ՅՈՎՀԱՆՆԷՍ ԱՌԱՔԵԱԼԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ԹՈՒՂԹԸ

1

ՈՒՂԵՐՁ ԵՒ ՈՂՋՈՅՆ

Երէցիցս՝ սիրելի Գայիոսին, որին ես սիրում եմ ճշմարտութեամբ: Սիրելի՛ս, աղօթում եմ քո բոլոր գործերի յաջողութեան եւ քո առողջութեան համար. այնպէս, ինչպէս որ քո հոգին էլ յաջողութեան մէջ է:

ԳԱՅԻՈՍԻ ՀԱՒԱՏԱՐՄՈՒԹԻՒՆԸ

Շատ ուրախացայ, երբ եղբայրները եկան եւ վկայեցին քո ճշմարտութեան մասին, այն, թէ ինչպէ՛ս ես դու ընթանում ճշմարտութեամբ: Չունեմ աւելի մեծ ուրախութիւն, քան այն, երբ լսում եմ, թէ իմ որդիները ճշմարտութեամբ են ընթանում: Սիրելի՛ս, հաւատարմութեամբ ես գործում. ինչ որ անում ես եղբայրների համար, նոյնը արա՛ նաեւ օտարների համար, որոնք վկայեցին քո սիրոյ մասին եկեղեցու առաջ: Նրանց Աստծուն հաճելի ճանապարհի վրայ դնելով՝ բարի գործ արած կը լինես, քանի որ նրանք Քրիստոսի՛ անուան համար ճանապարհ ելան եւ ոչ մի օգնութիւն չստացան հեթանոսներից: Ուրեմն՝ մենք պարտաւոր ենք ընդունել այդպիսիներին, որպէսզի գործակից լինենք ճշմարտութեանը:

ԴԻՈՏՐԵՓԷՍ ԵՒ ԴԵՄԵՏՐԻՈՍ

Եկեղեցուն գրել եմ. բայց Դիոտրեփէսը, որ իրեն միւսներից առաջ է գցում, չի ընդունում մեզ: 10 Դրա համար, եթէ գամ, պիտի յիշեցնեմ այն գործերը, որ նա արել է: Չար խօսքերով, շատախօսելով տանջում է մեզ: Եւ այսքանով չգոհանալով՝ ոչ միայն ինքը չի ընդունում եղբայրներին, այլեւ արգելք է հանդիսանում նրանց, ովքեր ընդունում են. եւ այդպիսիներին եկեղեցուց դուրս էլ է հանում: 11 Սիրելի՛ս, մի՛ նմանուիր չարին, այլ՝ բարուն. ով բարին է գործում, Աստծուց է. եւ ով չարիք է գործում, նա երբեք Աստծուն չի տեսել:

12 Դեմետրիոսի մասին վկայում են բոլորը, եկեղեցին եւ ինքը՝ ճշմարտութիւնը. վկայում ենք նաեւ մենք. եւ դու գիտես, որ մեր վկայութիւնը ճշմարիտ է:

ՎԵՐՋԱԲԱՆ

13 Շատ բան ունէի քեզ գրելու, բայց չեմ ուզում գրել թղթով եւ թանաքով, 14 քանի որ յոյս ունեմ շուտով տեսնել քեզ եւ դէմառդէմ խօսել: 15 Խաղաղութի՜ւն քեզ: Քեզ ողջունում են սիրելիները: Ողջունի՛ր մեր սիրելիներին, իւրաքանչիւրին՝ առանձին-առանձին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գլխավոր կայք