գործք․1։11)։


Քրիստոս համբարձվելով ոչ թե հեռացավ, այլ ավելի մոտեցավ մարդկանց, քանի որ ըստ Եկեղեցու հայրերի՝ երկինքը հեռու չէ, երկնքից մի կտոր Տերը թողել է յուրաքանչյուրի անձի մեջ։


Տեր Բաբկենի խոսքով՝ Համբարձման տոնը մարդկության պատմության նշանակալի օրերից մեկն է և մեզ համար շատ կարևոր խորհուրդ ունի․ Տերը ցույց տվեց Երկնքի լուսավոր ճանապարհը։ Հոգևորականը հույս ունի՝ օրը առիթ կլինի ևս մեկ անգամ խորհելու նաև այն մասին, թե ինչ ուղղությամբ ենք շարժվում, ինչ է Աստված ակնկալում մեզնից։


«Աստված փնտրում է Իր նմանությունը մեր մեջ՝ մեր խաչը կրելը, դժվարությունները հաղթահարելը, պայծառությունը, իմաստնությունը, սերը: Աստծո մեծագույն ակնկալիքը սերն է, որ իր արարչության անդամները սիրեն մեկը մյուսին, լինեն միաբան»,- ընդգծում է հոգևորականը։  


Քահանան հիշեցնում է՝ հեշտ չէ քրիստոնյա լինելը, պետք է արժանի լինենք այս կոչմանը, պայքարենք, հաղթահարենք մեզ բաժին հասած փորձությունները։ 


«Քրիստոնեությունը ուժեղ մարդկանց կրոնն է։ Սիրել, ներել, միաբանվել, ո՞վ կարող է՝ քրիստոնյան։ Ահա այդ առաքելությունն է դրված մեր առջև: Մենք պետք է հաղթահարենք մեր շուրջը տարածված ատելությունը»,- նշում է քահանան։ 


Տեր Բաբկենը հիշեցնում է՝ օրը հայ ժողովրդի կյանքում կրկնակի է իմաստավորվել, քանի որ Հայ Առաքելական Եկեղեցում այս տոնին հիշատակվում է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսության  Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրումը։ 484 թվականից ի վեր Հայաստանի տարբեր վայրերում հանգրվանած Հայրապետական Աթոռը, 1441 թվականի այս տոնին Վաղարշապատում գումարված ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ, վերահաստատվեց Սուրբ Էջմիածնում։


Տոնը՝ ժողովրդական ավանդությամբ


Վիճակի, Ջանգյուլումի օր ու այլ անվանումներով է հայտնի տոնը հայկական տարբեր շրջաններում։ Այդ օրվա հետ կապված կան շատ սովորույթներ։ Ըստ ժողովրդական ավանդության՝ տոնին ջրով լի կուժերի մեջ գցում են ծաղիկների տերևներ և աղջիկներին պատկանող իրեր: Այնուհետև, մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում ծաղիկներն ու երգելով շրջում տնետուն։ Սկսվում է վիճակահանությունը։ Ըստ ավանդության՝ ում պատկանում է առաջին իրը, նրան սպասվում է մոտալուտ ամուսնություն: Կժից հանում են մյուս իրերը, որոնց պատկանող անձանց տրվում են խրատներ ու բարեմաղթանքներ։ Համբարձման տոնակատարության գլխավոր կերակրատեսակը կաթնապուրն է։ 


Օրվա հետ կապված քիչ չեն նաև առասպելները, օրինակ՝ կա ժողովրդական ավանդություն Վարվառե կույսի, նրա անեծքով քարացած հովիվների մասին կամ Համբարձման գիշերը երկնակամարի տարբեր կողմերից միացող աստղերի մասին, որոնց համբույրին ականատեսների իղձերը իրականություն պիտի դառնան։ Ժամանակին տոնի կարևոր ու անբաժան մասն էին կազմում նաև պարերգերը։ 


Երգ ու պարից, խաղից ու ավանդույթներից զատ, կարևոր է չմոռանալ օրվա հոգևոր խորհուրդը։ Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ։ 


Անի Ավագյան

 
  • 2024-05-09
×